Մինչեւ Փաշինյանն իր ԱԳ նախարարի հետ վայելում է ամառային հանգիստը, տարածաշրջանային զարգացումներն արագանալու միտումներ են ցույց տալիս։ Երկամսյա դադարից հետո Թուրքիայի Ազգային անվտանգության խորhրդի նիստ անցկացվեց՝ Էրդողանի գլխավորությամբ։ Թուրքական աղբյուրների հաղորդմամբ, նախօրեին կայանալիք նիստին քննարկվելու էր նաեւ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ հայ-ադրբեջանական հարաբերություններն ու խաղաղության պայմանագիրը:
Ուշագրավ զուգադիպությամբ, նույն օրը Հայաստանի ԱԽՔ-ն հանդիպեց ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ հայկական կողմը նշել էր նրա պաշտոնի միայն առաջին մասը՝ հավանաբար, ՄԽ-ն լուծարելու ադրբեջանական պահանջի համատեքստում։ Բոնո-ԱԽՔ հանդիպման մասին միայն պրոտոկոլային տեքստ տարածվեց, թե քննարկել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերը, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումներին: Թե կոնկրետ որ՝ չնշվեց։ Ամերիկյան կողմը, հիշեցնենք, խոսել էր «բարդ ընտրության եւ ծանր փոխզիջումների» անհրաժեշտության մասին, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է՝ միակողմանի զիջումների գնացող ՀՀ իշխանությունը պետք է նոր, էլ ավելի ծանր զիջումների պատրաստվի։ Թերեւս նկատի ունեն Սյունիքով ճանապարհը՝ «Զանգեզուրի միջանցք»-ը, որը թուրքական ռազմավարական ծրագիր է։
Արմեն Գրիգորյանը, ըստ հաղորդագրության, վերահաստատել է համապարփակ ու երկարատեւ խաղաղության գնալու հայկական կողմի հանձնառությունը: Այսինքն՝ ընդունել է ամերիկաթուրքական պայմանը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մի փոքր ավելին է հայտնել հանդիպման մասին։ «Այժմ եկել է ժամանակը` ստորագրելու խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա վեր հանել Հարավային Կովկասի սոցիալական եւ տնտեսական ներուժը»,- «Ազատությանն» ասել են դեսպանատնից։ Որ տարածաշրջանի տնտեսական ներուժն ԱՄՆ-ն կապում է, այսպես կոչված, կոմունիկացիաների հետ, նորություն չէ, եւ այդ մասին Օ՛Բրայենը պարզ ասել էր, իսկ որ միջանցքի բացումը Թուրքիայի նախապայման-ուլտիմատումն է ու կրկին քողարկվում է Հարավային Կովկասի տնտեսական զարգացման քողի տակ, քանիցս բաց տեքստով ու ամենաբարձր մակարդակով է հայտարարել Անկարան։
Օրեր առաջ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս Էրդողանը խոսել էր այդ մասին, թե «Զանգեզուրի միջանցքի բացումը կլինի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի եզրափակիչ քայլը եւ դրական արդյունքներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրների համար»։
Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հրապարակ»-ին ասում է՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո, թուրքական հարյուրամյա երազանքի եւ պանթուրքական հեռահար ծրագրերի իրականացման համար որոշիչ հանգամանք է, պետք չէ զարմանալ, որ Թուրքիան ամեն քայլի կգնա եւ գնում է՝ դրան հասնելու համար:
«Ադրբեջանի միջոցով այն դարձել է չարաբաստիկ խաղաղության պայմանագրի հանգրվանային քայլերից մեկը: Դրան են կապակցվում նաեւ հնարածին «ադրբեջանցի փախստականների» վերադարձի եւ նրանց անվտանգության ապահովման հարցերը: Դրանք թուրք-ադրբեջանական տանդեմն առաջ է բերել եւ բանակցային գործընթացի շրջանակներում քննարկման առարկա դարձրել մի հստակ նպատակով՝ ամենակարճ ժամկետներում Հայաստանի տարածքը վերածել թուրք-ադրբեջանական էթնոսի գերակայությամբ տարածքի՝ դրանով իսկ վերջ դնելով Հայաստանի՝ որպես հայի հայրենիքի հարցին: Այդպես են տեսնում նրանք «հայկական հարցի» փակումը: Դա վերջակետ կդնի ոչ միայն Արցախ հայերի վերադարձի խնդրին, այլեւ Արեւմտյան Հայաստանի ու Հայոց ցեղասպանության հարցի արծարծմանը՝ ընդհանրապես: Հիշենք Էրդողանի խոսքերը 44-օրյա պատերազմի ավարտի կապակցությամբ կայացած շքերթի ժամանակ՝ օսմանյան մարդասպաններին փառաբանելիս։ Այլ խնդիր է, թե ինչու է Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, շտապում եւ փորձում ի վերջո այդ միջանցքը բացել: Բազմիցս նշել եմ, որ արեւմտյան հեռահար ծրագրերի համար կրիտիկական է Հարավային Կովկասը Միջին Ասիային կապող լոգիստիկ օղակների ստեղծումը, ինչի մասին արդեն բացեիբաց խոսում են ամերիկյան քաղաքական շրջանակներից: Այդ ծրագրի համար կարեւոր է, որ կապուղիները շրջանցեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը: Այսպես կոչված, «միջանցքի» տրամադրումը նախապայման է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացման համար, առանց որի անհնարին է լինելու, մի կողմից, պահանջել ռուսական զինուժի դուրսբերումը Հայաստանից՝ «Թուրքիայից այլեւս սպառնալիք չկա» թեզի ներքո, մյուս կողմից, այն կարեւորագույն դեր է կատարելու ծանր սպառազինությունների տեղափոխման համար դեպի Արցախի օկուպացված տարածքներ՝ Իրանի դեմ հյուսիսում ռազմական գործողություններ իրականացնելիս»,- բացատրում է դիվանագետը:
Աղաջանյանի խոսքով՝ Ադրբեջանը հանձնառություն ունի, որի համար էլ Արցախը զոհաբերվեց եւ որպես նվեր մատուցվեց Ադրբեջանին: Սակայն Ալիեւն ամենեւին ցանկություն չունի ի կատար ածելու իր հանձնառությունները, այսինքն՝ Իրանի դեմ ճակատ բացել, որը, ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում, որեւէ դրական ելք չի կարող երաշխավորել: Այդ է պատճառը, ըստ մեր զրուցակցի, որ Ադրբեջանը փորձում է հնարավորինս խուսափել այդ չարաբաստիկ խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ առաջադրում է հարցեր, որոնք, մի կողմից, խիստ ցավոտ են թե՛ Հայաստան պետության, թե՛ հայ ժողովրդի համար, մյուս կողմից՝ իրականացման համար տեւական ժամանակ են պահանջում:
«Նա հույս ունի, որ կկարողանա, ի վերջո, խուսափել այդ հանձնառություններից, սակայն Արեւմուտքը շտապում է: Դրա վկայությունն են նաեւ Լոնդոնում հանդիպման փորձը, Լուի Բոնոյի այցը եւ ակտիվ ջանքերը՝ ինչ-որ թուղթ ստորագրելու, որը հնարավոր կլինի ներկայացնել խաղաղության պայմանագրի կամ համաձայնագրի ներքո: Հընթացս նաեւ հերթական զիջումներ են պարտադրվում հայկական կողմին: Ցավոք, մեր երկրի կառավարման ղեկին նստած անձը եւ նրան շրջապատող խմբակը թե՛ իրենք են հայտնվել թակարդում, որից ելք չեն տեսնում, բացի պարտադրանքները բավարարելը, թե՛ մեր ժողովրդին են խցկում այդ թակարդի մեջ: Արեւմուտքը շտապում է, որովհետեւ բոլոր ճակատներում կորցնում է:
Այդ կենտրոնների համար կենսական է դարձել Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատի բացումը, որը կարող է շրջադարձի հանգեցնել ուկրաինական ճակատում: Կենսական է դարձել նաեւ Իրանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելը, որը շրջադարձային կդառնա իսրայելական ճակատում: Այս ամենում հանգուցային են դարձել Սյունիքն ու դրանով անցնող ճանապարհը: Նրանց պետք է այդ հարցերը լուծել, որպեսզի մոտավորապես օգոստոսի կեսերից նախատեսվող մի վերջին հուժկու հարվածի՝ ռազմական քայլերի համար բարենպաստ պայմաններ ստեղծեն ու ապահովեն դրա հաջողությունը՝ ինչպես Ռուսաստանի ամբողջ պարագծով թեժ կետեր ստեղծելով, այնպես էլ Իրանի դեմ նման թեժ կետեր ստեղծելով:
Արդեն արաբական աշխարհը սկսում է համախմբվել, իսկ դա նշանակում է Իսրայելի պարտություն եւ ամերիկյան ազդեցության նվազում Մերձավոր Արեւելքում: Դա բերելու է նաեւ այդ տարածաշրջանում թուրքական դերակատարման նվազման: Հաջողության պարագայում նրանք հույս ունեն վերականգնել Արեւմուտքի խարխլված աշխարհաքաղաքական դիրքերը՝ կրկին անգամ հեգեմոնիայի շարունակման համար հող նախապատրաստելով»,- աշխարհաքաղաքական խաղն այսպես է տեսնում փորձառու դիվանագետը, ում կարծիքով, թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը շատ լավ են հասկանում այս քայլերի կործանարար հետեւանքներն իրենց պետությունների համար:
Սա է պատճառը, որ, ըստ մեր զրուցակցի, նրանք չափազանց զգուշավոր ու մտածված գործողություններով, արդեն երրորդ տարին, չեզոքացնում են այդ քայլերը՝ ի դերեւ հանելով անգլոամերիկյան կազմաքանդիչ ծրագրերը: Մինչդեռ ՀՀ իշխանությունների ձեռամբ, մեր պետությունն ու մեր ազգը դրվել են այդ ծրագրերի զոհասեղանին․ արդեն իսկ Արցախը կորսվել է, գոյաբանական սպառնալիքի տակ է հայտնվել Հայաստանը՝ որպես հայի հայրենիքի վերջին պատառ: