Հասարակություն

«Հրապարակ». 11 ամսում մոտ 500 հազար տուգանք է գրվել, 311 մարդ է զոհվել

«Հրապարակ». 11 ամսում մոտ 500 հազար տուգանք է գրվել, 311 մարդ է զոհվել

2024 թ․ հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը մոտ 500 հազար  արձանագրություն է կազմվել, որից 171 հազար 302 վարորդ տուգանվել է չամրակապվելու պատճառով։ 2024թ․ դեկտեմբերի դրությամբ Հայաստանում տեղի է ունեցել 4 հազար 94 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետեւանքով զոհվել է 311 մարդ, մարմնական վնասվածք է ստացել 5 հազար 792 մարդ։ 

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի խոսքով՝ զոհվել են հիմնականում չամրակապվելու եւ սահմանված արագությունը գերազանցելու հետեւանքով։

«Պարբերաբար ուսումնասիրություններ են արվում՝ պատահարների պատճառները պարզելու համար։ Պատահարների հիմնական պատճառներն են` սահմանված արագության գերազանցումը, վազանցի կանոնները խախտելը, հանդիպակաց վարելը։ Ե՛վ վարորդները, ե՛ւ ուղեւորները չեն ամրակապվում։ Ամրագոտու կիրառումը մոտ 80 տոկոսով կրճատում է զոհվելու հավանականությունը, 50 տոկոսով էլ կրճատվում է ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հավանականությունը»,-նշեց նա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պատահարների քանակը նվազել է 199-ով, զոհերի թիվը՝ 49-ով,  մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը՝ 305-ով։ Չիլինգարյանը պատահարները պայմանավորում է նաեւ Հայաստան մտած մեքենաների շեշտակի ավելացմամբ։ Մեկ տարվա ընթացքում մոտ 30 հազար մեքենա է մտել Հայաստան։ Վերջին տվյալներով, Հայաստանում հաշվառված 95 հազար ավտոմեքենա կա։

«2018-ից մինչեւ 2024թ․ բոլոր տարիների համեմատ այս տարի ունենք զոհերի թվի նվազում: 2023-ին 2022-ի համեմատ ունեցել ենք մոտ 30 հազար տրանսպորտային միջոցի աճ։ Եթե համեմատենք 10 տարի առաջվա տվյալների հետ, ապա այսօր ունենք մոտ երկու անգամ ավելի մեքենա»,- նշեց Չիլինգարյանը։ ՊԾ պետի տեղակալի խոսքով՝ տեսախցիկների առկայությունը զսպում է վարորդներին։ Ուսումնասիրություն են արել՝ այն խաչմերուկներում, որտեղ առկա է տեսախցիկ, վարորդներն ավելի կարգապահ եւ զգոն են։

«Վարորդները գիտեն, թե որտեղ է գտնվում տեսախցիկը, եւ այդ հատվածում հետեւում են կանոններին, սակայն շրջանցելով արագաչափը՝ փոխում են իրենց վարքագիծը։ Որպեսզի այս իրավիճակն ինչ-որ իմաստով շտկենք, պարեկային մեքենաների մեջ տեղադրել ենք արագաչափ սարքեր»,- ասաց նա։ 
Ինչո՞ւ են Երեւանում խցանումներն այսքան շատ։ Ըստ Չիլինգարյանի՝ Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների կեսից ավելին շահագործվում է Երեւանում։ «Ամեն առավոտ մերձակա մարզերից Երեւան են մուտք գործում մեծ թվով մեքենաներ։ Երեւանում ունենք երթեւեկության մեծ ինտենսիվություն։ Խցանում համարում ենք այն դեպքում, երբ երթեւեկությունն ամբողջապես կանգնած է, իսկ նման դեպքեր շատ հաճախ չենք ունենում»,- նշեց նա։ 

Աննախադեպ ծավալի տուգանք է գրվել քաղաքացիների վրա։ Ամենամեղմ հաշվարկներով` 5 միլիարդ դրամից ոչ պակաս: Արդյո՞ք տուգանքն օրինախախտին պատժելու միջոց է, որքանո՞վ է այն նպաստում իրավիճակի բարելավմանը։ «Տուգանքը մենք չենք մտածում, դրանք օրենքով ամրագրված են, իսկ դա հետեւանք է իրավախախտում կատարելու։ Տուգանքն ունի իր արդյունավետությունը 2 տեսանկյունից․ նախ՝ վարորդը գիտի, որ արարքը պատժելի է, եւ տուգանվելու է, մյուսը տուգանային միավորների համակարգն է․ մարդիկ հասկանում են, որ բալերը սպառելով՝ կզրկվեն վարորդական իրավունքից։ Հետեւաբար, տուգանքն իր արդյունավետությունն ունի»,- ասաց նա։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image