Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատման, մայթերի եւ փողոցին կից շենքերի բակերի բարեկարգման, փողոցի ջրահեռացման եւ այլ աշխատանքների ծրագիրը Դիլիջանի համայնքապետարանը ներկայացնում է որպես արդյունավետ իրականացված, սակայն դրա ժամկետը, նախագծային աշխատանքները խախտվել են։ Այդ ծրագիրը սուբվենցիոն է, արժեքի 60 տոկոսը ներդրել է համայնքը, 40 տոկոսը պետական բյուջեից է։
Նշված ծրագրի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության 2025թ․ հուլիսի 21-ի ռեպորտաժում ասվում է, որ ծրագրի արժեքը 894 միլիոն դրամ է, մեկնարկը տրվել է 2024-ին։ Ծրագրի պայմանագիրը կնքվել է 2023թ․ հուլիսի 10-ին։ Աշխատանքներն իրականացնում է «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Այդ ռեպորտաժում նշված է, որ աշխատանքները կավարտվեն 2025 թվականին։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը 2024 թվականի տարեկան հաշվետվության մեջ այդ ծրագիրը նշել է որպես իրականացված։ 2026 թվականն է, փողոցի 2,4 կմ երկարությամբ ասֆալտապատման եւ այլ գործերը դեռ արված չեն, 2025-ի դեկտեմբերին ասֆալտի մի շերտն է միայն արվել, երկրորդ շերտը դեռ պետք է փռվի։ Ծրագրով նախատեսված է անձրեւաջրերի` սելավաջրերի հեռացման համար խողովակների տեղադրում, հիդրոտեխնիկական կառույցների կառուցում։ Նման աշխատանքների դեպքում ծրագիրը պետք է ընդգրկվեր ՀՀ կառավարության 2015թ․մարտի 19-ի N 596-Ն որոշման N 4 հավելվածի N 3 ցանկի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված օբյեկտների ցանկում, որոնք ենթակա են պետական համալիր փորձաքննության։
Այդ ծրագիրը համապատասխանում է նշված որոշման մեջ առկա «Հասարակական, արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական եւ այլ արտադրական նշանակության․ հիդրոտեխնիկական, կոմունալ, պահեստային, էներգետիկայի, տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների» ցանկին։ Այդ օբյեկտները համարվում են 4-րդ կարգի բարդության, դրանց նախագծերը կազմվում են նախագծողների խմբի, ոչ թե մեկ նախագծողի կողմից, 4-րդ կարգի օբյեկտների նախագծերը պետք է պարտադիր Քաղաքաշինության կոմիտեում համալիր փորձաքննության ենթարկվեն, սակայն Գետափնյա փողոցի ծրագիրը 4-րդ կարգի օբյեկտ չեն համարել, այն փորձաքննություն չի անցել։ Ծրագրով կատարված գնումների գները մեծ չափով ուռճացված են, ձեռք են բերվել ավելի քան 150 հատ 1,5մ x 1,5մ չափերով բետոնյա դիտահորերի ծածկի չուգունե սալեր, յուրաքանչյուրը՝ 175 հազար դրամով։ Շինարարական նյութերի գների ինտերնետային կայքերում նման չափի եւ տվյալների դիտահորի ծածկի գինը 104 հազար դրամ է, մեծաքանակ գնման դեպքում այդ գինը պետք է իջներ: Նախագծով սելավատար 6 մետր երկարությամբ, 300 միլիմետրանոց պոլիէթիլենային խողովակի գինը սահմանված է 14 հազար դրամ։ Այն գնվել է 10 հազար 500 դրամով, մինչդեռ այդ խողովակի շուկայական գինը 8 հազար դրամ է, մեծաքանակ գնման դեպքում գինը կնվազեր։ Ըստ նախագծի՝ սելավաջրերը, անձրեւաջրերը դեպի Աղստեւ գետ ուղղող 3 300 գծամետր խողովակ պետք է անցկացվեր, սակայն, ըստ աշխատանքների կատարողական ակտերի, տեղադրվել է 940 գծամետր խողովակ։ Հունվարի 15-ին անցել եմ Գետափնյա փողոցի ամբողջ երկայնքով, տեսել, որ շինարարական աշխատանքներն արվել են նախագծին ոչ համապատասխան։ Նախագծով նախատեսված է գետափնյա հենապատերի մաշված քարերի փոխարինում բազալտե քարերով, սակայն դրանց տեղում բետոն են արել, ինչը խաթարում է հենապատերի տեսքը։
Նախագծով նախատեսված է 2,4 կմ երկարությամբ, ամբողջական գծով ջրահեռացման խողովակների տեղադրում, սակայն այն արել են հատվածաբար, որի հետեւանքով ոչ թե նախագծով նախատեսված 2 տեղ են ծակել գետափնյա հենապատը, այլ՝ 10-ից ավելի տեղեր։ Նախագծով նախատեսված է, որ այդ փողոցի մայթերի նոր տեղադրված սալիկների տակ պետք է բետոնապատվեր, սակայն դա չեն արել, ուստի որոշ ժամանակ հետո սալիկների տակ կանաչ է ծլելու, խարխլելու է սալիկները։ Նախագծով նախատեսված է, որ ավելի քան 2 կմ փողոցի ամեն քառակուսի մետրում, ասֆալտապատումից առաջ 20 կգ ցեմենտ պետք է լցվեր, սակայն չի արվել։ 2025-ի դեկտեմբերին են փողոցում փռել ասֆալտի առաջին շերտը, դեկտեմբերն ասֆալտապատման ճիշտ ժամանակը չէ։ Ծրագրի արժեքն ուռճացված է, դրանում շատ աշխատանքներ որպես ձեռքի աշխատանք են ներկայացված։ Նախագծով՝ փողոցի լուսավորության համար գետնի տակով լարեր պետք է անցկացվեին, 33 հենասյուն տեղադրեին, որոնց վրա տեղադրվեին լեդ լամպեր, սակայն դա էլ չի արվել: Գետափնյա փողոցի երկայնքով մեծ եղեւնիներ կային, դրանք հանել են։ Նախագծով՝ փողոցի եզրին պետք է սիզամարգ ցանվեր, սակայն Դիլիջանի համայնքապետարանը փոքր սոճիներ է տեղադրել։ Թե դրանցից քանիսը կչորանա, գարնանը պարզ կդառնա։ Ծրագրով փողոցին կից շենքերի բակերում պետք է լուսավորության ցանց անցկացվեր, սակայն չի արվել։ Դիլիջան քաղաքի ամենասիրուն շենքերից մեկի՝ Գետափնյա 2 շենքի մոտ այժմ կիսաընկած էլեկտրական հենասյուն է առկա։ Ծրագրի մեկնարկից մեկ ամիս առաջ պետք է դրա մանրամասների վերաբերյալ տեղեկատվական վահանակ տեղադրվեր, սակայն չի արվել։