Հասարակություն

Եթե մինչև ուրբաթ Արարատցեմենտը չվերագործարկվի, երկրում շինարարությունը կկանգնի

Եթե մինչև ուրբաթ Արարատցեմենտը չվերագործարկվի, երկրում շինարարությունը կկանգնի

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունների շրջանակներում հուլիսի 6-ին խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ»-ի ավելի քան 70 հասցեներում, այդ թվում՝ «Արարատ ցեմենտ» գործարանում։ Խուզարկության ընթացքում աշխատակիցներին հեռացրել են տարածքից եւ անգամ չեն թույլատրել պատշաճ կարգով անջատել արտադրական սարքավորումները, նրանց ստիպել են լքել գործարանը, որից հետո այն կապարակնքվել է եւ դրա հետեւանքով՝ վթարներ են տեղի ունեցել։

Խնդիրը, սակայն, վաղուց միայն Գագիկ Ծառուկյանին չի վերաբերում։ Մեզ հետ կապ հաստատած կառուցապատողները նշում են, որ Հայաստանի շինարարական ոլորտի զգալի մասը կախված է «Արարատ ցեմենտ»-ի արտադրանքից։ Նրանց խոսքով՝ շինարարական ընկերությունները ցեմենտի մեծ պաշարներ չեն պահեստավորում և աշխատում են ընթացիկ մատակարարումների հաշվին։
Սա նշանակում է, որ եթե մինչև ուրբաթ օրը գործարանը չվերագործարկվի, հանրապետության տարբեր հատվածներում իրականացվող բազմաթիվ շինարարություններ պարզապես կկանգնեն։ Դա կհանգեցնի պայմանագրերի խախտման, միլիոնավոր դրամների լրացուցիչ ծախսերի, ժամկետների ձգձգման և, ի վերջո, անշարժ գույքի նոր թանկացման, քանի որ կառուցապատողները ստիպված կլինեն իրենց կրած վնասները ներառել բնակարանների ինքնարժեքի մեջ։

Ստացվում է պարադոքսալ իրավիճակ. իշխանությունը, որն ամեն առիթով շինարարության ծավալները ներկայացնում է որպես իր տնտեսական հաջողության գլխավոր ցուցանիշ, սեփական որոշումներով հարվածի տակ է դնում հենց այդ ոլորտը։
Եթե նույնիսկ նպատակն էր ճնշում գործադրել Ծառուկյանի վրա, ապա իրական հարվածը կարող է հասնել հազարավոր շինարարների, գործարանի աշխատակիցների, կառուցապատողների և վերջնական հաշվով՝ բնակարան գնող քաղաքացիներին։ Երբ քաղաքական հաշվեհարդարը սկսում է խաթարել ամբողջ տնտեսության աշխատանքը, դրա հետևանքներն արդեն կրում է ոչ թե մեկ մարդ, այլ ամբողջ երկիրը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image