ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
«Մանրակրկիտ քննարկվել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունների հետ կապված հարցերը, ինչպես նաև մի շարք հրատապ միջազգային խնդիրներ», - նշվում է Ռուսատանի Դաշնության նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ «չնայած Ռուսաստանն ու Եվրամիությունը միմյանց համար շարունակում են մնալ շատ նշանակալի գործընկերներ առևտրի և ներդրումների ոլորտում, այնուամենայնիվ, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս վիճակը չի կարող բավարար համարվել»:
Նշվել է, որ «գործնական ու հարգալի առանցքում համագործակցությանը վերադառնալը կհամապատասխաներ ընդհանուր շահերին»:
«Փոխադարձ կարծիք է արտահայտվել այնպիսի հատուկ ոլորտներում փոխգործակցության ընդլայնման կարևորության մասին, ինչպիսիք են՝ առողջապահությունը, կլիմայի օրակարգն ու տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը»
Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի հարցերին, ներառյալ ԵՄ-ում «Սպուտնիկ V» դեղամիջոցի արտոնագրման հեռանկարները և հակահամաճարակային սահմանափակումների համածիրում քաղաքացիների փոխայցելությունների համար պայմանների ապահովումը»։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակը` հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից շարքում են տարածաշրջանում տնտեսական և փոխադրումային կապերի ապաշրջափակումը, բնակչության մարդկայնական խնդիրների լուծումը: Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների միջոցով»:
Եվրամիության կողմից Բելառուսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների լրացուցիչ միջոցառումների կապակցությամբ Վլադիմիր Պուտինը շեշտել է «այս մոտեցման հակարդյունավետությունը, ինչպես նաև ընդհանրապես այս ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու ցանկացած փորձ»:
Ներքին ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ երկու կողմերից էլ նշվել է, որ «Մինսկի՝ 2015 թվականի «Միջոցառումների համալիրը» մնում է կարգավորման անվիճելի հիմք»: Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ «Կիևի իշխանությունների կողմից նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները խստորեն կատարելու անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ Դոնեցկի և Լուգանսկի հետ ուղղակի երկխոսություն հաստատելու և Դոնբասի հատուկ կարգավիճակն օրինականացնելու վերաբերյալ»:
Լիբիայում իրավիճակի քննարկման ժամանակ «Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը կողմ են արտահայտվել հետագա համագործակցությանը քաղաքական գործընթացի առաջխաղացմանը և անցումային շրջանում հաստատված իշխանություններին աջակցությանը»:
Ըստ Եվրոպայի Խորհրդի տարածած հաղորդագրության՝ Միշելը փոխանցել է Եվրախորհրդի դիրքորոշումը «ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների վերաբերյալ, և որ մայիսյան քննարկումներում ԵՄ առաջնորդները դատապարտում էին դեմ ապօրինի, սադրիչ և խափանիչ ռուսական գործողությունները ԵՄ-ի, նրա անդամ երկրների և այլոց դեմ»:
«ԵՄ-ն միասնական և համերաշխ է նման գործողությունների առջև: ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները ցածր մակարդակի վրա են: Այս իրավիճակը կամ դրա հետագա վատթարացումը ոչ մի կողմին ձեռնտու չէ», - նշված է հայտարարության մեջ։
ԵՄ-ն «հավատարիմ է մնում Ռուսաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականությունը կարգավորող հինգ հիմնական սկզբունքներին»:
Եվրախորհրդի նախագահը վերահաստատել է «ԵՄ-ի անսասան աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա՝ միջազգայինորեն ճանաչված սահմաններում» ու շեշտել է «Ռուսաստանի պատասխանատվության բաժինը Մինսկի համաձայնագրերի լիարժեք իրականացման մեջ»։
Բելառուսում իրավիճակի մասով ԵԽ ղեկավարը վերահաստատել է «ԵՄ գնահատականը Բելառուսի իշխանությունների կողմից «Ռայնիյրի» չվերթի հարկադիր վայրէջքի վերաբերյալ» և տեղեկացրել է դեպքից հետո Եվրամիության կողմից սահմանված պատժամիջոցների մասին:
Նախագահ Միշելը շեշտել է, որ «Բելառուսի իշխանությունների համար շատ էական է ազատ արձակել քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները և բռնությունները և ներգրավվել ներառական ազգային երկխոսության մեջ: Ռուսաստանը կարող է կարևոր դեր ունենալ ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցելու մեջ»:
«Նախագահները նաև մտքեր են փոխանակեցին Լիբիայի, Հայաստան-Ադրբեջան հակամարտության, ինչպես նաև COVID համավարակի, պատվաստանյութերի և այլ համաշխարհային խնդիրների վերաբերյալ», - եզրափակված է ԵԽ հայտարարության մեջ։
Երկու կողմերի հաղորդագրություններում տարբերությունն այն է, որ յուրաքանչյուր կողմն անդրադարձել է մեծապես իր ասածներին։ Ինչպես նաև Կրեմլի հաղորդագրության մեջ նշված է «ԼՂ հակամարտություն», իսկ ԵԽ-ի հաղորդագրության մեջ՝ «Հայաստան-Ադրբեջան հակամարտություն»։