«Ութ ամիս է, ինչ մենք դատական գործընթացների մեջ ենք: Կապանի առաջին ատյանի դատարանի դատավճիռը իրավաչափ չէր և մենք դիմել էինք վերաքննիչ դատարան», -մեզ հետ զրույցում ասաց ապրիլի 12-ին ադրբեջանցի դիվերսանտ Հուսեյն Ախունդովի կողմից սպանված Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը՝ Անի Մելիքսեթյանը։
Նա նշեց, որ անակնկալ զանգ են ստացել ու տեղեկացել, որ վերաքննիչ դատարանում նիստն` իրենց բողոքի հետ կապված այսօր է տեղի ունենալու։ «Դատարանն առանց մեզ նիստն անցկացրեց և որոշեց ցմահ ազատազրկում տալ այդ մարդասպանին։ Մեր պահանջը դատարանից, այո, եղել է իրավաչափ և արդարացի դատավճիռ կայացնելը։ Ասեմ, որ դժվար է որևէ որակավորում տալը, ասել՝ գոհ եմ, թե գոհ չեմ, որովհետև մեզ համար կարևոր է ոչ թե ցմահ բառն է, այլ ցմահ ազատազրկումը։ Այսինքն, ես և իմ ընտանիքը ուզում ենք, որ սա պարզապես բառ չլինի, այլ լինի գործողություն՝ իրականում այդ մարդասպանը ստանա իր պատիժը, այսինքն, կրի ցմահ ազատազրկում»,-ասաց Անի Մելիքսեթյանը։
Նա չի ուզում գնահատական տալ` արդյոք վերականգնվե՞ց արդարությունը, որովհետև բավականին շատ մտավախություններ ունի. «Սկսած հենց նրանից, որ դատական նիստի օրը փոխվեց, շատ արագ ձևով նիստ նշանակվեց, առանց մեր ներկայության` դատական նիստը կայացավ, արդյունքում եղավ ցմահ ազատազրկում։ Ուզում եմ հուսալ և մեծ հավատով վերաբերվել այս ամենին, հուսալ, որ որևէ նենգ խաղ չէ սա, հուսալ, որ այս դատավճռի տողատակերում և ենթատեքստում այլ բան չկա։ Առհասարակ այո, մենք պահանջում էինք ցմահ ազատազրկում, բայց նաև գիտենք, որ կա գերիների փոխանակման հարց և մենք դիմել ենք նաև այն պահանջով, որ Ախունդովին առհասարակ պետք է տարանջատել գերիներից։ Նա գերի չէ՝ նա դիվերսանտ է, նա մարդասպան է և մենք Ադրբեջանում չունենք այդ կարգավիճակով անձ, որ իրավաչափ լինի նրա հետ փոխանակումը»,-նկատում է Մելիքսեթյանը։
Սպանվածի դուստրը նշում է, որ Փաշինյանն էլ Ազգային ժողովում հրապարակային հայտարարել է, որ փոխանակում կլինի միայն իրավական հիմքերի առկայության դեպքում, իսկ այս պարագայում որևէ իրավական հիմք չկա։ Արադարությունն այն կլինի, որ Ախունդովը ցմահ իր պատիժը կրի և նրան տարանջատեն գերի որակավորումից։ Վերջինս ուզում է հուսալ, որ օրինականության քողի տակ սա հերթական անօրինականությունը չի լինի։
Մեր հարցին, արդյոք դեմ կլինի՞, եթե ադրբեջանցի մարդասպան-դիվերսանտ Ախունդովին փոխանակեն, օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության` նախկին նախագահների, գեներալների, բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ասաց․
«Դժվարանում եմ պատասխանել, որովհետև չեմ էլ կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնի նման մարդկանց փոխանակել այսպիսի հասարակ ոչնչության հետ, որը պարզապես դիվերսանտ է, ով հատել է սահմանը, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերի նաև, որովհետև նրան իր երկրում ճնշումների էին ենթարկում։ Ամեն դեպքում բացառում եմ նման փոխանակումը, բայց փոխանակման ինչ պայմաններ էլ լինեն, ուզում եմ նշել, որ որևէ մեկը` սկսած իշխանությունից, և առհասարակ որևէ մեկը, չունի որևէ բարոյական իրավունք, առանց իմ ընտանիքի համաձայնության և գիտության, փոխանակման մասին որոշում ընդունել»։