Հարցազրույց

«Հրապարակ». Նա ոչ թե վարչապետ է, այլ՝ տիկտոկեր

«Հրապարակ». Նա ոչ թե վարչապետ է, այլ՝ տիկտոկեր

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ողջ օրը համացանցում են` ռիլսեր, վիդեոներ, գրառումներ, հաշվում են իրենց դիտումները, ուրախանում դրանով: Տպավորություն է, թե միայն մտածում են իրենց վիրտուալ վարկանիշի, լայքերի մասին եւ բարձր ցուցանիշների համար պատրաստ են ամեն ինչի: Կիրակի օրը, օրինակ, վարչապետը կառավարական տան խոհանոցում նկարում էր, թե ինչպես է կինը տոլմա պատրաստում, հետո Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն էին դիտում` ընտանյոք հանդերձ, «Սայաթ-Նովայի հետ» սուրճ ըմպում: Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում, երբ երկրի առաջին դեմքը, բանուգործը թողած, բլոգերությամբ է զբաղվում: Ինքը` պրոդյուսերը, համացանցում նույնքան ակտի՞վ է: Մխիթարյանն ասաց. «Ես տիկտոկերներին չեմ մեկնաբանում: Նա տիկտոկեր է»:

- Այսի՞նքն, բայց նա տիկտոկեր չէ` վարչապետ է:

- Տիկտոկեր է, չեմ մեկնաբանում ոչ մի տիկտոկերի:

- Իսկ Դուք երբեւէ հաշվե՞լ եք Ձեր էջի դիտումների, մեկնաբանությունների քանակը, ակտիվությունը: Դա կարեւորո՞ւմ եք:

- Ես ընդհանրապես համացանցում ունեցած իմ ռեզուլտատները չեմ կարեւորում: Ես անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում, եւ ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչքան մարդ ինձ կնայի: Ես ունեմ մեծ լսարան, եւ այդ լսարանն ինքն է որոշել հետեւել ինձ: Այս հինգ տարիների ընթացքում մարդիկ սովորել են, թե ես ինչ կոնտենտ եմ տալիս, եւ ինձնից ինչ կոնտենտ պետք է սպասեն կամ չսպասեն: Այդ լսարանն ինքն է որոշում` հետեւե՞լ ինձ, թե՞ ոչ: Ես ոչ մի դրամ չեմ ծախսում դրա համար: Իմ կոնտենտը չի գովազդվում, մարդիկ ուզում են հետեւել` նայում են, չեն ուզում` բլոկում են: Այս ամենը ոչ մի ձեւ ինձ ո՛չ նեղացնում է, ո՛չ ոգեւորում է, ո՛չ էլ հուզում է: Ով ինձ չի հավանում, կարող է վատ քոմենթ գրել ու հեռանալ: Ոչ մի ձեւով այն ինձ վրա չի ազդում: Ես անգամ ստատիստիկա ունեմ, թե ովքեր են ինձ հետեւում, հանրության որ շերտը, սակայն ստատիստիկա չեմ հրապարակի:

- Երբ քաղաքական գործիչները չափից ավելի ակտիվ են համացանցում, դա նորմա՞լ է:

- Եթե քաղաքական գործիչներն ակտիվ են, դա նորմալ եմ համարում, բայց եթե տիկտոկերները զբաղվում են քաղաքականությամբ, դա չեմ մեկնաբանում:

- Գյումրիում բավականին թեժ զարգացումներ են: Բալասանյան դաշինքին հեռացնելուց հետո տեղյա՞կ եք, թե իշխանություններն ինչ են ուզում անել Գյումրիում:

- Ո՛չ տեղյակ եմ, ո՛չ էլ հետաքրքիր է:

- Ի դեպ, Ձեր անունն էլ է շրջանառվում՝ որպես քաղաքապետի հնարավոր թեկնածուի:

- Հազար բան են խոսում, ախմախ-ախմախ խոսում են: Ես ումի՞ց պետք է նման առաջարկ ստանայի, եթե որոշում կայացնողը ես եմ: Ոչ մի կուսակցություն ինձ չի կարող ինչ-որ բան առաջարկել, քանի որ Գյումրու քաղաքապետի պաշտոնը եթե ցանկանում ես զբաղեցնել, ապա ինքդ պետք է ցանկանաս: 2018 թվականին էլ էր մի նման տխմարագույն թեզ շրջանառվել, որ ես իմ հայրական տուն եմ վերադարձել, որովհետեւ քաղաքապետ եմ ուզում դառնալ: Այսինքն, ով որոշում է` դառնո՞ւմ է: Նման բան չկա, ես ոչ մի առաջարկ չեմ ստացել, ինձ չի էլ հետաքրքրում այդ հարցը:

- Որպես գյումրեցի՝ Ձեզ չի՞ հետաքրքրում քաղաքի ճակատագիրը:

- Եթե Հայաստանի ղեկավարը տիկտոկեր է, ինձ համար մեկ է, թե ով կղեկավարի Գյումրին:

- Բայց գուցե Գյումրու ղեկավարը լինի մեկը, որը ո՛չ իր էությամբ, ո՛չ էլ քաղաքական հայացքներով նման չէ Նիկոլ Փաշինյանին:

- «Գուցե»-ները կարող են շատ լինել:

- Բայց դրա համար քայլեր են, չէ՞, հարկավոր, որ քաղաքապետը տարբերվի:

- Այդ հարցին պետք է պատասխանեն այն գյումրեցիները, ովքեր վստահում են ընտրություններին եւ հավատում, որ դրանց միջոցով կարող է ինչ-որ փոփոխություն լինել: Ես պատրանքների մեջ չեմ ապրում: Գյումրիում արդեն եղել է իշխանազավթում: Ո՛չ հին ընտրությունն է ինձ հետաքրքիր եղել, ո՛չ էլ գալիք ընտրությունը: Մեր երկիրը տիկտոկերներ են ղեկավարում, դրանով ամեն ինչ ասված է: Ես ընտրություններին լուրջ չեմ վերաբերվում:

- Չե՞ք մասնակցելու ընտրությանը:

- Այս պահի դրությամբ 99 տոկոսով` ոչ:

- Իսկ ընդդիմությունն ինչո՞ւ է այդքան պասիվ Գյումրիում:

- Է, որտե՞ղ են ակտիվ, որ Գյումրիում ակտիվ լինեն:

- Օրինակ` Երեւանի ավագանիում ակտիվ են:

- Ես չեմ տեսնում ընդդիմության ակտիվությունը, եւ ՀՀ-ում ցանկացած ընդդիմություն անհուսալի ռոմանտիկ է: Ինչ վերաբերում է Երեւանի ակտիվությանը, թող դրա մասին երեւանցիները մտածեն:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

Հունիսի 11-ին ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով...

×
Gallery Image