Քաղաքականություն

Ովքեր են ընդգրկվել ՔՊ-ի 100 հոգանոց ցուցակում

Ովքեր են ընդգրկվել ՔՊ-ի 100 հոգանոց ցուցակում

Այսօր Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններում քաղաքական ուժերի առաջադրման վերջնաժամկետն է, որին հաջորդելու է փաստաթղթերի ստուգման եւ հաստատման փուլը՝ շուրջ 10 օր։ Երեկ 3 քաղաքական ուժ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրեց ընտրության մասնակցելու փաստաթղթերը`ընտրական ցուցակներում ընդգրկվածների անունները։ Առաջինը հանձնաժողովին փաստաթղթեր էր ներկայացրել «Կոմունիստական կուսակցությունը», որի ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ևս պարտաճանաչություն էր դրսևորել, կուսակցության ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը և փաստաթղթերն է ներկայացրել նաև «Գյումրեցու որոշում» կուսակցությունը` ի դեմս Արտյոմ Թումանյանի, որը նախկինում Նիկոլ Փաշինյանի մոլի համակիրն էր ։ Այսօր կեսօրին «Ապրելու երկիր» կուսակցությունն է փաստաթղթերը ներկայացրել, թիմի առաջնորդ Կարեն Մալխասյանը նշել է․ «Ցուցակում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, ովքեր տիրապետում են մեր քաղաքի խնդիրներին, ունեն դրանց լուծումները» ։

Hraparak.am-ի հարցին, թե քանիսն են ցուցակում ընդգրված, Մալխասյանն ասաց, որ 30 հոգի են։

Ի տարբերություն «Ապրելու երկիր» եւ մյուս կուսակցությունների՝ մեր տեղեկություններով , բավականին խայտաբղետ եւ ընդգրկուն ցուցակ է ներկայացնելու «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ՔՊ-ի ցուցակը մոտ 100 հոգուց է բաղկացած ։ Սարիկ Մինասյանին հաջորդում են Գյումրիում հայտնի բոլոր ՔՊ-ականները՝ ներկա ու նախկին պաշտոնյաները՝ Նազելի Բաղդասարյան, Քնարիկ Հարությունյան, Էմմա Բարսեղյան, Վահագն Մկրտչյան, Արթուր Պապիկյան , Մարիամ Հարությունյան, Հովհաննես Հարությունյան, Դավիթ Առուշանյան եւ այլոք ։ Ուշագրավ է, որ ցանկում ընդգրկված են դպրոցների, բուժհաստատությունների եւ այլ պետական կառույցների մի շարք տնօրեններ։

Այսօր թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքը բավականին ծանր է, քանի որ, անձնակազմի խոսքերով՝ քաղաքական ուժերի մեծ մասը առաաջադրումները վերջին օրվան՝ այսօրվան է թողել ։ Հիշեցնենք, որ մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ՏԻՄ արտահերթ ընտրություններ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image