Հասարակություն

60-ից ավելի վկաներ, կուրիոզ ցուցմունքներ, չակերտավոր փորձաքննություն

60-ից ավելի վկաներ, կուրիոզ ցուցմունքներ, չակերտավոր փորձաքննություն

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործը 4 տարի առաջ՝ 2020-ին է հարուցվել, երկար նախաքննություն է ընթացել, ապա գործն ուղարկվել է դատարան՝ քննության։ Այս պրոցեսների արանքում, անցած տարի Գլխավոր դատախազությունը Նիկոյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Ըստ դատախազության՝  Նիկոյանը, 2012 թ. հունվարի 20-ից մինչեւ 2018 թ. հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Երեւանի արեւմտյան ու արեւելյան հատվածներում աղբահանության եւ սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար: Արդյունքում հաղթող են ճանաչվել «Սանիթեք» ՍՊ ընկերությունը, «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղը եւ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերությունը: Չմատուցված ծառայությունների դիմաց, ըստ մեղադրանքի, Երեւանի քաղաքապետարանի կողմից 3 մլրդ 200 հազար դրամ ավել գումարներ են վճարվել։ Բացի այդ, ըստ դատախազության՝ նախկին փոխքաղաքապետը նշված ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը՝ 141 միլիոն դրամից ավելի։
Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործը մեկ տարի առաջ դատարան է մտել, դատարանն ավարտել է ապացույցների հետազոտման փուլը, անցել է վկաների հարցաքննությանը։

Նիկոյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը մեզ ասաց, որ դատակոչված վկաները 60-ից ավելի են․ «Շատ-շատ մարդիկ են հարցաքննվել, ում ասես՝ բերել-մտցրել են։ Այստեղ որեւէ պաշտոնյա չկա` ավտոմեքենաների վարորդներ են, կոմունալի աշխատողներ, «Սանիթեքի» աշխատողներ, տարածքային հսկողներ»։ Ընդհանուր առմամբ 60-ից ավելի անձ ցուցմունք է տվել, որից 8-ին դատարանում արդեն լսել են․ «Պարոն Նիկոյանի մեղադրանքը որ անհիմն է, դրանում կասկած մի ունեցեք։ Մի իրավիճակ ձեզ ներկայացնեմ․ մինչ այժմ հարցաքննած 8 անձի ցուցմունքները մեղադրանքի կողմի ցուցմունքներ են, այդ մարդիկ գալիս են`դատարանում ներկայացնում են իրենց ցուցմունքները, գրեթե բոլոր վկաներին նախաքննության ընթացքում քննիչն այսպիսի հարցեր է ուղղել․ մրցույթին այս կարգը սխալ է թե ոչ, անկախ նրանից այդ անձը  բանվոր է եղել, բեռնատարի վարորդ թե կոմունալի աշխատող։ Փորձել են օրինակ տարածքի աղբահանությամբ զբաղվողից պարզել գնումների օրենսդրության ճշգրտությունը։ Կամ հարց են տվել «Սանիթեքի» թարգմանչին՝  Քաղաքացիական օրենսգրքին համապատասխանելու կամ չհամապատասխանելու առնչությամբ։ Դատարանում այդ նույն թարգմանիչ տիկնոջը հարց ենք տալիս՝ դուք ի՞նչ կապ ունեք այդ օրենսդրութան կամ պայմանագրի հետ, որ նման հարց են տվել, դուք էլ փորձել եք պատասխանել։ Մեր հարցին դատարանում պատասխանում է՝ ես շատ եմ իմանում այդ ինչ գործընթաց է եղել, իսկ եթե ինչ-որ պատասխանել եղել է, դատաքննության ընթացքում դա իմ մտքերը չեն։ Հետաքրքիր է, որ այդ թարգմանիչ տիկինը, որ եւ ճանաչում է, եւ ականատես է եղել ինչ-որ գործողության,դատարանում տեսնելով այնտեղ գտնվող անձանց, որեւէ մեկի մեջ Վահե Նիկոյան չճանաչեց, անգամ հայտարարեց, որ առհասարակ նրա անունը քննիչի մոտ չի տվել, եւ երբեւէ չի  էլ տեսել այդ մարդուն․․․այսպիսի կուրիոզ իրավիճակներ կան»։

Նշենք, որ նրան մի կարճ ժամանակով կալանավորեցին, ապա խափանման միջոց ընտրվեց չբացակայելու արգելքը եւ գրավը։ 

Բացի այս քրեական գործը, Նիկոյանի դեմ նաեւ քաղաքացիական հայց կա։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է նախկին փոխքաղաքապետից եւ նրա կնոջից բռնագանձել Երեւան քաղաքի Վրացական փողոցում գտնվող տարածք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 100 հազար դրամ: Նաեւ՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան պողոտայի համապատասխան հասցեում գտնվող տարածքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին շուկայական արժեքը՝ 250 մլն դրամ։ Դատախազությունը պահանջում է Նիկոյանից եւ կնոջից՝ Արմինե Գրիգորյանից բռնագանձել 19 մլն 786 հազար դրամ եւ 8 մլն 258 հազար դրամի չափով գումար, որը 2013-2022թթ. ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։

Քաղաքացիական գործով նախկին պաշտոնյայի շահերը ներկայացնում է փաստաբան Վարազդատ Ասատրյանը։ Նա մեզ ասաց, որ դատարանում նախնական դատական լսումներն են։ Անդրադառնալով դատախազության պահանջներին՝ փաստաբանը նշեց, որ դրանք հիմնավորված չեն․ «Այն բացառիկ գործերից է, որ կարող ենք վստահորեն պնդել՝ ակնհայտ անհիմն հայցի հետ գործ ունենք։ Ամբողջ հայցի հիմքում դրել են ոչ թույլատրելի փորձագիտական եզրակացություն, որովհետեւ փորձագետը չի եկել տեսել այդ տարածքը, ոչ իրավաչափ, խնդրահարույց փորձաքննություն է արվել, որը չէր կարող անել, ոչ մի մեթոդաբանություն չի կիրառվել։ Արվել են բնակելի տան համար կիրառելի նորմատիվներ, որով առհասարակ չէր կարող անել, չակերտավոր փորձաքննություն է իրականացվել»։

Նիկոյանին եւ կնոջը պատկանող գույքերը, գումարն արգելադրված են․ «Դա մեզ մտահոգում է, բայց այս պարագայում մոտեցումը գործի նկատմամբ, որ թույլատրելի փաստերը չեն ընդունվում դատախազության կողմից, առավել անտրամաբանական են։ Փորձագետի եզրակացությունը չընդունելը, որը մեր կողմից ներկայացվել է, պայմանագրերի առկայությունը, որոշակի գործունեություն ծավալելու, չընդունելու հանգամանքը չի ընդունվել։ Այսինքն, ակնհայտ միտում է նկատվում՝ ցանկացած գնով որոշակի փաստերի վրա աչք փակել, դա մեզ համար ընկալելի չէ»։

Նշենք, որ Վահե Նիկոյանին Երեւանի քաղաքապետարանում հիշում են որպես բանիմաց մասնագետի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image