Մինչ Հայաստանի իշխանությունը շարունակում է անհոգ կյանքի պատրանք ստեղծել, մինչ Փաշինյանը փորձում է հանրությանը զբաղեցնել ամսավճարը չմուծելու պատճառով անջատված հեռախոսի ու կամ վարկերի քանակը ճշտելու հոգնեցնող շոուներով, Հայաստանի նկատմամբ օրեցօր ավելացող ու չդադարող սպառնալիքների մասին նոր ահազանգեր են ստացվում։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Լոնդոնը նախազգուշացնում է իր քաղաքացիներին՝ խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մերձակայքում տեղաշարժից։ Բրիտանիայի կառավարությունը հորդորում է՝ զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արեւելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճամփորդություններից՝ «երկու երկրների հարաբերություններում լարվածության պահպանման», «սահմանային լարվածության պատճառով»։ Ռիսկային է դիտարկվում նաեւ Նոյեմբերյան-Իջեւան M16/H26 միջպետական ճանապարհը։
Սրան զուգահեռ, Բաքուն պաշտպանության նախարարի մակարդակով քննարկում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ օկուպացված Ստեփանակերտում։ Նախօրեին հայկական Արցախի մայրաքաղաքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ցամաքային զորքերի օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, տվել «մարտունակությունն ու զգոնությունը բարձրացնելու հրահանգներ»։ Այս հայտարարությունը շատերին 2020 թ. նախապատերազմական ու ապա հետպատերազմական էսկալացիոն ժամանակահատված տեղափոխեց, երբ տարբեր երկրների դեսպանատները, այդ թվում՝ ԱՄՆ, Հայաստանի քարտեզի վրա կարմիրով նշված հատվածներով ցուցումներ էին տարածում իրենց քաղաքացիների համար, թե խորհուրդ չեն տալիս այցելել։ Նման հայտարարությունները, անշուշտ, հենց այնպես չեն տարածվում կամ թարմացվում։ Սա նշանակում է, որ այդ երկրները համապատասխան վերլուծություն են արել ու արձանագրել կամ վերահաստատել են ռիսկը։
Այս ամենը, ինչպես նաեւ ադրբեջանական ինքնաթիռների չդադարող թռիչքները դեպի Իսրայել՝ Թել Ավիվ եւ Օվդու, վկայում են, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը լարված է ու կարող է պայթել ցանկացած պահի։ Մի բան, որի մասին, ի դեպ, Ալիեւը տարեսկզբին բաց տեքստով ազդարարեց։
«Մենք արդեն ունեինք ինդիկատորներ, որ միջնաժամկետ հեռանկարում էսկալացիայի հավանականությունն աճում է։ Մենք տեսնում ենք Իսրայելից, եւ ոչ միայն Իսրայելից, Ադրբեջան ռազմական չվերթների քանակը, որն ավելացել էր դեռ 2024-ի վերջերից, մենք տեսնում էինք հարձակողական բնույթի զորավարժությունները, մենք տեսնում էինք Թուրքիա-Ադրբեջան ռազմական ներկայացուցիչների միջեւ հանդիպումների քանակի աճը։ Սրանք ինդիկատորներ են, որոնք թույլ են տալիս խոսել այն մասին, որ Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունն աճում է։ Հիմա մենք ունենք նաեւ ինդիկատոր, ըստ որի, էսկալացիայի հավանականությունն աճում է նաեւ կարճաժամկետ հեռանկարում, օրինակ, Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածած հայտարարությունը, Հասանովի խորհրդակցությունը եւ Ալիեւի ուլտիմատիվ հայտարարությունները։ Կան նաեւ այլ ինդիկատորներ՝ օրինակ, զորահավաքներ, զորքերի տեղաշարժ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում իրավիճակը վերլուծում է ԱՊՐԻ Արմենիայի գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
Եթե այս ամենը մեկ փաթեթով դիտարկենք, ինչպես մեր զրուցակիցն է ասում, կարող է խոսք գնալ անգամ ամիսների մասին։ Հնարավոր էսկալացիայով Ադրբեջանը մի քանի քաղաքական նպատակ է հետապնդում՝ ուժի սպառնալիքով Հայաստանին նոր միակողմանի զիջումներ պարտադրել, բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։
Հայաստանի իշխանությունն արդեն երկու նոր զիջման գնացել է՝ հայտարարել է, որ պատրաստ է լուծարել ԵԱՀԿ ՄԽ-ն, եւ խոսել է 2026թ․ ընտրություններից առաջ նոր սահմանադրություն ունենալու մասին։ «Կարող են լինել 3 տարբեր ուղղություններ՝ սկսած Մեղրիից, վերջացրած Ջերմուկի ուղղությամբ, եւ դրա համար պետք է ավելի լայն հնարավորությունների մակարդակ, օրինակ, էսկալացիան Իրանի շուրջ, ավելի բարձր՝ գլոբալ մակարդակում անորոշ վիճակ, խոսքը ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների մասին է, եւ երրորդ քաղաքական նպատակը՝ ընդհանրապես կապիտուլացնել Հայաստանը՝ ստեղծելով, այսպես կոչված, «Արեւմտյան Ադրբեջան»։ Դրա համար կարող է այլ ուղղություն էլ լինել, օրինակ, հարձակումը Սեւանի ուղղությամբ, ինչը հոգեբանական շատ կարեւոր կետերից մեկն է հասարակության համար, կամ՝ Երասխի ուղղությամբ։ Այստեղ կարող են հիմնավորել, թե Հայաստանը, այսպես կոչված, անկլավները, իսկ այս դեպքում Տիգրանաշենը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, իսկ բոլորս հասկանում ենք, որ Երասխը շատ մոտ է Երեւանին»,- բացատրում է քաղաքագետը՝ հավելելով, որ այս սցենարի դեպքում ՀՀ իշխանությունը կընդունի Ադրբեջանի բոլոր պահանջները, կհամաձայնի ընդունել Ադրբեջանի քաղաքացիներին եւ ստեղծել, այսպես կոչված, ադրբեջանական համայնք։
Ու չնայած բոլոր ազդակներին, Հայաստանի իշխանությունները համառորեն չեն ուզում տեսնել վերահաս վտանգը։ Դրա վկայությունն օրերս պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի՝ քմծիծաղ առաջացնող հայտարարությունն էր հետեւյալի մասին․ «Ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որպեսզի տարածաշրջանն էսկալացվի, որովհետեւ յուրաքանչյուր խնդրի մասով Հայաստանն ունի առաջարկներ եւ լուծումներ»։
Հայաստանի ունեցած «լուծումները»՝ չարչրկված «խաղաղության խաչմերուկի» մասին, տարբեր միջոցառումների ժամանակ բաժանվող ու միջոցառումից հետո աղբարկղ նետվող բուկլետներից այն կողմ չեն անցնում։ Այդ լուծումները, ինչպես կյանքն է ցույց տալիս, հատկապես Ալիեւին պետք չեն, որն իր առաջիկա անելիքը ձեւակերպեց հունվարի 7-ին՝ Հայաստանին ուղղված պահանջների նոր տարափով։
ՀԳ․ Ի դեպ, Փաշինյանն այսօր Դավոս է մեկնում, որտեղ արդեն գտնվում է Ալիեւը։ Սակայն Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն չկա, բայց, ինչպես պրակտիկան է ցույց տալիս, դա ամենեւին բացառված չէ։ Փաշինյան-Ալիեւ հնարավոր շփումը Դավոսում կարող է կրել ԲՐԻՔՍ-ի շրջանակում տեղի ունեցած կազանյան հանդիպման ձեւաչափը, որից հետո նախ Հայաստանը, ապա Ադրբեջանը կվավերացնի, այսպես կոչված, սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Թե Փաշինյանն Ալիեւի պահանջներից որը «կբավարարի» Դավոսում եւ առաջիկայում ինչ նոր զիջումների կգնա, ցույց կտա ժամանակը։