ԱՄՆ պետքարտուղարը նախազգուշացնում է Գերմանիային «Հյուսիսային հոսք 2» գազատարի վերաբերյալ
Ամերիկայի Միացյալ Նայանգների Պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կառուցվող «Հյուսիսային հոսք 2» գազատարը հակասում է Եվրոպական Միության սեփական շահերին ու կարող է խարխլել Ուկրաինան:
Գրել է միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը
Գերմանիան պնդում է խողովակաշարն ավարտելը, չնայած ԱՄՆ-ի՝ ավելի քան մեկ տասնամյակ շարունակ կայուն հակադրությանը: Ելույթ ունենալով Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ) կատարած իր առաջին այցի ժամանակ՝ Բլինքենն ասել է, որ պետք է հանդիպի իր գերմանացի գործընկերոջ՝ Հայկո Մաասի հետ՝ քննարկելու հարցը:
«Նախագահ Բայդենը շատ հստակ հասկացնել է տվել։ Նա հավատացած է, որ գազատարը վատ գաղափար է, վատ է Եվրոպայի համար, վատ է Միացյալ Նահանգների համար, ի վերջո դա հակասում է ԵՄ-ի սեփական անվտանգության նպատակներին», - նշել է Բլինքենը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը:
«Դա Ուկրաինայի, Լեհաստանի և մի շարք մերձավոր գործընկերների և դաշնակիցների շահերը խարխլելու ներուժ ունի», - նշել է Բլինքենը՝ հավելելով, որ ԱՄՆ օրենսդրությամբ Վաշինգտոնը պարտավոր է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2» նախագծին մասնակցող ընկերությունների նկատմամբ:
««Հյուսիսային հոսք 2»-ը շրջանցելու է Ուկրաինան, որը հնարավոր է զրկի նրան արժեքավոր տարանցիկ վճարներից: Դա նաև կմեծացնի եվրոպական էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և կմրցակցի ԱՄՆ հեղուկացված բնական գազի առաքումների հետ», - նշել է «Ռոյթերսը»
«Խողովակաշարն արդեն 95% -ով կառուցված է ու կարող է ավարտվել մինչև սեպտեմբեր», - ասում են հետևման տվյալները դիտարկող վերլուծաբանները։ Միացյալ Նահանգները զգուշանում է, որ Ռուսաստանը կարող է «Հյուսիսային հոսք 2»-ը որպես լծակ օգտագործել ԵՄ պետությունները թուլացնելու համար` կախվածությունը մեծացնելով Մոսկվայից: