Հարցազրույց

Արզաքանցյանի կուսակցության դռները «ջարդելով»` անդամագրվում են

Արզաքանցյանի կուսակցության դռները «ջարդելով»` անդամագրվում են

Երեկ՝ մարտի 20-ին, «Ուժը հայրենյաց» նորաբաց կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը Գյումրի էր մեկնել, հանդիպել էր գյումրեցիների հետ։ Ապա հայտարարություն էր տարածել և գրել, որ պատրաստ է բոլոր այն անձանց ու կուսակցությունների հետ համագործակցել, միասին ճանապարհ գնալ, ովքեր մտածում են երկրի ու լավ ապագայի մասին։

Տիգրան Արզաքանցյանից հետաքրքրվեցինք` ինչո՞ւ է հենց Գյումրիից սկսել իր «ճանապարհը»։
 
-Հրավերով էի գտնվում Գյումրիում` իմ համակիրները, ժողովուրդը ցանկություն ուներ տեղեկանալու` ինչի համար ենք ստեղծել կուսակցությունը։ Մոտավորապես 100 հոգի մարդ կար, ծրագրին ծանոթացել էին, իրենց դուրը եկել էր, իմ անձի հետ մոտիկից ուզում էին ծանոթանային, որ մտնեին մեր կուսակցություն։

-Ի՞նչ խնդիրներ էին բարձրացնում։

-Իրենք ուզում էին, որ ամենակարևորը` աշխատատեղ լինի, իրենց անվտանգությունը երաշխավորված լինի, իրենց վրա շատ ազդում ա այսօրվա թուրքերի հետ հարաբերությունները, որ հիմնական հարցերը լուծված չեն, կարգավիճակ չկա` Ղարաբաղը մտնելո՞ւ է Ադրբեջանի կազմի մեջ, թե՞ ոչ: Մարդիկ տանջվում են, հայրենասեր մարդիկ են։

-Աշխատատեղերի մասով Դուք ի՞նչ լուծումներ եք առաջարկում, կարո՞ղ եք աշխատատեղեր ստեղծել։

-Ինչով կարող եմ` կփորձեմ օգնել։ Իրենց մոտ լավ երիտասարդներ կան, բարձրագույն կրթություն ունեցող, հիմա իմ բարեկամի տղան էստեղ՝ Երևանում, հիմնել է IT տեխնոլոգիաների դպրոց, որ փոքր հասակից կարողանան հաճախել, ես էլ աջակցում եմ, փորձելու ենք նույնը Գյումրիում ստեղծել և ոչ միայն Գյումրիում, հանրապետության տարբեր տարածքներում էլ։

-Գյումրիում զարգացած տեքստիլ արդյունաբերություն կար ժամանակին, կարո՞ղ է դրանով զբաղվեք։

- Ես չեմ կարող տեքստիլի տակ մտնել հիմա, որովհետև ես գործընկեր ունեմ Գավառում, որի աշխատանքները դադարեցված ա, անմխիթար վիճակ է Գավառում,  եթե ստացվի` տեքստիլի կա՛մ տրիկոտաժի, կա՛մ կարի արտադրություն, սկզբից Գավառում կդնեմ, Գավառում աշխատատեղեր չկա, գոյություն չունի, միայն աշխատում են պետական կառույցները։

-Գյումրիում հանդիպումից հետո Ձեր թիմին միացողներ եղե՞լ են։

- Երեկ մինչև Վանաձորից վերադարձա, կայքով 70 հոգուց ավել արդեն գրանցվել էին։

 -Ի՞նչ տարիքային խմբի մարդիկ են գրանցվել։

- 24-60 տարեկան։

-Առաջիկայում ու՞ր եք գնալու։ 

-Բոլոր մարզերն էլ պիտի գնամ մինչև համագումարը` ինչքան հասցրի, բոլոր տեղերից հրավերներ ունեմ։

-Ձեր կնոջ խանութն արդեն բացվել է, ինչպե՞ս են ընթանում աշխատանքները։                

 -Ինձ մի՛ խառնեք, տիկինը տիկին ա, Արզաքանցյան Տիգրանը՝ Արզաքանցյան Տիգրան, ինքը կնոջ ոլորտում գործ ա անում, հայ տղամարդուն լայա՞ղ ա մտնի դրա մեջ՝ ո՛չ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image