Քաղաքականություն

Ազնիվ, բայց միամիտ առաջարկ

Ազնիվ, բայց միամիտ առաջարկ

Մի ժամանակ՝ երբ երկուսս էլ ընդդիմադիր էինք գործող իշխանությանը, հարգել եմ Դավիթ Սանասարյանին: Վերին աստիճանի ակտիվ հեղափոխականը 2018-ին պաշտոն ստացավ, սակայն աննշան մի դեպքի առումով ընկավ քրեական հետապնդման տակ: Աննշան, քանի որ իշխանության մեջ հայտնվածների մի մասը շատ ավելի լուրջ, այսպես ասենք, խախտումներ է կատարել, սակայն ընդամենը ազատվել է աշխատանքից: Բնականաբար, իր նկատմամբ քրեական գործի հարուցումը նախաձեռնվել է այն ժամանակ դեռևս «դուխով» վարչապետի հրահանգով: Ժամանակին այդ միտքն էր արտահայտել նաև ԱԱԾ պետ Վանեցյանը, ում Սանասարյանը համարում էր իր հետ պատահածի պատճառը: Իրականությունն էլ այն էր, որ այդ օրերին Սանասարյանի հեղինակությունը շատ քիչ էր զիջում վարչապետ կարգվածի հեղինակությանը: Ու դրանում Նիկոլն իրավացիորեն վտանգ էր տեսնում: Ի դեպ, մի քանի տարի առաջ դա փորձել եմ բացատրել իրեն՝ հաշվի առնելով մեր նախկին մտերմությունը: Բայց ոնց որ թե ինքն այդպես էլ դա չգիտակցեց՝ որպես արմտամետ քաղաքական ուժի (այդ ընթացքում կուսակցություն էր հիմնադրել) ղեկավար շարունակելով մասնակցել Նիկոլի կազմակերպած կլոր սեղանային քննարկումներին:

Այս ամենը կրկին հիշելու առիիթը Դավիթ Սանասարյանի կողմից «Հայաստանում ներքին լարվածության հաղթահարում և կառուցողական երկխոսության հաստատում» օրակարգով հանդիպման առաջարկն է՝ ուղղված հայոց եկեղեցուն և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Դավիթը շեշտել է, որ առաջարկածը քաղաքական հարթակ չէ։ «Այն լինելու է պետական պատասխանատվության դրսևորման եզակի հնարավորություն՝ ազգային բարձր մակարդակով քաղաքակիրթ խոսակցության սկիզբ դնելու համար»։ Դավիթի առաջարկությունը որպես չեզոք անձ դիտարկելու դեպքում պետք է ընդունեմ, որ դա կարող էր լինել լավագույն ձևաչաձը: Եթե վերջինս նման առաջարկություն աներ, ասենք, գետնի վրա փորված խրամատով բաժանված հակամարտող կողմերին: Բայց այս դեպքում առկա է պայքար պետական ողջ իշխանությունն ընդդեմ մի կազմակերպության, որի միակ ուժը հանրության աջակցությունն է: Եվ պատերազմն էլ գործող իշխանության կողմից նախաձեռնվել է այդ կազմակերպությունը կազմաքանդելու նպատակով: 

Դա նշանակում է, որ իշխանության գլխին գտնվող անձին ոչ մի միջնորդ էլ պետք չէ: Եթե ինքը ցանկանար վերջ տալ հակամարտությանը, ապա դա կկատարվեր անմիջապես: Ինքն ընդամենը կդադարեցներ ֆեյսբուքյան անբարոյական գրառումները, կհրահանգեր կալանքից ազատել այն անձանց, ում իր հրահանգով հայաստանյան խիստ «անկախ» դատարանը կալանավորել է: Բայց դա իրեն պետք չէ, ուրեմն պետք չէ նաև Դավիթ Սանասարյանի ազնիվ, բայց վերին աստիճանի միամիտ նախաձեռնությունը: Վարչապետի աթոռից կառչած անձը ցանկանում է եկեղեցու դեմ պատերազմում հասնել ճիշտ այնպիսի հաղթանակի, ինչպիսին հասավ թշնամին իր նկատմամբ 44-օրյա պատերազմի ու դրան հետևած բանակցությունների արդյունքում: Իրեն միջնորդներ պետք չեն, հատկապես որ ինքը բացարձակ չի ձգտում ներքին լարվածության հաղթահարմանը: Ընդհակառակը, ինքն փորձում է անընդհատ պահպանել լարվածության բարձր մակարդակը: Եվ մի շատ կարևոր նրբություն էլ ներկայացնեմ. եթե նույնիսկ ձգտեր լարվածության թուլացմանը, ապա հաստատ չէր ընդունի հենց Սանասարյանի միջնորդությունը: Դա է, որ չի գիտակցում Դավիթը՝ իր գլխով անցած փորձությունից հետո:

Ես, օրինակ, կողջունեի Սանասարյանի նախաձեռնությունը՝ եթե այն ուղղված լիներ իր նման ազնիվ ու միամիտ անձանց՝ թիկունք կանգնել հայոց եկեղեցուն: Որովհետև Նիկոլի կողմից եկեղեցու դեմ ծավալած պատերազմը ոչ թե այն «բարեվարքելու» նպատակ է հետապնդում, այլ համահայկական այդ կառույցի հեղինակազրկում: Ու դրանով որպես հայոց ինքնության դեմ թշնամական գործողությունների դեմ պատվարի և թուրքական հեգեմոնությունն ընդունելու դեմ խոչընդոտի վերացում: Ասվածի դրսևորումն էր, օրինակ, ԱՄՆ-ում գործող հայկական լոբբիստական կազմակերպություններին թողած՝ ամերիկյան ինչ-որ ընկերություն վարձելը վարչակազմի հետ աշխատելու առումով: Իսկ հայկական կազմակերպությունների շրջանակում ակտիվ ու դրական դերակատարում է ունեցել հենց եկեղեցին: Ինչևէ, բարձրաստիճան հոգևոր սպասավորների շրջանում բարեվարքություն հաստատելու անվան ներքո եկեղեցին կազմաքանդելու՝ ադրբեջանաթուրքական պահանջը կատարելը անբարոյականության բարձրագույն կետն է, որ հնարավոր չէր պատկերացնել նույնիսկ գիշերային մղձավանջում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image