Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչ Հայկ Կոնջորյանը Ժամանակին Իրանի Իսլամական Հանրապետությունն ավտորիտար պետություն էր հռչակում, եւ պատերազմի ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Իրանի կողմից մեզ աջակցելու առաջարկները մերժվել էին ՀՀ իշխանությունների կողմից: Եվ այդ ամենի ետեւում ամերիկյան իշխանությունների ականջներն էին երեւում: Սակայն մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 16-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում Իրանի հյուպատոսություն բացվեց, եւ այդ արարողության ժամանակ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակված Մորթեզա Աբեդին Վարամինն իր խոսքում «դուխ տվեց» Հայաստանի «դուխով» իշխանություններից հույսը կտրած սյունեցիներին։ «Մեր պատգամը խաղաղության եւ բարեկամության պատգամ է։ Ես Կապանի բնակչության համար եւս մեկ անգամ շեշտում եմ` չանհանգստանաք, ես Կապանում եմ»,- ասաց հյուպատոսը՝ նկատելով, որ Իրանը ցանկանում է տեսնել խաղաղ ու զարգացած Հայաստան, որը նաեւ իր երկրի շահերից է բխում։ Նա նաեւ հերթական անգամ ընդգծեց Իրանի պաշտոնական դիրքորոշումը՝ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տալու կամ հայ-իրանական սահմաններն Ադրբեջանի միջոցով փոփոխության ենթարկելու անթույլատրելիության մասին` զգուշացնելով, որ Իրանը պաշտոնապես չի ճանաչելու սահմանների որեւէ փոփոխություն։
«Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները պետք է հարգվեն։ Հայաստանի անվտանգությունն Իրանի անվտանգությունն է։ Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որեւիցե փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու»,- ասաց նորանշանակ հյուպատոսը։
Դատելով միջոցառման ժամանակ Իրանի դեսպանի կողքը կանգնած ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի դեմքի արտահայտությունից՝ Հայաստանի արեւմտամետ ու պրոթուրքական մոտիվացիաներ ունեցող իշխանություններն այնքան էլ գոհ չեն այն փաստից, որ Իրանը հյուպատոսարան է բացում Կապանում՝ ադրբեջանական զինուժի ուղիղ նշանառության տակ, միաժամանակ նաեւ գոտեպնդում եւ հուսադրում է բնակչությանը, որ չանհանգստանան՝ իրենք այստեղ են։ Այսինքն՝ Իրանը Հայաստանի սահմանների ու հայ ժողովրդի անվտանգության երաշխիքներ է տալիս, ինչը չեն կարողանում եւ չեն ցանկանում ապահովել Հայաստանի իշխանությունները, որոնք թույլ տվեցին, որ թշնամին զավթի Գորիս-Կապան մայրուղին, որից նաեւ իրանական բեռնատարներն էին օգտվում, իսկ հիմա կանգնել են լոգիստիկ լուրջ դժվարությունների առաջ։
Այս ամենը շատ լավ գիտակցում է թե՛ Արարատ Միրզոյանը, թե՛ նրան այդ պաշտոնում նշանակած քաղաքական ղեկավարությունը, դրա համար էլ Միրզոյանն Իրանի դեսպանի կողքը կանգնել էր դեմքի դժբախտ ու դժգոհ արտահայտությամբ։ Մենք լավ ենք հիշում, թե Թուրքիայում նա ինչ լայնաժպիտ դեմքով էր հանդիպում Չավուշօղլուի հետ: Ի դեպ, մինչ Կապանում հյուպատոսարանի բացումը, հոկտեմբերի 20-ին Երեւան էր ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ով հանդիպումներ ունեցավ ե՛ւ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ Արարատ Միրզոյանի, ե՛ւ Ալեն Սիմոնյանի հետ: Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Իրանի ԱԳ նախարարը հատուկ շեշտել էր, որ Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում, ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ։ Իսկ Կապանում հյուպատոս Վարանին ասել էր, թե նախարարը, հավանաբար, նկատի է ունեցել օտարերկրյա ռազմական միավորումները, որոնք գուցե կարող են ներկայություն ունենալ տարածաշրջանում:
Այսինքն՝ թե՛ նախարարի, թե՛ հյուպատոսի մակարդակով Իրանի կողմից շեշտվել է, որ Հայաստանը չպետք է թույլ տա սահմանների փոփոխություն, միջանցքի տրամադրում եւ այլն։ Իսկ ո՞րն է եղել այս ամենին ՀՀ արտգործնախարարի պատասխանը։ Արարատ Միրզոյանը Կապանում մի հերթապահ ելույթ ունեցավ՝ առանց անվտանգային ու ռազմավարական փոխգործակցությանն առնչվող շեշտադրումների։ Նա ընդամենը շնորհակալություն հայտնեց «մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշման» համար՝ դրանով հասկացնելով, որ դա Իրանի որոշումն ու ցանկությունն է եղել, ոչ թե Հայաստանի, եւ եթե Իրանը չցանկանար, Հայաստանն առանձնապես ջանք չէր գործադրի այս հարցում։ Ապա ավելացրեց ստանդարտ դիվանագիտական բառամթերք, որն ասվում է նաեւ Ղազախստանի, Բելառուսի կամ, ասենք, Սերբիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, այն է՝ «Իրանը Հայաստանի համար մշտապես եղել է եւ կշարունակի լինել առանցքային գործընկեր, մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաեւ առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտի, գիտակրթական, զբոսաշրջային, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր», եւ այսպես շարունակ։
Կապանում Իրանի հյուպատոսության բացումը, իրականում, գեոպոլիտիկ ու ռազմական ենթատեքստ է պարունակում, հատկապես Հայաստանի՝ վերջին շրջանում ակնհայտ պրոամերիկյան, ըստ այդմ՝ նաեւ պրոթուրքական կողմնորոշման ֆոնին։ Հաշվի առնելով իրանա-ամերիկյան լարված հարաբերությունները՝ քաղաքագետ Արեգ Քոչինյանից հետաքրքրվեցինք, թե, իր կարծիքով, ինչպիսին կլինի ԱՄՆ-ի վերաբերմունքը Կապանում Իրանի կողմից հյուպատոսարան բացելու փաստին։
Նա նախ նկատեց, որ այդ տրամաչափի խաղացողների՝ Իրանի, Ամերիկայի, Ռուսաստանի շահերը եւ քաղաքականությունը միաշերտ չեն։ «Եթե կան հարցեր, որոնցում, օրինակ, Իրանը եւ Ռուսաստանը համաձայն են կամ գործում են համատեղ, իսկ, օրինակ, հավաքական Արեւմուտքը, իսկ ավելի կոնկրետ՝ Միացյալ Նահանգները եւ Իրանը հակադիր դիրքորոշում ունեն, դա դեռ չի նշանակում, որ այդպես է բոլոր հարցերում։ Ինձ մոտ տպավորություն կա, որ Իրանը եւ Արեւմուտքը կոնկրետ միջանցքի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում ունեն ընդհանուր շահեր եւ այդ ընդհանուր շահերի սպասարկման մեջ առնվազն միմյանց չեն խանգարում»,- ասաց քաղաքագետը՝ հիշեցնելով, որ երրորդ անգամ է, որ Իրանը մեր սահմանամերձ հատվածում իրականացնում է ռազմական վարժանքներ, եւ դա որեւէ կերպ արձագանքի չի արժանանում ԱՄՆ-ի կամ արեւմտյան որեւէ այլ ուժային կենտրոնի կողմից։ Այսինքն, ըստ մեր զրուցակցի, մեզ հետ կապված հարցերում Իրանի եւ Արեւմուտքի միջեւ շահերի որոշակի ընդհանրություն կա, եւ այդ ընդհանրությունն այս պահի դրությամբ արտահայտվում է միմյանց չխանգարելով։
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Արեգ Քոչինյանի կարծիքով, այստեղ հակառակ իրավիճակն է․ «Չնայած նրան, որ Իրանը եւ Ռուսաստանը շատ հարցերում ունեն ընդհանրություններ եւ, ըստ էության, շատ հարցերում են իրար հետ աշխատում, բայց այս հարցում իրենք հակադիր մոտեցումներ ունեն։ Ռուսաստանն ուզում է տեսնել սեփական վերահսկողությամբ գոյություն ունեցող միջանցք՝ երկկողմանիորեն ցանկապատված ճանապարհ, իսկ Իրանը դա չի ուզում տեսնել, ուստի այս հարցում Ռուսաստանը եւ Իրանը գտնվում են հակադրության մեջ ու պայքարում են միմյանց դեմ»։