Հասարակություն

Հայրենիքս չի սիրում մեր նման հիվանդներին…

Հայրենիքս չի սիրում մեր նման հիվանդներին…

Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 46-ամյա բնակիչ Լեռնիկ Պողոսյանն ապրում է կնոջ եւ զորակոչային տարիքի որդու հետ: Լեռնիկը եւ կինը չունեն մշտական աշխատանք, իրենց ապրուստը հոգացել են հողագործությամբ, համագյուղացիների հողամասերը մշակելով՝ աշխատել են պահել իրենց երեխաներին: Բայց հիվանդությունը մտել է այս ընտանիք եւ ծնկի բերել ընտանիքի բոլոր անդամներին: Լեռնիկի կինը՝ Իրինան, ունի վահանաձեւ գեղձի խնդիր, ժամանակին ասել են, որ վիրահատության անհրաժեշտություն կա, բայց գումարի պատճառով չի վիրահատվել: Արդյունքում Իրինան մշտապես իրեն թույլ է զգում, կենսունակ չէ եւ չի կարող աշխատել, դեղեր է օգտագործում, մոտը հաճախ է շնչարգելություն լինում: Լեռնիկը երկու անգամ վիրահատվել է երկկողմանի աճուկային ճողվածքից: Նրա համար նույնպես դժվար է ֆիզիկական աշխատանք կատարելը: Մարդիկ այլեւս նրան չեն կանչում աշխատանքի, քանի որ արդեն դանդաղ է աշխատում, շուտ է հոգնում: Որդին զորակոչի տարիքի է, սակայն նա նույնպես առողջական խնդիրներ ունի, ռազմաբժշկական հանձնաժողովը դեռեւս չի որոշել նրա կարգավիճակը: Բայց պարբերաբար Լեռնիկը նրան տանում է Բերդ՝ փորձաքննության:

«Հրապարակի» հետ զրույցում Լեռնիկը սրտնեղեց․ «Ո՛չ աշխատունակ ենք, ո՛չ թոշակ ենք ստանում, ո՛չ նպաստ, ո՛չ էլ որեւէ աջակցություն պետության կողմից: Դիմել եմ սոցապնախարարության սոցիալական ծառայության Բերդի գրասենյակին, որ գոնե եռամսյակային դրամական օգնություն ստանամ, մերժել են՝ ասելով, թե կինս իր հոր մահից հետո  Մասիսի տարածաշրջանի Սայաթ-Նովա գյուղում հայրական տանը համասեփականատեր է: Գնացել ենք, նոտարով հրաժարվել է այդ սեփականությունից՝ այն թողնելով այնտեղ բնակվող եղբոր ընտանիքին: Միեւնույն է, սոցապում մեզ չօգնեցին՝ տարբեր պատճառաբանություններով: Մի կերպ մեր գոյությունը պահում ենք՝ մի օր քաղցած, մի օր կիսաքաղցած քնելով: Տղաս պետք է գնա Բերդ՝ հանձնաժողովին ներկայանալու, դա էլ մի լրացուցիչ ծախս է մեր վրա: Ո՛չ փող ունենք՝ տաքսի վարձելու, ո՛չ էլ տրանսպորտ է աշխատում, որ գոնե վարորդին խնդրեմ՝ տանի: Ճիշտ է, մինչեւ այս կորոնավիրուսային կարանտինը մենք այս վիճակում էինք, բայց ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա պետությունը, հայրենիքս մեր մասին չեն հիշում, մենք, կարծես թե, ավելորդ բեռ լինենք այս երկրի վրա, որ սպասում են, թե երբ ենք սովամահ լինելու: Ես կուզեի, որ որդիս առողջ ու պինդ լիներ, որ գնա հայրենիքիս ծառայի, բայց հիվանդությունը մտել է մեր տուն ու դուրս չի գալիս, իսկ հայրենիքս մոռացել է մեզ, չի սիրոմ մեր նման հիվանդներին»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image