Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ իսլամ Փաշազադեն հայտարարել էր, որ Հայ առաքելական եկեղեցին վտանգ է սպառնում տարածաշրջանի մյուս երկրներին, որ հայերն Էջմիածնի հետ կապ չունեն՝ դա պատմական «ադրբեջանական հող է», հայերը զավթել ու յուրացրել են: Թշնամի պետության «կրոնական առաջնորդի» հայտարարության մասին «Հրապարակը» զրուցել է Տավուշի թեմի հոգեւորական Տեր Աբել քահանա Քարտաշյանի հետ:
- Փաշազադեն այս հայտարարությամբ փորձում է թշնամա՞նք հրահրել տարածաշրջանի երկրների միջեւ, թե՞ հիմա էլ ուզում են առաջին քրիստոնյա երկրի իմիջը յուրացնել:
- Բարդ է միանշանակ ասել, բայց երեւացողի մասով պետք է ընդունել մի պարզ փաստ, որ այս պահին մեր եկեղեցին գտնվում է հալածանքի մեջ: Այն առաքելությունը, որի համար Աստված մեզ առանձնացրել է որպես ազգ, որպես ժողովուրդ՝ առաջինը Քրիստոսին վկայելու պետությունով, մենք այդ դերակատարումը եթե ինքներս չենք ուզում ստանձնել Աստծո առաջ, այդպիսի փորձություններ են գալիս: Այսինքն, ես ոչ մի պարանորմալ բան չեմ տեսնում՝ ամեն ինչ նորմայի մեջ եմ տեսնում հիմա:
- Այսինքն, մեր թերացման հետեւանքո՞վ է Փաշազադեն նման հայտարարություն անում:
- Այո, Փաշազադեն ո՞վ եղավ, որ Աստծո ձեռքը գործիք չդառնա: Գործիք կսարքի ու մեզ կլսեցնի, որ դուք չեք անում այն, ինչը որ պիտի անեք՝ որպես առաջին քրիստոնյա ժողովուրդ: Արցախը տվեցինք, հիմա ես ծառայում եմ Իջեւանում, արցախցիներ կան՝ մոտավորապես 10 հազար հոգի, բայց երկու-երեք հոգի է պատարագի մասնակցում: Սա փաստ է՝ փաստից ենք խոսում:
-Այսինքն, մենք Աստծուց հեռացե՞լ ենք՝ դա է մեր խնդիրների կարեւորագույն պատճառը:
- Այո: Ամեն կերպ Աստված հուշում է, որ մենք հեռացել ենք եւ մենք չենք զգոնանում, որ այդ մեսիջն ընկալենք: Այն աստիճանի հասավ, որ արդեն Ռուս եկեղեցու հովվապետը Սուրբ Օլգայի շքանշանով պարգեւատրեց Ալիեւային: Այսինքն, ամեն մի մրսող մարդ ուզում է կրակի մոտ տաքանալ: Երբ որ կրակ է վառվում, մի հատ էլ փայտ է գցում վրան, որ տաքանա: Եթե մենք այդպիսի հոժարություն ունենք՝ կրակի միջի այդ փայտը դառնալու, բայց այդ ամեն ինչը պետք է միտված լինի դեպի Աստծուն վերադառնալուն: Եթե Աստծուն վերադառնալուն միտված չեղավ, Աստծո ողորմությունը չշարժվեց, մենք կկորցնենք ամեն ինչ:
- Շատերը եկեղեցուն մեղադրում են, որ եկեղեցին բավարար աշխատանք չի տանում, որ հոտին գլխավորի, որ տարատեսակ կրոնական կազմակերպություններ այդքան հզոր չլինեն: Եկեղեցին ունի՞ այդքան ռեսուրս՝ այդ ամենի դեմ պայքարելու համար:
- Եթե պետությունը բոլոր խողովակներն ունի՝ որեւէ կրոնական կազմակերպության արգելք դառնալու, չգրանցելու, ինչ-որ ձեւով իրազեկելու, չափորոշիչներ մտցնելու, որոնց միջոցով հնարավոր կլիներ կանխել որոշակի կազմակերպությունների ներթափանցումը եւ հետագա ագրեսիվ քարոզչությունն ու գործունեությունը, այդ ամեն ինչը պետությունը պետք է կանոնակարգի: Այդ գործառույթը պետության ձեռքին է՝ այդտեղ եկեղեցին լծակներ չունի, շատ-շատ՝ զուտ մարդ-մարդ հարաբերության մեջ ինչ-որ մի հոգեւորական ինչ-որ մի պետական պաշտոնյայի հետ մտերմություն ունենա, որոշակի հարցերի ինչ-որ գործիքակազմ ունենանք եւ այլն, սակայն դա ինստիտուցիոնալ չէ:
- Այսինքն, դա եկեղեցի եւ պետություն համագործակցությամբ պետք է կարգավորվի:
- Այո, այսինքն՝ պետությունն ինքը պիտի հասկանա, որ հոգեւոր առումով այդ գերակա դիրքը, որ Հայ առաքելական եկեղեցին ունի, դա ինչպե՞ս պիտի դրսեւորվի, դա ի՞նչ է ենթադրում: Այդ բոլոր չափորոշիչները եւ պատկերացումները պետք է պատվեր իջեցնի պետությունը եկեղեցու առաջ, իսկ եթե պետությունն ինքը համարում է իրեն աշխարհիկ պետություն, հայտարարում է, որ իրենք հոգեւոր գործի հետ կապ չունեն, դա Արեւմուտքից եկող նարատիվ է, բայց այսօր Արեւմուտքն ինքն է հասկացել, որ կարեւոր է հոգեւոր իրականությունը: Առանց հոգեւոր բաղադրիչի հասարակությունը չի կարող ճիշտ վիճակում լինել, որովհետեւ իրենք կրոնամերժությամբ շատ վտանգավոր բանի մեջ են մտել: Այդ շարժումը կոչվում է սեկուլյար շարժում, այսինքն՝ կրոնամերժություն, դա արդեն հարյուրամյակների պատմություն ունի: Եվ իրենք քննում են իրենց հիմա եւ տեսնում են, որ իրենց կրոնամերժությունը ոնց որ մեկնակետ է ունեցել կաթոլիկ եկեղեցու ինչ-ինչ դիրքորոշումներին հակընդդեմ գործողություններից, ոչ թե գիտակցությամբ, հասուն վիճակից են կայացվել որոշումները, այլ մի տեսակ մերժողականություն է մտել հանիրավի: Որովհետեւ կաթոլիկ եկեղեցին էլ իր հերթին ինչ-որ խիստ պահվածք է դրսեւորած եղել: Հիմա եկել հասել են այն կետին մարդիկ, որ աստվածաբանները, բոլորը խոսում են այդ մասին, որ իրենց մոտ ինքնասպանությունների քանակն է մեծանում, թմրամոլությունն ու այլասերությունները սկսել են մարդկանց մեջ ավելանալ: Դա գալիս է Աստծո նկատմամբ երկյուղ չունենալուց: Այսինքն, չի կարելի կրոնամերժության մեջ լինել՝ բացարձակ առումով, եւ մենք էլ ոնց որ Արեւմուտքի շորշոփի տակ ենք հայտնվում: Մեր պետությունը հայտարարելով որպես աշխարհիկ պետություն, եւ կրոնական կազմակերպության հետ հարաբերությունները շատ կիսապաշտոնական, կիսաընկալելի, անհասկանալի վիճակի մեջ են գալիս: Դրանից բխում է Եկեղեցու պատմության դասաժամի հարցը, եւ այլ հարցեր են ծնվում: