2025թ․ դեկտեմբերի 5-ին Դիլիջանի ավագանին որոշում է ընդունել՝ Վազգեն Սիմոնի Գեւորկյանին Դիլիջան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին։ Որոշմանը կողմ է քվեարկել ավագանու 11 անդամ, դեմ կամ ձեռնպահ չի եղել։ Ուշագրավ է, որ նույնիսկ համայնքի ավագանու անդամները չեն իմացել, թե ով է Վազգեն Գեւորկյանը։ Ավագանու դեկտեմբերի 5-ի նիստում համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն ավագանու անդամներին հայտնել է, որ Վազգեն Գեւորկյանը «Գրինք Ռոք» կազմակերպության հիմնադիրն է, ֆինանսավորում է Դիլիջան քաղաքի մարզադպրոցը, նպաստում է համայնքի զարգացմանը, ներդրումներ է անում։ Սակայն Դիլիջան համայնքի նույնիսկ ակտիվ բնակիչները չեն ճանաչում Վազգեն Գեւորկյանին։
«Գրինք Ռոք» ընկերության ինտերնետային կայքում գրված է, որ այդ ընկերությունը «Դիլիջանում իրականացնում է առեւտրային եւ սոցիալական նախաձեռնություններ՝ կայուն աճը, զբոսաշրջությունը եւ կյանքի որակը խթանելու համար: Մեր առաջատար նախագիծը՝ բազմաֆունկցիոնալ համալիրը՝ հյուրանոցով, մշակութային վայրերով եւ հանրային տարածքներով, նախատեսված է ենթակառուցվածքային բացերը լրացնելու համար՝ միաժամանակ պահպանելով քաղաքի իսկական բնույթը: Ապագա ծրագրերը ներառում են նաեւ Art այգի եւ ժամանակակից համերգասրահ, որոնք ամրապնդում են Դիլիջանի դերը՝ որպես մշակութային եւ գործարար կյանքի կենտրոն»: Բայց կայքում, որպես ընկերության հիմնադիր, նշված է Մարետա Գեւորկյանը։ Ըստ ամենայնի՝ Վազգեն Գեւորկյանը նրա մերձավոր ազգականն է: