Քաղաքականություն

«Հրապարակ». Լոռու մարզպետը կարծում է, որ բոլորս կրթվելու կարիք ունենք

«Հրապարակ». Լոռու մարզպետը կարծում է, որ բոլորս կրթվելու կարիք ունենք

Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, շարունակում է կրթել հասարակության այն զանգվածին, որն ինչ-որ թելերով կապված է իշխանության հետ։ Նրան սուփրա-սեղանով դիմավորել են տարբեր մարզերում, այդ թվում՝ նաեւ Լոռու մարզում։ Մարզպետարանի աշխատակազմը տանձ-խնձոր-մանդարինով, խմորեղենով սեղան էր գցել, լսարան ապահովել հանրությանը կրթելու առաքելությունը ստանձնած տիկնոջ համար։ Հրապարակված տեսանյութից այլ բան հնարավոր չէ հասկանալ` խոսք չկա, միայն երաժշտություն է ու լայն ժպիտներ։ Նշենք, որ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավը կապ չունի ԿԳՄՍՆ-ի հետ, սա սիրողական մակարդակի, ցուցադրական մի բան է, որը նախաձեռնել է մի մասնավոր հիմնադրամի նախագահ։ Ուստի հարց է առաջանում` ի՞նչ ռեսուրսներ են ծախսում այս «կրթական միջոցառումների» վրա, ո՞վ է այդ կերուխումերի համար վճարում, ի՞նչ միջոցներից։ «Հրապարակն» այս մասին կառավարության նիստից հետո հարցեր ուղղեց Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին։ Նա ասաց, թե «Իմ քայլը» հիմնադրամն է Լոռու մարզում սեղան գցել, որ տիկինը գա եւ անցկացնի իր կրթական արշավը։ 

«Խնդրում եմ՝ գնահատականներ պետք չի հնչեցնել՝ «սուփրա-սեղան», թե ինչ։ Բնականաբար, կազմակերպում է իրենց հիմնադրամը, ես չեմ կարող հավելյալ տեղեկություն տալ։ Անիմաստ հարց եք տալիս»,- խուճապի մատնվեց մարզպետը։ Արդյո՞ք Արամ Ղազարյանը կարծում է, որ հանրությունն Աննա Հակոբյանի դասախոսությունների կարիքն ունի, ինքն անձամբ ի՞նչ է սովորել այդ հանդիպումից, ի՞նչ է հիշում։ Ղազարյանն այս հարցին կոնկրետ չպատասխանեց, ոչ էլ հիշում է հանդիպման մանրամասները, միայն շեշտեց՝ ցանկացած ոք կրթվելու կարիք ունի։ Այո, բայց Աննա Հակոբյա՞նն է այն գիտունը, որ պետք է կրթի բարձր պաշտոն զբաղեցնող անձին՝ մարզպետին։

«Շատ լավ տպավորություն ստացա։ Ես՝ ինքս, յուրաքանչյուր օր, մշտապես իմ աշխատանքի մեջ կրթվում եմ եւ յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում՝ յուրաքանչյուր օր կրթվել։ Աննա Հակոբյանը չի մեզ կրթում։ Տվյալ հանդիպման ժամանակ խոսեցինք տարբեր հարցերի մասին, այո, գտնում եմ, որ անհրաժեշտ է խոսել տարբեր թեմաների մասին։ Տվյալ օրը խոսվեց մեր անցյալի ու պատմաբանների մասին, տարբեր թեմաների մասին, որին մենք ամեն օր առնչվում ենք։ Ես կարծում եմ, որ շատ տպավորիչ հանդիպում էր»,- ասաց նա։ Մարզպետը կարծում է, որ բոլորս այդ հանդիպման կարիքն ունենք՝ կրթվելու համար։ «Կրթվելը միայն բուհով չի որոշվում։ Այդ հանդիպման անհրաժեշտությունն այն էր, որ եւս մեկ անգամ առիթ ունեցանք խոսել տարբեր թեմաների մասին, որի վերաբերյալ կարող է չունենանք համապատասխան գիտելիքներ»,- նշեց Ղազարյանը։ Լոռու մարզպետը վստահ է՝ չկա մի մարդ, որ ամենագետ լինի, ուստի այս առումով շատ է կարեւորում ու գնահատում Աննա Հակոբյանի ջանքերը։

Նշենք, որ «Կրթությունը նորաձեւ է» արշավի շրջանակում Աննա Հակոբյանը ոչ միայն հանդիպում է տարբեր անձանց, այլեւ պարբերաբար առանձնացնում է իր այս արշավի մասին գրված քննադատությունները, տհաճ մեկնաբանությունները, հրապարակում եւ վիրավորում դրանց հեղինակներին։ Հավանաբար, կրթված մարդիկ` իր կարծիքով, պետք է նման անկիրթ ու մեծամիտ պահվածք դրսեւորեն:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image