Վերլուծություն

Հունիսի 7-ի ընտրությունները ո՛չ օրինավոր էին և ո՛չ էլ արդար

Հունիսի 7-ի ընտրությունները ո՛չ օրինավոր էին և ո՛չ էլ արդար

Կյանքում փորձել եմ հնարավորինս քիչ սուտ խոսել՝ գիտակցելով, որ բացարձակ սուտ չխոսելն անհնար է: Սուտ չեմ խոսել ոչ միայն դրսում, այլև իմ ընտանիքիում: Որովհետև գիտեմ, որ եթե տան հայրը սուտ է խոսում, ապա դա ավտոմատ փոխանցվում է կնոջն ու զավակներին: Ու այդ պատճառով մեր տան խնդիրները լուծվել են ներսում՝ առանց ծայրահեղության հասցվելու: Այսինքն, չենք բաժանվել ու չենք կրկին միավորվել: Ու մեր միջև առկա է եղել վստահություն, ու այն շարունակվում է մնալ անփոփոխ: Ենթադրում եմ, որ այդպիսին պետք է լինի օրինական հայկական ընտանիքը: Ավելի ճիշտ, ընդհանրապես ընտանիքը՝ եթե վերացարկվենք մեր ազգությունից: Եվ եթե օջախի պատկերն ընդհանրացնենք, ապա այդպիսին պետք է լինի ողջ հասարակությունը: Կար մեկը, չէ՞, որ ժամանակին ասում էր, թե Հայաստանն իր օջախն է, ժողովուրդն իր ընտանիքն է:

Բայց, ինչպես ավելի ուշ պարզվեց, իմ և նրա պատկերացումները ամբողջովին տարբեր են: Նա կարող էր ամուսնանալ՝ առանց ամուսնության պաշտոնական կամ հոգևոր ամրագրման: Նրա կինը կարող էր իրենից բաժանվել՝ ենթադրելով, որ կարող է նաև ձերբակալվել չգիտես ինչ բանի համար: Բայց կարող էր նաև կրկին միավորվել ու որպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի քաղաքացիական ամուսին մասնակցել առաջին տիկնանց ինչ-որ ժողովի: Չնայած, եթե Հայաստանը լիներ ոչ թե կեղծ ժողովրդավարության բաստիոն, այլ ընդամենը օրինավոր երկիր, ապա ԱՄՆ-ում կայանալիք ժողովին մասնակցելու իրավունք պետք է ունենար ոչ թե ինքը, այլ այն պաշտոնյանյի կինը, ով ՀՀ Սահմանադրության համաձայն հանդիսանում է պետության գլուխը:

Բայց քանի որ Հայաստանը ոչ միայն օրինավոր երկիր չէ, այլ անօրեն միապետություն է՝ ֆորմալ հանրապետական ինստիտուտներով, սուտ խոսելն էլ պետք է դառնար կյանքի կանոն: Ու թափանցեր ընտանիքներ՝ մխտռելով կայացած ինստիտուտներից մեկը, ինչպիսին հայկական ընտանիքն է: Ու հասարակությանն էլ պարտադրվեր այն մթնոլորտը, որը վաղ թե ուշ, այլ գործոնների համակցությամբ, մեզ վերածելու է հիշողությունից զուրկ մանկուրտների: Կամ էլ Հրանտ Մաթևոսյանի ասած այն կովին, որի հորթին նախորդ օրն են մորթել, իսկ ինքը հանգիստ որոճում է: Եթե, իհարկե, մենք չկարողանանք վարչապետի պաշտոնն ազատել այն զբաղեցնող անձից: Ու մեր հայրենիքն ինքներս չբերենք շողուլի:

Այս ամենը չէր գրվի, եթե հերթական անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը չփորձեր մարդկանց հիմարի տեղ դնել՝ խոսելով երեք ընտրատեղամասերի քվեարկությունը չեղարկելու մասին: Նախ, չեղարկելու հիմք է ծառայել մեկում 8 համարի քվեաթերթիկների բացակայությունը մինչև ժամը 18-ը: Նման երևույթ առկա չի եղել նույնիսկ մերժված նախկինների օրոք: Համենայն դեպս, տասական թվականներից այս կողմ: Երկրորդ, ժամը 20-ից հետո զինվորական մեծ խմբի այցն ընտրատեղամաս, և նրանց խառը խմբով ու այլոց միջամտությամբ քվեարկել թույլատրելը: Իսկ թե ինչու է նման ժամին այց կատարվել, դա էլ վստահաբար կպարզվի մոտ ապագայում իշխանափոխությունից հետո: Ոմանց կարծիքով դա «կարուսել» կոչված ընտրախախտման դրսևորում է, և այդ կարծիքը հեռու չէ ճշմարտությունից: Դրանք մեզ ծանոթ են, նման «կարուսելներ» կատարվել են նաև նախկինում, սակայն կազմակերպիչները միշտ տեղավորվել են «08.00 - 20.00» ժամային շրջանակում:

Այս դեպքի առումով զավեշտականն օրենքով պարտադրված վերաքվեարկություն չկատարելու հիմնավորումն էր: Ասում է, թե իր կուսակցության ստացած ձայները ևս նվազել են, բայց այդ հանգամանքը տեղավորվում է ողջ հանրապետության մասշտաբով ստացված արդյունքների շրջանակում: Այդ անձն, իհարկե, «մոռանում» է, որ իրենց քվեները փոխհատուցվել են այլ ընտրատեղամասերից ավելացված ձայների հաշվին: Բայց դա չի կատարվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առումով: Ու հենց այդ չեղարկման արդյունքում է կասեցվել ԲՀԿ-ի մուտքն Ազգային Ժողով: Եվ հենց միայն այդ ընտրախախտումը բավարար է, որպեսզի հունիսի 7-ի ընտրություններն համարվեն ո՛չ օրինավոր և ո՛չ արդար: Ինչքան էլ այդպիսին ներկայացվեն թե՛ իր և թե՛ իր արևմտյան հովանավորների կողմից:

ՀԳ. Քանի որ վերը նշված անձն անընդհատ ասում է, թե իրնենց ձեռք բերած մանդատները լեգիտիմ են՝ ի տարբերություն ընդդիմության մանդատների, մեզ էլ մնում է անընդհատ կրկնել, որ հունիսի 7-ի ընտրությունները ո՛չ օրինավոր էին և ո՛չ էլ արդար: Եվ գործող իշխանության լեգիմությունն էլ Նիկոլի համար «սիրելի» զրոյական կետում է:
Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image