Երեկ հայաստանյան լրատվական շրջանակներին հայտնի Արման Բաբաջանյանը (ընդ որում հայտնի իր թե հրապարակային, թե կուլիսային գործունեությամբ` EUROVOTE-ի նախաձեռնող խմբի կազմում լինելուց մինչեւ փաստաթղթեր կեղծելու համար տարիների դատվածություն եւ այլն) սոցցանցերում 2003-ի ՀՀ նախագահական ընտրությունների շրջանին առնչվող գրառում էր արել, որից կարելի էր ոչ միայն ծիծաղել, այլեւ ապշել։
Որքան ճիշտ է Էյնշտեյնը, երբ ասում է․ «Երկու բան կա անսահման՝ տիեզերքը եւ մարդկային հիմարությունը․ սակայն տիեզերքի պարագայում վստահ չեմ» (Two things are infinite: the universe and human stupidity; and I'm not sure about the universe)։ Մարդն ինչ աստիճան պետք է արկածախնդիր լինի, որ հրապարակավ անդրադառնա մի ժամանակի եւ իրադարձության, որի հետ իր առնչությունը խայտառակությունն է եղել։ Ա․ Բաբաջանյանը 2003-ին Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբում բոլորի հիշողության մեջ մնացել է նրանով, որ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգապետի եւ Կալիֆորնիայից ընտրված սենատոր Դայան Ֆայնշտայնի, պաշտոնաթղթերի վրա տպված աջակցության նամակներ էր բերել Դեմիրճյանի շտաբ, որոնք հետագայում պարզվեց՝ կեղծ են եղել։
Այդ կեղծարարության բացահայտման մեջ ինքս ակամա դերակատարություն եմ ունեցել։ 2003-ի նախագահական ընտրությունների շրջանում ես աշխատակցում էի «Առավոտին» եւ քարոզարշավի օրերին գրեթե ամեն օր եղել եմ Դեմիրճյանի շտաբում։ Ընտրությունների երկրորդ փուլի վերջին օրվա նախօրեին, երբ դեռ կարելի էր ընտրության թեմայով գրել, այնուհետ լինելու էր լռության օր, հաջորդիվ՝ ընտրության, Արման Բաբաջանյանը (որին Դեմիրճյանի շտաբ էր բերել, ինչպես հետագայում պարզվեց՝ Թաթուլ Մանասերյանը) շտաբ է բերում երկու նամակների պատճեններ՝ Կալիֆորնիայի նահանգապետի եւ սենատորի պաշտոնաթղթերի վրա տպված բոլոր ատիբուտիկայով, որոնք իբրեւ թե ուղարկված են եղել Դեմիրճյանի թեկածությանն աջակցող լոս-անջելեսահայ շրջանակներից՝ Դեմիրճյանին փոխանցելու համար։
Պաշտոնաթղթերի վրա սատարման ընդհանուր խոսքեր էին, որ կասկած չհարուցեցին, մանավանդ` Լոս-Անջելեսում Դեմիրճյանի թեկնածությանը սատարող ակտիվ շրջանակներ, անձինք, աշխատանքներ կային, այնպես որ Կալիֆորնիայի նահանգապետի եւ Ֆայնշտայնի սատարման նամակները անսպասելի կամ արտառոց չթվացին, որեւէ մեկի մտքով չանցավ, թե դրանք կարող են կեղծ լինել։ Շտաբում որոշվեց, որ նամակները հաջորդ օրը՝ Դեմիրճյանի կողմնակիցների եզրափակիչ հանրահավաքում կընթերցվեն (եւ ընթերցվեցին), որոշվեց նաեւ, որ իմաստ ունի նամակների մասին մամուլում կարճ լուր հրապարակել։ Դրանից հետո անձամբ ես եմ Դեմիրճյանի շտաբից զանգել «Առավոտի» խմբագրություն եւ խմբագրին՝ Արամ Աբրահամյանին փոխանցել նամակներից հատվածներ՝ անգլերենից հայերեն թարգմանելով։ Բնականաբար, Արամ Աբրահամյանն` ինձ վստահելով, լուրը զետեղեց թերթում, հաջորդ օրն այն տպվեց, ընթերցվեց նաեւ հանրահավաքում։
Դրան հետեւեց լռության օրը, հաջորդիվ՝ ընտրության օրը։ Կայացան խայտառակ ընտրություններ, զանգվածային ընտրախախտումներով, բռնություններով, քվեատուփեր գողանալով, քվեաթերթիկներ լցոնելով, ընդհարումներով, այսինքն, ողջ այլանդակությամբ, որն առկա էր այդ շրջանի ընտրական գործընթացներում։ ԵԱՀԿ-ից մինչեւ ԵԽԽՎ` քննադատություններ սկսեցին տեղալ եւ ՀՀ ՍԴ-ն էլ հարկադրված եղավ մեկ տարի անց պլեբեսցիտ անցակացնելու որոշում կայացնել։
Հետընտրական ալեկոծումների, քննադատություների տարափի, արդյունքների բողոքարկման եւ այլնի մեջ, կարծեմ ապրիլ ամիսն էր արդեն, մի օր ՀՀ ԱԳՆ-ից ԶԼՄ-ներին աշխատանքային օրվա վերջում ասուլիս են հրավիրում։ Դա, այն պարագայում երբ շաբաթներ տեւող միջազգային քննադատության հանդեպ ԱԳՆ-ում լռության ուխտ էին կնքել․ ձայն չէին հանում։ Եվ հանկարծ աշխատանքային շաբաթվա ու օրվա վերջում ասուլիս են հրավիրում, որպեսզի հայտարարեն, թե «Առավոտ» թերթում հրապարակված Կալիֆորնիայի նահանգապետի եւ սենատորի նամակները` ի սատարումն ՀՀ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի, կեղծ էին։
Հիշում եմ, դրանից հետո ես Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն զանգահարեցի, իրենք ասացին, որ նամակների հետ դեսպանատունն առնչություն չի ունեցել, չի կարող դրանց առնչությամբ ոչինչ հաստատել կամ հերքել։ ՀՀ ԱԳՆ խոսնակն էլ (որքան հիշում եմ՝ Ձյունիկ Աղաջանյանն էր) ասուլիսում հայտարարել էր, թե պաշտոնական հարցում էին կատարել նահանգապետի եւ սենատորի գրասենյակներին։ Իհարկե, նամակների իրական կամ կեղծ լինելը Ռոբերտ Քոչարյանին լեգիտիմություն չէր տալիս, ոչ էլ միջազգային մեկուսացումն ու քննադատություններն էր նվազեցնում, եւ այդպես էլ` ի պատասխան ԱԳՆ-ի «Առավոտում» գրեցի։
Սակայն փաստը, որ գոյություն էր ունեցել անձ՝ Արման Բաբաջանյան, ով ընդունակ էր եղել նահանգապետի եւ սենատորի ձեւաթուղթ ու նամակ կեղծել, դա բերել շտաբ, ապշեցրել էր բոլորին։ Ահա այս կեղծարարությամբ ու ստոր վարքով է Արման Բաբաջանյանն առանձնացել ու մնացել ամենքի հիշողության մեջ Դեմիրճյանի շտաբում։ Ես էլ կատարվածը նման մանրամասնությամբ հիշում եմ, քանի որ դա միակ դեպքն է եղել իմ ողջ լրագրողական կարիերայում, երբ իմ գրած որեւէ տեղեկություն չի համապատասխանել իրականությանը։
Եվ երեկ ապշեցի` երբ ինձ ուղարկեցին Ա․ Բաբաջանյանի սոցցանցում արած գրառման screenshot-երը։ Պարզ էր, որ նորից լկտիաբար ստում է, հատկապես այն մասով, թե ինքը կապավոր է եղել Ստեփան Դեմիրճյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ 2003-ի նախագահական ընտրությունների շրջանում։
Ամեն դեպքում պրն․ Դեմիրճյանից ճշտեցի․ «Բացարձակ սուտ է։ Իմ եւ Տեր-Պետրոսյանի միջեւ 2003-ին որեւէ շփում՝ ոչ ուղիղ, ոչ միջնորդավորված չի եղել։ Մենք անձամբ ծանոթացել ենք ավելի ուշ՝ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ։ Ոչ մի կապավոր, այդ թվում` Արման Բաբաջանյան չի եղել», ասաց նա։
Թեեւ հիշում էի, բայց ՀԺԿ-ից վերստին ճշտեցի, ասացին՝ Արման Բաբաջանյանը երբեք Դեմիրճյանի շտաբի անդամ չի եղել։ Շտաբի պետը եղել է Գրիգոր Հարույթունյանը։ Այնպես որ դա էլ ստախոսություն է, թե Ալբերտ Բազեյանը եղել է Դեմիրճյանի շտաբի պետը, եւ, իհարկե, հիվանդագին երեւակայությամբ կարելի է միայն բացատրել Արման Բաբաջանյանին երեւացած տեսիլքները, որը գրել է, թե ինքը ծրարով թուղթ է տարել Դեմիրճյանի շտաբ, որը Բազեյանը պատռել է եւ այլն։ Բացարձակ հորինվածք։
Պրն․ Բազեյանը բառացիորեն ասաց հետեւյալը․ «Ես երբեք իմ կյանքում առերես չեմ հանդիպել Արման Բաբաջանյանին։ Նաեւ երբեք որեւէ շտաբի ղեկավար չեմ եղել, այդ թվում՝ Ստեփան Դեմիրճյանի։ Բաբաջանյանի ասածները լիովին կեղծիք են։ Իր մասին հեռակա լսել եմ միայն վերջին տարիներին, գիտեմ արեւմտամետ ուժի ղեկավար է, կանգնած է Նիկոլ Փաշինյանի կողքին։ Մենք հակադիր ճամբարներում ենք, ուրիշ ոչինչ»։
Գալով Մեղրիի թեմային, ինքս էլ հիշում էի եւ պրն․ Դեմիրճյանն էլ հաստատեց, որ ինքը Մեղրիի փոխանակման տարբերակի գոյության մասին խոսել է 2003-ին էլ, դրանից առաջ էլ, անգամ 2000-ին՝ ռուսական НТВ-ին տված հարցազրույցում։ Թե Ստեփան Դեմիրճյանը, թե Ռիմա Աղասեւնան բազմիցս հրապարակավ ասել են, որ Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման տարբերակի գոյության մասին իրենց ասել է Կարեն Դեմիրճյանը` «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչությունից ոչ շատ առաջ, եւ Կարեն Սերոբիչը նման ծրագրին կտրականապես դեմ է եղել։
Գալով նրան, արդյո՞ք Տեր-Պետրոսյանի հետ Արման Բաջանյանը երբեւէ ունեցել է շփում, Առաջին նախագահի գրասենյակի ղեկավարից՝ Ավետիս Ավագյանից պարզեցի, որ Արման Բաբաջանյանը 2003-ին եղել է Տեր-Պետրոսյանի մոտ՝ ներկայանալով որպես Ստեփան Դեմիրճյանի շտաբի ներկայացուցիչ։ Իր հերթական եւ ակնհայտ ստախոսությունը։
«Այդ հանդիպմանը Նախագահը պարոն Դեմիրճյանին փոխանցելու համար Արման Բաբաջանյանին է հանձնել ԵԽ-ում պատրաստված մի վերլուծական նյութի պատճենը, որում բացահայտված էր Մեղրիի եւ Ղարաբաղի փոխանակման պլանը՝ համապատասխան քարտեզով», ասաց Ավագյանը։
Այսինքն, ընդամենը վերլուծական նյութ, որը Տեր-Պետրոսյանը տվել է Բաբաջանյանին, բայց ըստ ամենայնի, այն ոչ Ստեփան Դեմիրճյանն է ստացել կամ դրա վրա կենտրոնացել, ոչ էլ, հավաստիորեն, Ալբերտ Բազեյանն է նման թուղթ տեսել եւ պատռել, ինչպես անսպառ երեւակայությամբ նկարագրել է Արման Բաբաջանյանն իր սոցցանցյան գրառումում։
Զարմանում ես միայն, երբ Արման Բաբաջանյանը այդքան ստում եւ Դեմիրճյանի, Տեր-Պետրոսյանի, Բազեյանի ազգանուններն է հոլովում, ինչի՞ վրա է հույս դնում։ Որ իրեն կարհամարհեն եւ չե՞ն պատասխանի, ինքն էլ մարդկանց աչքում Տեր-Պետրոսյանի եւ Դեմիրճյանի միջեւ եղած կապավո՞ր կընկալվի․․․ Իրոք որ մարդկային տխմարությունն անսահման է։
ՀԳ․ներկայացնում ենք Արման Բաբաջանյանի գրառումը․

