Քաղաքականություն

Ես որ կենդանի եմ մնացել, սենսացիա է, հետիս չորս տղեքը մահացան

Ես որ կենդանի եմ մնացել, սենսացիա է, հետիս չորս տղեքը մահացան

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունները սարերի ետևում չեն, այն տեղի կունենա 2025 մարտի 30-ին: Իսկ մինչ այդ՝ մարտի 5-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 18:00-ն, կուսակցությունների կամ դաշինքների գրանցման գործընթացն է սկսվելու:

6 թեկնածու արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են Գյումրու քաղաքապետի ընտրություններին իրենց մասնակցության մասին ։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանն է մասնակցելու։ Մեր տեղեկություններով «Հայրենիք» կուսակցությամբ է առաջադրվելու :

Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանն Է «Իմ հզոր համայնք» կուսակցությունով որոշել առաջադրվել ։ 

Գյումրու համայնքապետի պաշտոնում ընտրություններին մասնակցելու է Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ-ական Սարիկ Մինասյանը:

«Դեմոկրատական այլընտրանք»-ի քաղաքապետի թեկնածուն ԲՀԿ ավագանու նախկին անդամ Արտյոմ Ղարաղազարյանն է:

Իր առաջադրման մասին է հայտարարել  նաև Գյումրիի զարգացման ծրագրով ներկայացող, հայտնի գործարար Կարեն Սիմոնյանը, որը, մեր տեղկություններով, «Մայր Հայաստան» խմբակցության թեկնածուն է:

Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ Կոմունիստական կուսակցությամբ է առաջադրվելու:
Ուշագրավ է, որ թեկնածուներն արդեն իսկ համացանցային քարոզարշավ են իրականացնում: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը թաղ առ թաղ պտույտ է անում, հանդիպում բնակիչներին, հանդիպումներից լուսանկարներ են տեղադրվում համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում եւ տեղեկացնում են, թե որքան արդյունավետ հանդիպումներ էին դրանք:

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն էլ շարունակ տեսանյութեր է տեղադրում՝ այդկերպ պատասխանելով շատերի հարցերին, բացահայտումներ է անում՝ բավարարելով ոմանց հետաքրքրությունը:

Գործարար Կարեն Սիմոնյանն էլ 10-րդ օրն է՝ ստորագրահավաք է անցկացնում քաղաքացիների շրջանում՝  «Ազատ տնտեսական գոտի» ստեղծելու նպատակով, խոստանում 500 մլն դոլարի ներդրում և 15,000 նոր աշխատատեղի ստեղծում։ Գյումրեցիների հետ հանդիպումներն ու ստորագրահավաքի գործընթացը նա ևս տեսանյութի տեսքով տեղադրում է իր ֆեյսբուքյան էջում:

Երեկ նոր նախաձեռնությամբ է հանդես եկել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ «Զբոսանք Վարդան Ղուկասյանի հետ» խորագրով տեսանյութերի շարք է պատրաստել։ Առաջին տեսանյութում, որ երեկ էր հրապարակել, Ղուկասյանը հեգնում էր ոմանց, գովերգում եւ հիշեցնում էր իր արածները:

Վերջերս Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ վերանորոգված լուսաձայնային շատրվաններին հասնելով՝ ասում է․«Էս  շատրվանները վերակառուցել էի, 17 ձևի աշխատում էին, փոխվում էր ցվետոմուզիակայով։ Ինձանից հետո եկան 40, թե 45 միլիոն դրամ են տվել, ինչի՞ն են տվել, ես չգիտեմ։ Հլը սրա գույնին նայեք, հլը սրա վիճակը նայեք, կապույտ գույնի, թուրքական, թուրքի ձևերով էլ ներկել են, թե 45 միլիոն ինչի՞ համար են ծախսել օդի մեջ, ես էլ չգիդեմ․․․․, լեննականցիք կսեն՝ հլը գլուխդ վեր հանե, աշենք քթի ծակ ունե՞ս, ըսոնք էդ քթի ծակ էլ չունեն․․․․»: Հետո անդրադառնալով իր կողմից տեղադրված Վարդանանց արձանախմբին՝ ասում է․ «Ավարայրի մեր Վարդանանց արձանախումբն է։ Արշավիր Կամսարանական՝ Շիրակի տեր ու տիրականը, Կամսարականները եղել են Շիրակի իշխանները, որոնք մասնակցել են Ավարայրի ճակատամարտին և ամբողջ հայոց պատմության մեջ երևում է, որ Շիրակի տերերն են եղել։ Ցավում եմ, որ դպրոցներում չեն սովորեցնում…, սովորեցրեք ձեր իշխանները, թագավորներն ովքեր են եղել։ Գիտեք ինչ՝ քաղաքապետը մի քիչ էլ  տղամարդ պիտի էղնի, ոչ թե վերևինի պես էսօրվա, ձեր վարչապետը, որ ասում է՝ բռնել կտամ, գետին կփռեմ, ոստիկաններ, բերետավորներ, հասեք, բռնեք։ Չտեսա սրանց բերանից, տղամարդավարի կանչել եմ մեկին, ասել եմ՝ եթե չարեցիր, պատասխան կտաս ինձ։ Հայոց այրուձին տղամարդ պիտի ղեկավարի, երբ առյուծներին ղեկավարում է ոչխարը, փախեք էդ երկրից, իսկ երբ ոչխարներին առյուծը, այ այդպիսի ղեկավար պետք է ունենաք, ոչ թե․․ ,ո՞վ են սրանք, չենք էլ ճանաչում, Քաջնազարները՝ Ուստիանն ու Քաջ Նազարը, էլ բան չունեմ ասելու»։ 

Զբոսանքի ընթացքում Ղուկասյանը հիշում է իր դեմ կատարված մահափորձի մասին․

«Ես որ կենդանի եմ մնացել, սենսացիա է, 7 հատ ավտոմատի փամփուշտը մտնի մարմնի մեջ, 5 հատը հիմա մարմնիս մեջ է, 200 հատ էլ ասկոլկա, պատերազմում ոչ մեկն այդ վիճակում կենդանի չի մնացել։ Հետիս չորս տղեքը մահացան, թուրք հայերը թափան վրեքս ու խփեցին մեզ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image