Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի հարաբերություններ են այսօր պահպանում ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, որը նույնպես հավակնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնին։
«2015թ․ Սամվել Բաբայանն աջակցել է մեզ ԱԺ ընտրությունների ժամանակ իր կողմնակիցներին ոչ հրապարակային կոչ անելով մեզ աջակցել։ Դրանից հետո մեր համագործակցությունը շարունակվել է սպառազինությունների վերազինման հարցի շուրջ։ Նա կարծում էր, որ Արցախի պաշտպանության բանակը պետք է ձեռք բերի սպառազինություններ, հատկապես հակաօդային պաշտպանության միջոցներ։ Եվ ապրիլյան պատերազմից հետո այդ հարցը դարձավ օրակարգային, թե ինչ սպառազինություններ պետք է ձեռք բերվեն հատկապես հակաօդային պաշտպանության ոլորտում։ 2011թ.-ից Ադրբեջանն ակտիվորեն զինվում էր, իսկ Հայաստանը`ոչ:
Սա բերել էր լուրջ դիսբալանսի, ինչն էլ հանգեցրեց ապրիլյան էսկալացիային: Բաբայանը բազմիցս առաջարկել էր թե՛ ՀՀ, թե՛ ԱՀ իշխանություններին ձեռք բերել սպառազինություն, հատկապես պաշտպանական և առավելապես ՀՕՊ համակարգեր: Այդ առաջարկները պարբերաբար ուղղվել են իշխանություններին, սակայն կատարյալ անտարբերության էին մատնվել:
Մենք, այդ թվում հրապարակային միջոցառումներով, պաշտպանել ենք Բաբայանի այս առաջարկությունները: Մեր կուսակցության համար սպառազինունների գնման, բանակի վերազինման թեման առաջնային տեղում է և ուրախ ենք, որ ՀՀ ներկա իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում այս թեմային:Հայաստանի ներկա կառավարությունը լուրջ զբաղվում է սպառազինությունների համալրմամբ։ Մեր համագործակցությունը Սամվել Բաբայանի հետ եղել է այդ շրջանակներում։ Եվ կարծում եմ, որ այն ժամանակ դա եղել է պահանջված տարբերակ։ Հիմա Սամվել Բաբայանը սկսել է նոր քաղաքական գործընթացներ, որոնց մենք մասնակից չենք »,- ասաց Հայկ Խանումյանը։