Սովորաբար թույլ, ծեծված, պարտված մարդիկ են թաքնվում ուրիշի հետևում։ Պախկվում են այս կամ այն հեղինակություն ունեցող, ուժեղի թիկունքում։ Հայաստանի իշխանությունն այսօր հենց այս վիճակում է։
Հոգեբանական տեսանկյունից կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանին, երբ նա նրբորեն Ադրբեջանին ակնարկում է՝ «բա ձեզ չէ՞ի ասել, որ «Զանգեզուրի միջանցք» չասեք»։ Հայ ժողովուրդը դրանից չի թեթևանում։ Ընդհակառակը՝ դավաճանության հոտ է առնում։ Ուղերձն էլ պարզ է՝ պետք է այնպես անել, որ քնածը քնած մնա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր հերթին խնդրում է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինից՝ հավելելով, թե երկրների միջև ստորագրված փաստաթղթերի համաձայն պետք է ասել՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։
Թրամփը այն «ուժեղ տղան» է, որի հետևում փորձում է թաքնվել մեր իշխանությունը։ Հիշում եք, չէ՞, երբ ասում էին՝ Երասխում զրոյից կառուցվելու է 70 մլն դոլար արժողությամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Ամերիկյան դրոշ էլ տնկեցին, որ ադրբեջանցիների «ոտքերը թուլանան»։ Բայց դա չօգնեց․ հետո պարզվեց՝ հակառակորդի կրակոցների պատճառով գործարանը տեղափոխում են Արարատ։
Սա է պատասխանը այն պաշտոնյաներին, որոնք ասում են՝ «Ալիևի կրակոցներին ուշադրություն մի դարձրեք, Թրամփը մեզ հետ է»։ Նույն դրոշի պատմությունն է, նույն Ամերիկան։ Կրկին թաքնվել են նրա հետևում, իսկ Ալիևի կրակոցները շարունակվում են՝ այս անգամ «Զանգեզուրի միջանցք» բառերով։
Նիկոլ Փաշինյանը բարձր ամբիոններից Թրամփի անունն է տալիս։ Միգուցե իրենք էլ մտածում են՝ այս մարդը ի՞նչ այլմոլորակային է ու որտեղից հայտնվեց․․․