Մենք գրավոր հարցեր էինք ուղարկել` մոտ մեկ ամիս տարբեր գերատեսչություններով պտտվելուց հետո, երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջապես պատասխանել է մեր հարցերին։ Հիշեցնենք, որ մոտ 1 ամիս առաջ էինք հարցումն ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ հարցնելով, թե ինչ փուլում են «Կյանքի պուրակի» շինարարական աշխատանքները։
Վարչապետի աշխատակազմից հարցումը հասցեագրել էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, Անդրեասյանն էլ իր հերթին հասցեագրել էր Երեւանի քաղաքապետարանին։ Տիգրան Ավինյանը պատասխանել է Ժաննա Անդրեասյանին, վերջինն էլ ուղարկել է մեզ։
Ըստ Ավինյանի պատասխանի՝ այդ պուրակի շինարարական աշխատանքների առաջին փուլն արդեն տեղի է ունեցել, իսկ երկրորդ փուլը պետք է ավարտվի մոտ 2.5 տարի անց։
««Հրապարակ» օրաթերթի լրագրողի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին ներկայացված հարցման՝ տեղեկացնում եմ, որ Երեւան քաղաքի Բուսաբանական այգու տարածքում անտառապուրակի կառուցապատման աշխատանքների համաձայնագիրը կնքվել է 08.11.2023 թվականին: Պայմանագրով սահմանված աշխատանքների կատարման 1-ին փուլն ավարտվել է, իսկ 2-րդ փուլի համար աշխատանքների կատարման ավարտը նախատեսված է ֆինանսավորումից 853 օր հետո:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Երեւան քաղաքի Բուսաբանական այգում կառուցվող «Կյանքի պուրակի» համար նախատեսված արեւելյան սոսիները ձեռք են բերվել ՀՀ կառավարության կողմից եւ պահպանության են տրվել ՀՀ ԳԱԱ Ա․ Լ․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտում»,- ասված է Ավինյանի՝ Ժաննա Անդրեասյանին ուղղված նամակում։