Հասարակություն

Պետք է շատ արագ թրքահպատակ վարչախմբին հեռացնենք․ Մ․ Հովսեփյան

Պետք է շատ արագ թրքահպատակ վարչախմբին հեռացնենք․ Մ․ Հովսեփյան

Սյունիք մարզի տարածքի ուղղությամբ, մասնավորապես Սև լճի տարածքում իրավիճակը շարունակում է մնալ նույնը։ Լճի տարածքի մեծ մասը շարունակում է մնալ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։

«Հրապարակի» հետ զրույցում Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանն ասաց, որ «բավականին լուրջ խնդիրներ կան», և չեն պատրաստվում «այդ խնդիրներն ապիկար վարչախմբի հետ լուծել»։ 

Նա ասաց, որ որևէ նոր տեղեկություն չունի երեկ գիշերվանից՝ ադրբեջանական կողմից սադրանքներ եղե՞լ են, թե՞ ոչ։  

«Մեր փրկությունը մեկն է․ մենք պետք է շատ արագ թրքահպատակ վարչախմբին հեռացնենք, սահմանի կարգավորման հարցը միայն այդ ճանապարհով ենք լուծելու։ Ուրիշ տարբերակ մենք չունենք», - նշեց Հովսեփյանը։

Հարցին՝ «վերջերս [03.06.2021] Ռուսաստանում տեղի ունեցած բանակցություններից տեղեկություններ ունե՞ք», պատասխանեց, որ «բացարձակապես ոչ»։

Հարցին՝ իշխանական շրջանակներից ինչ-որ շարժ նկատվո՞ւմ է նաև նախընտրական շրջանում, Գորիսի փոխհամայնքապետը պատասխանեց. «Ես որ խոսեմ իրենց մասին, պիտի շատ կոշտ խոսեմ, որովհետև իրենք թյուրքական Թուրանին ծառայող վարչախումբ են։ Իրենք երբևիցե հայանպաստ որոշում չեն կայացրել իրենց ղեկավարի գլխավորությամբ։ Եվ չեն էլ կարող կայացնել, դրա համար չեմ էլ ուզում անդրադառնալ այդ թեմային։ Մի քանի օր է մնում, մի քանի օրից բոլոր հարցերն իրենց տեղը կընկնեն»։

Ինչ վերաբերում է համայնքում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը, ապա Մենուա Հովսեփյանն ասաց, որ «բավականին լուրջ խնդիրներ կան»։ 

«Այդ խնդիրները մենք չենք պատրաստվում ապիկար վարչախմբի հետ լուծել, որովհետև ապիկար վարչախումբը ծառայում է Թուրանին։ Մենք կլուծենք այդ խնդիրները մի քանի օրից», - ընդգծեց նա։ 

Ինչ վերաբերում է անասուններին արածեցնելու հարցի լուծմանը, ապա Գորիսի համայնքապետի տեղակալն ասաց, որ մարդիկ օգտվում են այլ սեփականատերերի, վարձակալողների տարածքներից։

«Խնդրում ենք սեփականատերերին, վարձակալողներին, որ թույլ տան այլ բնակիչներին էլ օգտվել իրենց տարածքներից։ Նման եղանակով, այլ եղանակ չկա, որովհետև հողերի քանակը սահմանափակ է, մենք չենք կարող բոլորին հող տրամադրել։ Խնդրում ենք մարդկանց, մեկը մեկին փոխզիջելով առաջ ենք ընթանում», - եզրափակեց Հովսեփյանը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image