Հասարակություն

Արցախցիներ, հերիք է ատելության խոսքի դեմ պայքարեք

Արցախցիներ, հերիք է ատելության խոսքի դեմ պայքարեք

Վերջին շրջանում բռնի տեղահանված մեր հայրենակիցները գովելիորեն ակտիվացել են, առավել պահանջատեր են դարձել, բարձրաձայնում են իրենց խախտված իրավունքների մասին և ՀՀ իշխանություններին հստակ պահանջներ են ներկայացնում: Արցախցիների այս պայքարը դեռ մի բան էլ ուշացած է: Ինչ անում են, ճիշտ են անում և դեռ մի բան էլ՝ քիչ են անում: Տուն ու տեղ, որդի, ամուսին, սիրած տղամարդ, գերեզման ու մի ամբողջ կյանք կորցրած մարդիկ դեռ կարողանում են հարգալից խոսել այն իշխանության մասին, որը թքել է իրենց սրտի մեջ: Եթե ես արցախցի լինեի ով գիտի, գուցե հիմա ինչ-որ մի հոգեբուժարանում լինեի:

Որքան էլ, որ ասենք՝ Արցախը մերն էր, հարազատ էր, մեկ է՝ հանձնված Արցախի ցավը առաջին հերթին նրանն է, ով ծնվել, մեծացել ու կյանք է ապրել Արցախում: Նրանց համար ամեն մի քարն ու մոլախոտն անգամ Արցախում հարազատ էին ամեն ինչից շատ, մենք կողքից պարզապես այդ ցավը կիսողներն ենք: Այս մարդիկ ամեն բան կորցնելով այսօր Հայաստանում պայքարում են նիկոլական ատելության խոսքի դեմ: Պարբերաբար հայտարարություններով են հանդես գալիս և խնդրում են իրենց հետ մեկտեղ պայքարել իշխանական չարախոսությունների դեմ:

Արցախցիները չեն գիտակցում, որ իրենց այս քայլով իշխանությանը հաղթաթուղթ են տալիս, ստեղծում են մի իրավիճակ, որ ատելության խոսք տարածողը չարախնդա, հրճվի, որ այն ահռելի ռեսուրսը, որ ծախսել է ատելության խոսք գեներացնելու համար, իզուր չէ, հասել է իր նպատակին, խոցել է արցախցիներին, նրանց բաց վերքի վրա աղ է լցրել ու ցավեցրել: Ի վերջո ատելության խոսք գեներացնողի ու նրա արբանյակների նպատակը հենց դա է: Ի վերջո 2018-ից հետո նրանք միակ խոցելի խավը չեն, որ ատելության խոսքի թիրախում են հայտնվել, մենք՝ լրագրողներս ևս արժանանում ենք դրան և այլն:

Ու առհասարակ բոլոր այն մարդիկ, անկախ բնակության վայրից՝ արցախցի են, թե երևանցի, գյումրեցի են, թե իջևանցի, վանաձորցի են, թե Ֆրանսիայում ապրող հայ, հայտնվում են իշխանության ֆեյքերի հայհոյանքների թիրախում: Շատ եմ լսում, որ հատկապես երևանյան մտավորականությունը ծանր է տանում արցախցիների հասցեին հնչող վայրահաչոցները, ամեն հնարավոր առիթով բոլոր նորմալ մարդիկ իրենց կարեկցանքն են դրսևորում, փորձում ռն սփոփել արցախցիներին, փակել վայրահաչողների բերանը: Սակայն Արցախից եկած մեր հայրենակիցները կարծես չեն լսում, չեն նկատում հազարավոր կարեկցանքի ու սիրո խոսքերը, նրանք լսում են իշխանական կաբինետներից թելադրված ատելության խոսքն ու ընկճվում:

Կոչ- խնդրանքս է` մի լսեք ֆեյքերով ու տգետներով կազմակերպված այդ խոսքերը, լսեք խելոք, ազնիվ, հայրենասեր մարդկանց, կենտրոնացեք իսկական հայերի արարքների ու ասածի վրա, այլ ոչ թե թրքածին անհայրենիքների:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image