Արարատի մարզի Այնթապ համայնքի բնակչուհի Մ.Թ-ի մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել: Մեկ շաբաթից ավել Մ.-ն ունեցել է բարձր ջերմություն, շնչարգելություն, թուլություն: Ու քանի որ հաստատված վարարակիր են նաեւ նրա հարազատները, եւ ինքը եղել է կոնտակտավոր, համոզված է եղել, որ ինքը նույնպես կորոնավիրուսով է վարակված: Մեզ հետ զրույցում Մ.Թ.-ն ասաց.«Ես շատ վատ վիճակում եմ, անգամ ջերմիջեցնող դեղեր օգտագործելուց հետո ջերմությունս չի իջնում 38 աստիճանից: 39- 40 աստիճանները այս օրերի իմ մարմինի հիմնական ջերմաստիճանն է, օրգանիզմս ամբողջությամբ թուլացած ու հյուծված վիճակում է, կարծես թե ուր որ է շունչս կկտրվի, էլ չեմ կարող շնչել: Բժշկուհին ինձ տնային բուժումներ է նշանակել՝ ջերմիջեցնողներ, անտիբիոտիկներ: Բայց ամեն գիշեր ինձ համար մղձավանջային է, թվում է, թե էլ չեմ լուսացնի: Ամեն գիշեր աղոթում եմ, որ երեխաներիս նորից տեսնեմ: Իսկ երբ լույսը բացվում է, ու տեսնում եմ, որ ողջ եմ, աստծուն փառք եմ տալիս, ուրախանում եմ: Ես չգիտեմ, թե ոնց է լինելու սրա շարունակությունը, վերջը: Երբեք ինձ այսքան անպաշտպան չեմ զգացել: Չնայած ունեմ լավ ընտանիք, լավ ամուսին, ով հոգատարությամբ խնամում է ինձ՝ վտանգելով իր կյանքն ու առողջությունը: Երեխաներիս ուղարկել եմ տատիկի տուն, որ հետս չշփվեն: Բայց մենք մի բակում ապրում ենք մեծ ընտանիքով. այստեղ կան յոթ անչափահաս երեխաներ, որոնք գնալու տեղ չունեն, եւ վեց չափահասներ, որոնցից մեկը 60 տարեկանից բարձր է: Օգտվում ենք գրեթե նույն կենցաղից: Նրանք էլ են ինձ խնամում: Ես չգիտեմ, թե այս երեխաների ու այս մարդկանց առողջությանը ի՞նչ է սպասվում: Ասում են, որ հիվանդանոցներում տեղ չկա, որ մեզ հոսպիտալացնեն: Բա հիմա ինչպե՞ս է լինելու իմ եւ այս ընտանիքի վիճակը: Ես չգիտեմ՝ կլավանամ, թե ոչ: Ոչ ոք չի համարձակվում գալ ներարկումներ անել, տեղի բուժամբուլատորիան չունի համապատասխան հանդերձանք, որ բուժքույրերը գան ներարկումներ անեն: Միայն դեղահաբերով ո՞նց եմ բուժվելու, կդիմանա՞մ այս մղձավանջային ջերմությանը, կհաղթահարե՞մ այս դժոխքը, չգիտեմ: Ես շատ գոհ եմ մեր տեղի ամբուլատորայի բժշկուհիներից, անձնակազմից: Դիմել եմ իրենց, բայց գյուղում այնքան շատ են հիվանդները, որ մարդիկ գիշեր-ցերեկ աշխատելով հազիվ են հասցնում զբաղվել բոլոր գանգատ ունեցողներով: Վարակակիր են նաեւ հայրս, մայրս, եղբայրս, երկու քույրերս, մեկի սկեսուրը, 7-ամյա երեխան: Այսքանից միայն երկու քույրերս են գտնվում հիվանդանոցներում, մեկը Մալայանի օրթոպեդիկում, մյուսը՝ Գր. Լուսավորիչում: Ի տարբերությունը տանը ինքնամեկուսացված մյուս հարազատներիս, իմ առողջական վիճակը անասելի վատ է: Բացի այդ՝ դեղորայքը մենք ենք գնում մեր միջոցներով, այն դեպքում, երբ ես ու ամուսինս արդեն չենք աշխատում, եւ երեք երեխաները մեր խնամքի տակ են: Սա դեռ քիչ էր, ամուսնուս էլ մեքենայի մեջ դիմակ չկրելու համար 10 հազար դրամի տուգանք են նշանակել: Ոնց հասկանում եմ, այս համավարակը մենք մեր ուժերով ենք հաղթահարելու: Մեր թիկունքում չկա պետություն: Ով ապրեց՝ ապրեց, ով մեռավ՝ մեռավ: Այսպես չէր կարելի…»:
Հասարակություն
«Ամեն գիշեր աղոթքով եմ լուսացնում, որ երեխաներիս նորից կարողանամ տեսնել». 34-ամյա վիրուսակիր կին
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯