Անմարդկային է երկիրը հատվածաբար շան բերանը գցելուց հետո սառնասրտության կոչեր հնչեցնելը։ Աներեւակայելի է տեսնել, թե ինչպես են տուն ու տեղ կորցրած մարդիկ դեռ հույս կապում իրենց անվտանգության երաշխավորի հետ, փրկություն աղերսում ու… մորթվում։
Եթե չլիներ ներքին թշնամին, ադրբեջանցին այդքան համարձակություն չէր ունենա անցնել կարմիր գծերը, եւ 21-րդ դարում նորից հայի արյուն չէր հեղվի։ Իր խավիարային դիվանագիտությամբ որքան էլ արեւմտյան հաստ պատեր ծակեր, չէր հանդգնի էթնիկ զտում իրականացնել աստվածային արարչության այն բնօրրանում, որտեղ հայի այդ տեսակն ապրել է անհիշելի ժամանակներից։ Սրբազան հողը պղծելու մոլեգին փափագով չէր տառփի, եթե չունենար Հայաստանը ղեկավարող ներքին թշնամու աջակցությունը։
Իսկ ո՞վ է ներքին թշնամին։ Նրա ընտրությունը պատահական չէր։ Նա չմարդ է․անհասցե ու անհայրենիք։ Ոչ թե ծնվել է, այլ՝ առաջացել։ Ոչ թե սովորել ու կրթվել է, այլ՝ ծրագրավորվել։ Անթերի է՝ հանձնարարությունների կատարման գործում։ Նա կենսաբանական զենք է՝ ազգ, հայրենիք, արժեքներ խորտակելու համար։ Նա կործանարար է․չի մտածում, չի զգում, չի ապրումակցում, խոսում է սիմվոլների լեզվով։
Հիշենք, օրինակ, 2018 թվականը, երբ Աննա Հակոբյանն Արցախում «Կանայք՝ հանուն խաղաղության» ակցիայի մասնակիցների ներկայությամբ հայտարարեց, թե փամփուշտները պետք է ձուլել եւ զարդեր պատրաստել։ Առաջին հայացքից խաղաղասիրական կոչի տակ իրականում բանակը կազմաքանդելու ծրագիր էր դրված։ Տիկին Աննան այդ մասին ասաց՝ դիմելով սիմվոլի օգնությանը․խաղարկեց «զենք-զարդ» բառազույգը։ Իսկ թե ինչ բանակ ունենք հիմա՝ ՔՊ-ի իշխանազավթումից հետո, կարելի է դատել թեկուզ Ազատ գյուղի հյուղակներից մեկում այրված 15 զինվորի դեպքով։
Անդրադառնանք Ալբերտ Էյնշտեյնի դեմքով շապիկ հագած վարչապետի կնոջ նկարին, որտեղ նա ուշադրություն է հրավիրում հատկապես իր ձեռքում պահած գիտնականի գրքին ու գրությանը։ «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»,- կարդում ենք շապիկին ու գրքի կազմին։ Քչերի մտքով կանցներ, որ աշխարհահռչակ գիտնականի միտքը ՔՊ-ն ու նրա առաջնորդները կվերածեին սիմվոլի եւ կկյանքի կկոչեին` դարձնելով ուղերձ, ուղղված արցախահայությանը։
Իսկ 2019 թվականին Աննա Հակոբյանի արտահայտած՝ «Հազարավոր կյանքեր ենք զոհաբերել հանուն ոչնչի» միտքը, որով տիկինը հուշում էր մոտալուտ պատերազմի եւ «զուր» զոհերի մասին, թափանցիկ ակնարկ էր, որ այն, ինչի համար 30 տարուց ավելի կռիվ եք տալիս, ձերը չէ (իրենց կարծիքով)։ Հետեւապես, զոհեր եք տալու՝ առոչինչ։
Այսպիսով, եղավ այն, ինչի մասին տիկին Աննան զգուշացնում էր․ չունենք Արցախ, չունենք մարտունակ բանակ, փոխարենն ունենք Եռաբլուր, ունենք՝ կապոցից բացի, նաեւ գաղթականի ցուպը բռնած հազարավոր արցախցիներ, որոնց մասին մտածող չկա։