Մշակույթ

Քաղաք՝ առանց գլխավոր հատակագծի, քաղաքաշինական խորհրդի եւ գլխավոր ճարտարապետի

Քաղաք՝ առանց գլխավոր հատակագծի, քաղաքաշինական խորհրդի եւ գլխավոր ճարտարապետի

Ճարտարապետ, պրոֆեսոր Սիրեկան Օհանյանն 90-ական թվականներին աշխատել է Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության վարչությունում, եղել է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի տեղակալը, ապա երկար տարիներ զբաղեցրել է կառավարության քաղաքաշինության եւ աղետի գոտու, քաղաքաշինության եւ բնական ռեսուրսների վարչության պետի պաշտոնը: 2009 թվականին նշանակվել է «Երեւաննախագիծ» ընկերության տնօրեն եւ այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2023 թվականը: Ապա նշանակվել է քաղաքապետի խորհրդական: Դառնալով քաղաքապետ՝ Տիգրան Ավինյանը որոշել է նրան ազատել քաղաքապետի խորհրդականի պաշտոնից: Նա դասախոսում է, նախագծեր է անում:  

- Պարոն Օհանյան, Երեւանն այսօր բազմաթիվ քաղաքաշինական խնդիրների առջեւ է կանգնած, եւ առավել, քան երբեւէ, ակտուալ է Երեւանի գլխավոր հատակագծի հարցը։ Մեր մայրաքաղաքն ունի՞ գլխավոր հատակագիծ, այսօրվա արագ տեմպերով կառուցապատվող Երեւանը որքանո՞վ է համապատասխանում քաղաքի գլխավոր հատակագծին։ 

- Երեւանի վերջին գլխավոր հատակագիծը մշակվել է 2005-ին, որի գործողության ժամկետը, կառավարության որոշմամբ, սահմանվել էր 2006-2020 թթ․։ Այսինքն՝ այն դրույթները, որոնք նախագծված էին՝ իրականացնելու Երեւան քաղաքում, նախատեսվում էին իրականացնել մինչեւ 2020-ը։ Նոր գլխավոր հատակագծի մշակման նախապատրաստական աշխատանքները սկսվեցին 2017-ից, որպեսզի նախկինի ժամկետը լրանալուն պես, ուժի մեջ մտներ նոր գլխավոր հատակագիծը։ Ցավոք, իրականացման ընթացքը տարեցտարի հետաձգվեց, չնայած Երեւանի քաղաքապետարանի բյուջեում համապատասխան գումար յուրաքանչյուր տարի նախատեսված է եղել։ Մշակման ժամկետների առումով առնվազն նախատեսված էր գոնե 3 տարի, որից 2 տարին՝ նախագծի մշակման համար, մեկ տարին էլ՝ նախագծի համաձայնեցման եւ բազմաթիվ փորձաքննություններ անցկացնելու համար։

- Ի՞նչը խանգարեց դրան՝ 2018-ի իշխանափոխությո՞ւնը։

- Ըստ էության, տարբեր պատճառներ գտնվեցին․․․, հետագայում՝ 2020-21-ին, խնդիր դրվեց՝ նոր սպառիչ, գլխավոր հատակագիծ անել, նոր առաջադրանք մշակվեց, որը, ավագանու որոշմամբ, հաստատվեց։ Սակայն տարեցտարի էլի գումար նախատեսելով տարեկան զարգացման բյուջեում, ըստ էության, պատվեր չտրվեց «Երեւաննախագծին»՝ որպես գլխավոր հատակագծի մշակող։ Հետո խնդիր առաջացավ, որ անհրաժեշտ է մրցույթ հայտարարել, բայց դա էլ չհայտարարվեց, եւ, ըստ էության, նկատի ունենալով, որ գործող հատակագծի ժամկետն անցնում է, ավագանին այսպիսի պայմանական մի որոշում ընդունեց, այն է՝ Երեւան քաղաքի 2006-2020թթ․ գլխավոր հատակագծի գործողության ժամկետը երկարացնել մինչեւ 2024թ․ վերջը, բայց ոչ ուշ՝ մինչեւ նոր գլխավոր հատակագծի մշակումը։ Բացի այդ, կա եւս մի խնդիր, որը պրոբլեմներ է ստեղծելու․ «Քաղաքաշինության մասին» օրենքի վերջին անցումային դրույթների մասին որոշմամբ՝ այն բնակավայրերը, որոնք մինչեւ 2024-ի հուլիսի 1-ը չեն ունենա գլխավոր հատակագիծ, բնակավայրերի տարածքում պետք է դադարեցնեն քաղաքաշինական գործունեությունը, այսինքն՝ թույլտվություններ, շինարարություններ եւ այլն։ Ես՝ որպես «Երեւաննախագծի» նախկին տնօրեն, մշտապես հիշեցրել եմ, որ մենք ժամանակի եւ իրավական խնդիրների հետ ենք բախվելու՝ գլխավոր հատակագծի հետ կապված։

- Որպես այդպիսին, հիմա քայլեր արվո՞ւմ են նոր գլխավոր հատակագիծ ունենալու ուղղությամբ, հատկապես որ գործող հատակագծի ժամկետը լրանում է տարեվերջին։         

- Որքանով ես գիտեմ, գլխավոր հատակագծի մշակման համար նախագծային աշխատանքներ սկսելու որեւիցե պայմանագիր գոյություն չունի ո՛չ մեկ աղբյուրից, ո՛չ էլ մրցութային կարգով։ Այսինքն՝ Երեւանի գլխավոր հատակագծի մշակման համար պաշտոնական ընթացակարգ տրված չէ։

- Բայց շաբաթներ առաջ քաղաքապետը տեսակապով Երեւանի նոր գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր էր քննարկել Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն, քաղաքաշինարար Քրիս Չոայի հետ՝ «համատեղ ճանապարհային քարտեզ մշակելու» համար։ 

- Քաղաքների նախագծման պրակտիկայում հազվադեպ են դեպքեր եղել, որտեղ այլ երկրի մասնագետն ուրիշ երկրի ճարտարապետական բլոկն է նախագծել, այն էլ՝ գործող խոշորագույն մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար։ Ես չեմ կարծում, որ լուրջ է՝ բերել մի մասնագետ, ով տվյալ բնակավայրի, քաղաքի քաղաքաշինական, ճարտարապետական, ինժեներական, սեյսմանվտանգության, տարերային կամ բնական աղետների մասով ոչնչից տեղյակ չլինելով՝ կարողանա քաղաքի գլխավոր հատակագիծ նախագծել կամ նման ռիսկի տակ մտնել։ Նման դեպքեր եղել են քաղաքի որոշակի հատվածների համար, կամ շատ հաճախ դրանք կրել են ձեւական բնույթ։ Որեւէ լուրջ քաղաքաշինարար կամ տարածական պլանավորման մասնագետ շատ զգուշությամբ է մոտենում նման հարցերին․․․

- Ստացվում է՝ այս վիճակը, երբ չկա քաղաքի գլխավոր հատակագիծ, ձեռնտու է քաղաքային իշխանություններին, որովհետեւ շատ հեշտ կարելի է շրջանցել տարբեր թույլտվություններ՝ կանաչ լույս վառելով բազմաթիվ կառուցապատողների համար։

- Գլխավոր հատակագծի դրույթների, հեռանկարների եւ զոնավորման նախագծերի իրականացման խնդիրը դրված է Երեւանի քաղաքապետարանի վրա, ինչ կարգով եւ ինչի հիման վրա էլ «Քաղաքաշինության մասին» օրենքով եւ կառավարության համապատասխան որոշումներով նախատեսված է քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը, այսինքն՝ նախագծերի մշակում, համաձայնեցում, փորձաքննություն, շինարարություն եւ այլն, որը ենթադրում է, որ ցանկացած գործողություն, շինարարության թույլտվություն կարելի է ստանալ միայն այն դեպքում, եթե այն նախատեսված է քաղաքի գլխավոր հատակագծով կամ գոտիավորման նախագծով, այլ իրավասություն որեւիցե մեկը չունի անելու։ Ես՝ որպես քաղաքապետարանի նախկին աշխատակից, մի քիչ ձեռնպահ կմնամ մեկնաբանելու, առավել եւս, որ շատ բաներից տեղյակ չեմ, որովհետեւ «Երեւաննախագիծը» շինարարության նախագծման թույլտվությունների համաձայնեցումներին եւ այդ գործընթացներին մասնակից չի լինում, եթե ժամանակին էլ լինում էր, ապա կար քաղաքաշինական խորհուրդ, որին մասնակից էր գոնե խորհրդի կազմում, հիմա ո՛չ նման հասկացություն կա, ո՛չ էլ նման մարմին...

- Հիմա գոյություն չունի՞ քաղաքաշինական խորհուրդ։

- Ոչ, արդեն 3-րդ տարին է՝ նախկինը լուծարվեց, նոր խորհուրդ չի ստեղծվել, չնայած, եթե չեմ սխալվում, Երեւանի ավագանու 2013թ․ որոշմամբ նախատեսված է, որ քաղաքապետը պետք է ունենա քաղաքաշինական խորհուրդ՝ առնվազն 30 մասնակցի առկայությամբ։ 

- Մի կողմից՝ քաղաքաշինական խորհրդի, մյուս կողմից՝ քաղաքի գլխավոր ճարտարապետի ինստիտուտի բացակայությունն ինչպե՞ս է ազդում քաղաքի ու քաղաքային պլանավորման վրա։

- Քաղաքապետարանի կազմում գլխավոր ճարտարապետի առկայությունը նախատեսված էր օրենքով, սակայն 2020-ին, քաղաքապետի առաջարկությամբ, օրենքի փոփոխություն եղավ, եւ գլխավոր ճարտարապետի հաստիքացուցակն ընդհանրապես հանվեց։ Մինչդեռ, վստահաբար ասում եմ, նման մասնագետի առկայությունը պարտադիր է ոչ միայն Երեւան քաղաքում, այլեւ հանրապետության բոլոր քաղաքատիպ վայրերում եւ մարզերում, որովհետեւ քաղաքապետարանում պետք է լինի մասնագետ, որը պետք է համակարգի քաղաքաշինության եւ ճարտարապետության բլոկի մասնագիտական աշխատանքները։ Այսինքն՝ պրոֆեսիոնալ մասնագետ է պետք, որը տիրապետում է ե՛ւ իրավիճակին, ե՛ւ զարգացման խնդիրներին։ Նաեւ՝ քաղաքապետի առաջնահերթ ցանկությունը պետք է լինի՝ քաղաքապետարանի աշխատակազմում  ունենալ մասնագետ, որովհետեւ ինքը, մասնագետ չլինելով, իր վրա ոչ մասնագիտական մեծ բեռ է վերցնում՝ հետագայում նաեւ այդ խնդիրների պատասխանները տալու հարցում։

- Փաստացի, առանց Երեւանի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական խորհրդի, գլխավոր ճարտարապետի, ի՞նչ հեռանկար է սպասվում քաղաքին, հատկապես, ինչպես շատերն են նկատում, քաղաքն արդեն բավականին շեղվել է Թամանյանի գլխավոր հատակագծից։

- Մենք ունենք քաղաք, որի կորիզը, քաղաքաշինական կմախքը Թամանյանն էր գծել, բայց դա նախատեսված էր 150 հազար բնակչի համար։ Բնականաբար, քաղաքը կենսական օրգանիզմ է, աճում է, եւ, ըստ էության, պետք է փորձել որոշակի տրամաբանության եւ սահմանափակումների շրջանակում նախատեսել դրա հետագա զարգացումը։ Այդ առումով 2005-ին մշակված գլխավոր հատակագծում սահմանափակվում են Երեւանի տարածական զարգացումը եւ բնակչության աճը։ Ըստ այդմ, նախատեսված էր, որ Երեւանի բնակչության առավելագույն թվաքանակը պետք է լիներ 1 մլն 200 հազար, որովհետեւ հիմնավորված էր, որ քաղաքը հնարավորություն չունի իր ռեսուրսներով, ենթակառուցվածքներով, ունակությամբ ավելի շատ բնակիչ պահելու։ Ինքներդ էլ տեսնում եք, թե այսօր քաղաքն ինչ վիճակում է տրանսպորտի, ինժեներական հաղորդակցուղիների՝ գազ, էլեկտրականություն, ջրահեռացում՝ այս ամբողջական համակարգն ապահովելու համար։ Այսինքն՝ այս օրգանիզմը, որ կոչվում է Երեւան քաղաք, որոշակի սահմանափակումներ եւ որոշակի հնարավորություններ ունի, որից ավել չի կարող անցնել։ Վիճակագրական վարչության 2023թ․ ապրիլի տվյալներով, Երեւանի բնակչությունը կազմում էր 1 մլն 100 հազար, բայց վերջին մի քանի տարիների տվյալներով, ինչը պաշտոնապես հրապարակվեց քաղաքապետարանի կողմից, վերջին 5-6 տարիներին տրվել է մոտ 55 հազար բնակարանի շինարարության թույլտվություն, որը ենթադրում է միջինում 200-220 հազար բնակիչ, ինչը ենթադրում է առնվազն 200 հազար բնակչի աճ՝ չհաշված մյուս խնդիրները, որոնք կապված են Արցախից բռնի տեղահանված, նաեւ չհաշվառված բնակչության հետ, ավելին՝ այդ 200 հազարն այս գլխից մենք արդեն անցել ենք։ Դրա համար պետք է շտապել՝ օր առաջ մշակել գլխավոր հատակագիծ, որպեսզի այդ բոլոր խնդիրների դեմն առնվի, քանի որ դա քաղաքի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image