Կիրանցում այս սեպտեմբերին 5 աշակերտ է գնալու առաջին դասարան։ Նրանք կհամալրեն Կիրանցի 41 դպրոցականների շարքը։ Տեղեկությունը «Հրապարակ»-ին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից՝ ի պատասխան մեր գրավոր հարցմանը։ Նախարարությունը նշում է, որ Կիրանցի դպրոցի շինաշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերին, սակայն լռում է այն մասին, թե ինչպես է ապահովելու դպրոցականների անվտանգ կրթությունը։
Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարությունը չի պատասխանել Կիրանցի դպրոցականների կրթության իրավունքի պատշաճ ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ մեր հարցին։ Ժաննա Անդրեասյանին հարցրել էինք՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունն այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով այն ռիսկերը, որոնք առաջացել են Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի արդյունքում, եւ ի՞նչ երաշխիքների հիման վրա է ապահովվելու Կիրանցի դպրոցահասակ երեխաների կրթական անվտանգությունը՝ ներառյալ արտաքին սպառնալիքներից։
Այս հարցն անպատասխան է մնացել։ Նախարարությունն ուղարկել է մի ստանդարտ, ոչինչ չասող տեքստ, որտեղ միակ նորությունը Կիրանցի առաջին դասարանցիների թիվն է։ ««Տավուշի մարզի Կիրանցի՝ Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը կառուցվում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության մինչեւ 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոց» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերին: Կիրանցի՝ Գագիկ Վարդանյանի անվան հիմնական դպրոցում սովորում է 41 աշակերտ. 2024 թվականի սեպտեմբերից եւս 5 երեխա կհաճախի առաջին դասարան»,- ասված է պատասխանում:
Հիշեցնենք․ ավելի վաղ գրել էինք, որ Կիրանցում անորոշություն է տիրում, նոր կառուցվող դպրոցի շինաշխատանքները դեռ ընթացքի մեջ են, սակայն դպրոցը սահմանազատման արդյունքում հայտնվել է ճիշտ հայ-ադրբեջանական սահմանագծին` սահմանից 50 մետր հեռավորության վրա, եւ գյուղում չգիտեն՝ երեխաները որտեղ են դպրոց հաճախելու, եւ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը՝ 50 մետր հեռավորության վրա գտնվող զինված թշնամուց։ Եվ եթե հավատանք այս իշխանությունների փաստարկներին, թե հանձնել են բացառապես Ադրբեջանին պատկանող հողերը, ապա ինչո՞ւ էին 2022-23 թվականներին Կիրանցում նոր դպրոցի շինարարությունը նախատեսել հենց սահմանի եզրին` թշնամուց 50 մետր հեռավորության վրա: Եվ վերջապես` ցանկացած պետություն ոչ բարեկամ երկրի հետ սահման ունենալու պարագայում անպայման չեզոք` անվտանգության գոտի է նախատեսում, որը յուրաքանչյուր կողմից մի քանի հարյուր մետր է կազմում: Այս պարագայում սահմանային սյուներն ու փշալարերը նախատեսելիս, փաստորեն, չեն մտածել այդ՝ անվտանգության չեզոք գոտու մասին եւ չեն փորձել այնպես անել, որ ադրբեջանական զինծառայողները գոնե մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լինեն խաղաղ բնակիչներից: