Քաղաքականություն

«Հրապարակ». ՄԻՊ-ի համար կարեւորը Կարապետյանի մեքենան «պլաշչատկա» տանելու հարցն է

«Հրապարակ». ՄԻՊ-ի համար կարեւորը Կարապետյանի մեքենան «պլաշչատկա» տանելու հարցն է

Հայաստանի Հանրապետությունը Մարդու իրավունքների պաշտպան ունի: ՀՀ քաղաքացիները պետք է շուտասելուկի նման ժամանակ առ ժամանակ կրկնեն այս արտահայտությունը, թե չէ կմոռանան, որ առհասարակ նման ինստիտուտ կա Հայաստանում, եւ որ այն ստեղծված է իրենց ծառայելու համար: 

Ամեն օր ՄԻՊ գրասենյակը հաղորդում է արագ արձագանքման խմբի այցելությունների մասին՝ այսինչ հանդիպման, այնինչ քննարկման, բայց ոչ մի դատապարտող ելույթ, ոչ մի հայտարարություն, որ ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում է այսինչ կոնկրետ անձի դեմ հարուցված գործը, կամ՝ որ նա դատապարտում է Եկեղեցու դեմ ոստիկանական զորք ուղարկելը, կամ՝ որ ՄԻՊ-ը մտահոգված է մարդուն առանց ծանուցելու ձերբակալելու փաստով, նրանով, որ հին՝ 1 տարվա վաղեմության հարցազրույցի հիման վրա գործ է հարուցվել, ինչպես Աջապահյանի դեպքում եղավ, կամ՝ գործարարին կալանավորել են Եկեղեցուն պաշտպանող երկու բառի հիման վրա: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհի Անահիտ Մանասյանը (ի դեպ, նա ոչ մի անգամ չի հերքել, որ Վարդապետյանի ընկերուհին է) 2023 թվականի ապրիլին, երբ ընտրվում էր օմբուդսմեն, խոստանում էր, որ պաշտպանի լիազորությունները ստանձնելուն պես չի կաշկանդվելու, կիրառելու է բոլոր գործիքները: Բայց այսօր՝ 2 տարի անց, կարող ենք փաստել, որ այս խոստումը մնացել է օդում: Ավելի կաշկանդված ՄԻՊ, քան Մանասյանը, Հայաստանը երբեւիցե չի ունեցել: Նա չի օգտագործում իրավունքի պաշտպանության իրեն հասու ամենատարրական գործիքները, միայն այցելություններ է կատարում եւ պետական մարմիններին նամակներ գրում: Սակայն նրա գրած նամակներից էլ, որպես կանոն, օգուտ չկա: 

Իսկ այցելություններն Անահիտ Մանասյանը հանձնարարում է իր աշխատողներին՝ անձամբ չի կատարում: Անգամ Սամվել Կարապետյանին, որը քրեական հետապնդման է ենթարկվում ակնհայտորեն քաղաքական նպատակներով, ՄԻՊ-ն անձամբ չի այցելել, այլ «Արմավիր» ՔԿՀ է ուղարկել իր աշխատողներին: 

Ի՞նչ արդյունք է ակնկալում աշխատողների այցելությունից Անահիտ Մանասյանը, ինչո՞ւ անձամբ չի այցելել Կարապետյանին, պատրաստվո՞ւմ է արդյոք այցելել Միքայել Աջապահյանին եւ Բագրատ սրբազանին: Մեր հարցմանը ՄԻՊ գրասենյակից հայտնում են հետեւյալը. «Առհասարակ, Մարդու իրավունքների պաշտպանի եւ ներկայացուցիչների կողմից իրականացվող այցերից հետո արդյունքներն ամփոփվում են, եւ Պաշտպանին՝ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, անհրաժեշտ պարզաբանումներ են պահանջվում իրավասու պետական մարմիններից: Բացի այդ, մշտադիտարկման արդյունքում ստացված տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմում եւս ուսումնասիրվում են եւ դրանց հաշվառմամբ՝ եւս պարզաբանումներ են պահանջվում իրավասու պետական մարմիններից: Նշված հաղորդակցության արդյունքում Պաշտպանի բարձրացրած մի շարք հարցեր իրավասու մարմինների կողմից ստանում են լուծում: Եթե ստացվող պարզաբանումների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը դիրքորոշում է ձեւավորում իրավունքների խախտման մասին, այդ հանգամանքը հաղորդակցվում է իրավասու պետական մարմիններին եւ, որպես կանոն, ներկայացվում հրապարակային: Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից անձամբ կամ աշխատակազմի կողմից քրեակատարողական հիմնարկ այցերին, նշենք, որ Պաշտպանն աշխատակազմի հետ քննարկումների արդյունքում որոշում է յուրաքանչյուր օրվա այցերին ու գործառույթներին Մարդու իրավունքների պաշտպանի եւ աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցության բաշխվածությունը՝  հաշվի առնելով ներքին կազմակերպական տարբեր հանգամանքներ, այդ թվում` նկատի ունենալով ազատությունից զրկված անձանց մեծ թիվը, որոնց այցելելու կարիք առկա է լինում կոնկրետ օրվա ընթացքում: Քրեակատարողական հիմնարկ առաջիկա այցերի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային»:
Այս երկար «լոլոյից», որում ոչ մի հարցի պատասխան չկա, մի բան է միայն պարզ՝ ՄԻՊ-ը զբաղված է, ՄԻՊ-ը, «նկատի ունենալով ազատությունից զրկված անձանց մեծ թիվը», Սամվել Կարապետյանին անձամբ չի կարող այցելել, իսկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անուններն անգամ նա սարսափում է հնչեցնել եւ նրանց մասին խոսելիս ընդամենը գտնվելու վայրն է նշում, այն էլ ընդհանրական՝ «քրեակատարողական հիմնարկներ»: Առհասարակ, Մանասյանը նրանց չի տարբերում ազատությունից զրկված այլ անձանցից:

Օրեր առաջ իշխանական freenews-ի եթերում ՄԻՊ Մանասյանը հայտարարեց, որ իր աշխատողներն այցելել են Կարապետյանին, ապա կրկին միավորեց քաղբանտարկյալ Կարապետյանի խնդիրը եւ «քաղաքացիների հետ կապված հարցերը, որոնք այս կամ այն ձեւաչափով ազատությունից են զրկվել, կամ որոնց մեքենաները տեղափոխվել են հատուկ տարածք, եւ դա, ըստ էության, նրանց կողմից բարձրաձայնված շատ կարեւոր հարցերից մեկն է եղել»: Այսպես, Կարապետյանի հարցը մեր ՄԻՊ Մանասյանի համար մեքենան «պլաշչատկա» տանելուն հավասար խնդիր է: «Այս կապակցությամբ պարզաբանումներ ենք պահանջել իրավասու մարմիններից, նաեւ մեզ փաստաբանն ահազանգել է այն մասին, որ շատ անձինք ազատությունից զրկված վիճակում պահվել են օրենքով նախատեսված ժամերից ավել ժամանակահատված, սպասում ենք իրավասու պետական մարմինների պարզաբանումներին, դեռեւս չունեմ պարզաբանումներ, եւ ինձ համար կարեւոր է շատ՝ ունենալ այդ գրավոր պարզաբանումները, որովհետեւ իրավունքների խախտման կամ ենթադրյալ խախտման վերաբերյալ դիրքորոշում կարող ենք հայտնել միայն երկու կողմերին լսելուց հետո»,- ասում է Մանասյանը, ապա կրկին անդրադառնում մեքենաները հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու գործընթացին, եւ նրան լսելով՝ գլխապտույտ ես ունենում: 

Նույն գլխապտույտն ունենում է, հավանաբար, մեկնաբան Արթուր Հովհաննիսյանը եւ կրկին ճշտում, թե նա չունի՞ մտահոգություն, որ գործարարի դեմ քաղաքական նկատառումներով գործ են հարուցում։ Բայց ՄԻՊ-ն անդրդվելի է. «Առաջին անգամ չէ, որ ես խոսում եմ, թե ինչպես է պետք ազատությունից զրկել, որ դա լինի իրավաչափ…, որ մենք լինենք ուժեղ իրավապահ համակարգ ունեցող պետություն»: Կարծես, ուժեղ իրավապահ համակարգ ունեցող պետություն ստեղծելն է իր առաքելությունը, ոչ թե անձի իրավունքները պետությունից եւ անօրեն պաշտոնյաներից պաշտպանելը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image