Փաշինյանը տեղեկացնում է, որ այս կիրակի գնալու է Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի Սուրբ Գևորգ Եկեղեցի։ Արձագանքը գիտեք՝ հանրությունը դա պղծություն է համարում։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի 1854 թվականին, գյուղացիների ջանքերով։ Եկեղեցու պատմության հետագա ընթացքը չներկայացնեմ, որովհետև ինձ ավելի շատ հետաքրքիր էր, թե ո՞վ է այսօր եկեղեցու քահանան։
Եկեղեցու քահանան տեր Մաշտոց Ստեփանյանն է։ Քահանայի ֆեյսբուքյան էջում մի այլ հոգևոր հորից արված գրառում եմ կարդում, որտեղ ասվում է, թե ինչքան դժվար է քահանա լինելը։ Չեմ նշի դժվարության հետ կապված բոլոր կետերը, վերջին կետը ամեն ինչ ասում է․ «Դժվար է քահանա լինել, և այդ պատճառով էլ քահանան երբեմն դեմքով շրջվում է մարդկանց, որպեսզի նրանք չտեսնեն, թե ինչպես է արտասվում, երբ իր ձեռքերով վերև է բարջրացնում ծածկած Քրիստոսին»։ Այգեշատ գյուղի քահանայի համար եթե առանցքային չլիներ այս խոսքերը՝ մեջբերում չէր անի։ Ու հիմա նրան փորձություն է սպասվում։
Հետո էջից իմանում եմ, որ 44-օրյա պատերազմում զոհվել է Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանի որդին՝ Արմեն Ստեփանյանը: Քահանայի մյուս որդին նույնպես առաջնագծում էր։ Տեղեկանում եմ նաև, որ նա զոհվել է հերոսաբար, իր մարմնով փրկելով ընկերոջ կյանքը․․․Փաշինյանը գնում է այն եկեղեցի, որտեղ քահանայի որդին մարմնով փրկել էր ընկերոջ կյանքը։ Ես չեմ հավատում, որ այս քահանան թեկուզ կյանքի գնով չի փրկի Եկեղեցին․․․