Հասարակություն

«Հրապարակ». Ընտրություններն անցան, առողջապահությունն այլեւս անվճար չէ

«Հրապարակ». Ընտրություններն անցան, առողջապահությունն այլեւս անվճար չէ

Ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում կարծիքներ էին հնչում, որ պետությունը չունի բավարար միջոցներ՝ առողջապահության ապահովագրությունը ֆինանսավորելու համար, եւ ընտրություններից հետո այն դադարեցվելու է կամ ուղղակի սառեցվելու է, քանի որ ներդրվել էր՝ առանց հիվանդանոցների կարողությունները, պետության առողջապահական բյուջեն հաշվի առնելու:

Եվ ահա, դեռ մի ամիս էլ չանցած՝ տեսնում ենք նորածին համակարգի մահվան առաջին նշանները: Քաղաքացիները մերժումներ են ստանում, կամ էլ նրանցից այս կամ այն անվան տակ հավելյալ գումար են կորզում:

«Ես հունիսի 22-ին գրանցվել էի նեղ մասնագետի մոտ՝ հունիսի 26-ի համար: Ինձ ասացին, որ հունիսի 18-ից արդեն 25% համավճար է գործում, իսկ 26-ին որ եկա, պարզվեց՝ այդ պահին արդեն 50% է: Ինձ թույլ տվեցին 25% վճարել, քանի որ այդ գործող սակագնով էի գրանցվել: Սա՛ է: Օպերացիան ավարտվեց, շքանշանը եւ այլ պարգեւներ բաշխվեցին, մնացածն էլ՝ դե ի՞նչ կարեւոր է»,- գրում է ՀԱԿ վարչության անդամ Սամվել Կարաբեկյանն իր ՖԲ էջում:

Առողջապահության համընդհանուր հիմնադրամից տեղեկացնում են, որ համավճարի կիրառման կարգում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Համավճարը կիրառվում է օրենքով սահմանված կարգով, իսկ մատուցվող ծառայության արժեքը յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն սահմանում է ինքնուրույն, ինչը չի կարող գերազանցել սահմանված գնի կրկնապատիկը»,- Կարաբեկյանին պատասխանել է հիմնադրամը, բայց չի համոզել նրան: «Ի՞նչ կար էդ պատասխանի մեջ, որ մեկ էլ համոզեր: Ստանդարտ բյուրոկրատական ոչինչ չասել...»,- նշում է նա:

Ստացվում է, որ ցանկացած բուժհաստատություն կարող է ցանկացած պահի գին սահմանել կամ փոխել իր ծառայությունների արժեքը, հաշվարկել այնպես, ինչպես ինքն է ուզում, իսկ քաղաքացին ստիպված է լինելու վճարել այնքան, որքան պահանջում են, առանց հստակ պատկերացման, թե ինչի համար է վճարում եւ ինչքան է պարտավոր վճարել: Այդ դեպքում ի՞նչ առողջապահության ապահովագրություն, ի՞նչ անվճար բուժծառայություններ, որի մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում գլուխ էին գովում Նիկոլն ու «ուրախ ավտոբուսի» մյուս ուղեւորները:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր վերջին ասուլիսում թիվ է հնչեցրել՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման համար շուրջ 80-97 միլիարդ դրամ ընդհանուր ծախս է կատարվել, սակայն չի ասել, թե որքան է հավաքագրվել այս գործընթացում: «Ծախսը երեք կոմպոնենտ ունի: Մեկը մեզնից վերցվածն է՝ որպես ապահովագրավճար, մյուս մասը պետությունից վերցվածն է, այսինքն՝ բյուջեից, երրորդն էլ, այսպես կոչված, համավճարն է, որը հավաքվում է առողջապահական կազմակերպություններում, որից տրվում է աշխատավարձ եւ այլն»,- պարզեցնում է «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր, պետական առողջապահական գործակալության նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը: Օրենքում ասվում է, որ մատուցվող ծառայության արժեքը յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն սահմանում է ինքնուրույն, ինչը չի կարող գերազանցել սահմանված գնի կրկնապատիկը։ Հիմա՝ քաղաքացին ինչպե՞ս պետք է նախապես իմանա, թե բուժհաստատությունում ինչ համավճար են իրենից պահանջելու՝ 25 տոկոս, 50 տոկոս, ինչքա՞ն:

«Եթե, օրինակ, խորհր­դատվության համար սահմանված է 6 հազար դրամ, ապա մինչեւ 12 հազար դրամ բուժհաստատությունը կարող է գին դնել: Մի տեղ կարող են 1000 դրամ դնել, մի տեղ՝ 5 հազար, մի տեղ՝ 12 հազար: Կարեւորն այն է, որ օրենքը թույլ է տալիս սա: Կամ՝ մի կազմակերպություն կարող է սկսել համավճարի մասին օրենքի դրույթը կիրառել, ասենք, հունիսի 1-ից, մյուսը կարող է զգուշորեն սպասել, ընտրություններն ավարտվեն, ու նոր միայն սկսել կիրառել»:

Իհարկե, համավճարը պետք է կոնստանտ թիվ լիներ, իհարկե, պետք է միասնական մոտեցում լիներ, որը չկա, եւ օրենքը խրթին է գրված, ուստիեւ քաղաքացիների դժգոհությունները բնական են: Ընտրությունից առաջ հաստատությունները նույնիսկ բանավոր հրահանգ էին ստացել, որ 3 հազար դրամից ավելի համավճար չկիրառեն, բնականաբար` քարոզչական նպատակներով: Բայց ընտրությունն ավարտվեց, եւ բուժհաստատությունները սկսեցին լիարժեք օգտվել համավճար գանձելու հնարավորությունից:
Թե ինչպես՝ Ծաղիկ Վարդանյանը բացատրում է խորհրդատվական ծառայության արժեքի օրինակով: Հայաստանում կոնսուլտացիայի շուկայական գները տատանվում են 10-100 հազարի սահմաններում: Միջին բժշկի կոնսուլտացիայի համար կարող են պահանջել 10-25 հազար: Շատ բարձր գներ էլ կան: Օրինակ, հոգեբուժական որոշ մասնավոր կազմակերպություններ հոգեբույժի կոնսուլտացիայի համար 50-100 հազար դրամ են վերցնում: «Պետությունը կոնսուլտացիայի համար շուկայական գնից ցածր գին է սահմանել՝ 6 հազար դրամ: Բնական է, որ բուժհաստատություններում գայթակղությունը մեծ է լինելու, որ գոնե 10 հազար դարձնեն: Այսինքն, դու սահմանել ես շուկայականից ցածր գին, թույլատրում ես համավճարի կիրառումը ու չես կարգավորում այն, որ ով ոնց ուզի, համավճար կիրառի: Եվ ստացվում է, որ մեկը 5 տոկոս է վերցնում, մեկը՝ 25, մեկը՝ 50»:

Այսպիսով, ընտրություններից առաջ կազմակերպությունները կաշկանդված էին բողոքներով, թեժ գծի բերանն ընկնելու վտանգ կար, իշխանություններին ձայն էր պետք, եւ արձագանքը բողոքներին շատ արագ էր վրա հասնում: Հիմա կազմակերպությունների ձեռքերն ազատվել են: Ի դեպ, առողջության ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենը՝ Ռուբեն Մելիքյանը, ֆինանսիստ է, բանկային գործիչ, «Ամիո» բանկի նախկին գլխավոր ֆինանսական տնօրենն է եղել, նաեւ ճգնաժամային լավ կառավարիչ է: Աշխատել է Ղազախստանի «Բերեկկե բանկում», որը հայտնվել էր պատժամիջոցների տակ, եւ այն դուրս է բերել ճգնաժամից: Հիմա ճգնաժամից «հանելու է» մեր ապահովագրական համակարգը, այսինքն՝ աշխատելու է հնարավորինս քիչ փող ծախսել՝ օգտագործելով ՀՀ քաղաքացիների գրպանները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image