Այլ

Հիշո՛ւմ ենք, զգոնանո՛ւմ ու գործակցո՛ւմ. Հունաստանի վարչապետ 

Հիշո՛ւմ ենք, զգոնանո՛ւմ ու գործակցո՛ւմ. Հունաստանի վարչապետ 

Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նամակ է հղել Հունաստանի Հայ դատի հանձնախմբին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ։

Տեղեկանում ենք Հելլենական պետության վարչապետի պաշտոնական կայքից  և ՀՅԴ պաշտոնական կայքից 

«Տիարք և տիկնայք, թանկագին ընկերներ:

«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը» տարելից է, որը միշտ էլ առանձնահատուկ է Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների համար` հանգուցված դարավոր կապերով: Բայց նաև դժվար պայմաններում զարգացած բարեկամությամբ:

1915-ի ոճրագործությունից հարյուր վեց տարի անց մարդկությունը չի մոռանում մի ժողովրդի բնաջնջումը: Զանգվածային ու համակարգված հանցագործություն, որը, ըստ էության, կազմակերպվել էր, երբ մոլորակի հայացքը կենտրոնացած էր Առաջին համաշխարհային պատերազմի ցեխոտ խրամատների վրա:

Հետևաբար, այսօր, ինչպես յուրաքանչյուր ապրիլի 24-ին, մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին` հռչակելով մեր հավատարմությունը մարդկային կյանքի և արժանապատվության նկատմամբ: Քանի որ միայն խաղաղ համակեցությունն է առաջ տանում ժողովուրդներին՝ նրանց տարբերությունը փոխակերպելով փոխադարձ հարստության:

Ժամանակի ընթացքում Հունաստանն ու Կովկասը միասին քայլում էին դիցաբանության և պատմության, մշակույթի և ավանդույթների միջով: Այդ պատճառով մեր երկիրը չէր կարող իր վերջին փորձության մեջ չկանգնել Հայաստանի զոհերի կողքին: Անմիջապես արձագանքեց մարդասիրական օգնության խնդրանքին: Եվ այսօր սատարում է տարածաշրջանում ապահովության հաստատմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա տեղացի բնակչության իրավունքները հարգող լուծման համար՝ նոր, անարդար արյունահեղությունից հեռու:

Հունաստանը չի կարող մոռանալ նաև, որ 20-րդ դարի սկզբին հույներն ու հայերը միասին նահատակության պահեր էին ապրում՝ անցնելով Պոնտացիների ու Փոքրասիացիների ողբերգության միջով: Այդ պատճառով մեր երկիրը նույնիսկ իր համար ծանր պայմաններում առաջիններից մեկն էր, որ պատսպարեց հալածված հայերին ու ճանաչեց իրենց ժողովրդի ցեղասպանությունը:

Դարերի ընթացքում այս պատմական համակեցությունը այսօր էլ շարունակում են երկու երկրներում երկու համայնքները: Երկու կայուն կամուրջ իրար միջև, որ արդյունավետորեն մասնակցում են երկու պետությունների տնտեսական ու սոցիալական կյանքին՝ նորացնելով իրենց երկարատև բարեկամությունը:

Ես եզրափակում եմ՝ կրկնելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը, քանի որ մոռացությունը «Վերադարձի դռներ» է բացում մարդկության պատմությունը մռայլեցնող իրադարձությունների կրկնության համար: Մեր զգոնությունը, հետեւաբար, պետք է լինի մնայուն: Եվ թող մեր խոսքերին ուղեկցեն գործողությունները, որոնք կանխում են խտրականությունը, ատելությունն ու բռնությունը: Հարյուր վեց տարի անց, ուրեմն, մենք հիշո՛ւմ ենք, զգոնանո՛ւմ ու գործակցո՛ւմ», - ասված է նամակում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image