Եվրամիությունը, ինչպես հայտնի է, Ռուսաստանին եւ Չինաստանին ճանաչել է աշխարհակարգի սպառնալիք եւ ըստ այդմ էլ ձեւակերպել է իր տնտեսական անվտանգության ռազմավարությունը, որի վրա էլ հիմնված է միության նոր տնտեսական քաղաքականությունը։ Սա՝ այն դեպքում, երբ ընդամենը ոչ ավելի, քան 2-2,5 տարի առաջ ԵՄ-ն չափազանց մոտ էր Չինաստանի հետ Համապարփակ ներդրումային համաձայնագիր կնքելուն։ Սակայն նմանատիպ սահմանումներով առաջնորդվելով, արդյո՞ք Եվրամիությունն ի վիճակի կլինի պահպանել իր դիրքերը նոր աշխարհակարգում եւ լինել կամ մնալ մրցունակ։
Բանն այն է, որ 2001 թվականի համեմատ Եվրամիությունը բավականին հետընթաց է ապրել։ Օրինակ, եթե դարասկզբին՝ 2001 թվականին, ԵՄ մասնաբաժինը Համաշխարհային տնտեսությունում կազմում էր 20 տոկոս, ապա 23 թվականին այդ մասնաբաժինը նվազել է՝ հասնելով 14,5 տոկոսի։ Նույն ժամանակահատվածի համար Չինաստանի տնտեսությունը 7 տոկոսից աճել է՝ հասնելով մինչեւ 19 տոկոսի։ Միաժամանակ՝ եթե ԵՄ-ն իր համախառն ՀՆԱ-ի միայն 2,2 տոկոսն է ծախսում հետազոտությունների եւ մշակումների վրա, ապա Միացյալ Նահանգները ծախսում է իր ՀՆԱ-ի 3,45 տոկոսը, իսկ Չինաստանը՝ 2,4 տոկոսը՝ առաջատար տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտում հետազոտությունների եւ մշակումների իրականացման համար։
Առհասարակ, եթե չոր վիճակագրությանն անդրադառնանք, Չինաստանը գիտատեխնիկական եւ փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքների վրա 2000-2022 թվականներին իր ծախսերն ավելացրել է 11 անգամ՝ հասցնելով 439 միլիարդ դոլարի։ Այս իրավիճակում, ինչպես եզրակացնում են բազմաթիվ հեղինակավոր փորձագետներ, իր մրցունակությունը եւ դիրքերը նոր աշխարհակարգում պահպանելու համար ԵՄ-ն պետք է շատ բան վերանայի եւ չկրկնի այն սխալները, որոնցով առաջնորդվում է Միացյալ Նահանգները՝ չինատյացությունն ու ռուսատյացությունը նկատի ունենալով։