Քաղաքականություն

Վանաշենի համայնքապետարանի էջով քարոզարշավ է իրականացվում 

Վանաշենի համայնքապետարանի էջով քարոզարշավ է իրականացվում 

Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում 2021 թվականի դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում այդպես էլ չորոշվեց, թե ով է ղեկավարելու Վեդին ու իր կազմում ներառված 18 համայնքները։ Ամեն ինչ արեցին, որ Գարիկ Սարգսյանին կարգեն համայնքապետ՝ չստացվեց, ավագանու ընդդիմադիր անդամները մանդատները վայր դրեցին, եւ մարտի 27-ին Վեդին կրկին գնալու է ընտրությունների։ Այս անգամ երկու կուսակցություն են մրցելու՝ ՔՊ-ն՝ իր թեկնածու Գարիկ Սարգսյանով, եւ համայնքապետերից կազմված «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Սպարտակ Թարթիկյանի թեկնածությամբ։ 

Մարտի 2-ից մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։ ՔՊ-ն՝ Գարիկ Սարգսյանն ու իր թիմակիցները, քրտնաջան աշխատանք են տանում՝ բոլոր հնարավոր եւ անհնար եղանակներով քարոզչություն են իրականացնում եւ լիուլի օգտագործում ադմինիստրատիվ ռեսուրսը։ Օրինակ, քարոզչությանն են ծառայեցնում նաեւ համայնքապետարանների կայքէջերը։ Մասնավորապես, Վանաշեն համայնքի էջում մարտի 6-ին հրապարակվել է Գարիկ Սարգսյանի և վանաշենցի Արայիկ Գևորգյանի լուսանկարը, որն արվել է ընտրությունների նախաշեմին՝ քարոզչական պաստառների համար։ Արայիկ Գևորգյանը ՔՊ ցուցակում 13-րդն է։
Օրեր առաջ կապ հաստատեցինք Վանաշենի համայնքապետ Գոռ Խաչատրյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու, թե ինչու է համայնքապետարանը քարոզչությամբ զբաղվում, այն դեպքում, երբ օրենքով դա արգելված է։ Խաչատրյանը նախ նշեց, որ չի տեսել, չգիտի, թե ինչի մասին է խոսքը, կուսումնասիրի և կապ կհաստատի մեզ հետ։ Ապա րոպեներ անց համայնքապետը զանգահարեց․ «Ձեր ասած նկարն արդեն հեռացվել է, մեր ադմինիստրացիայի աշխատողի սխալն է եղել, որի համար նկատողություն է ստացել»։ Ստացվում է` համայնքապետարանում աշխատում են օրենքներից անտեղյակ մարդիկ, իսկ համայնքապետն անգամ չգիտի, թե ինչ է հրապարակվում իրենց էջում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, որը հաստատեցին նաեւ «Իմ հզոր համայնքի» գրասենյակից, Վանաշենի համայնքապետարանի կայքէջի եւ համացանցային աշխատանքները համակարգում է Գոռ Խաչատրյանի կինը՝  Նունե Հարությունյանը,  որը գրանցված չէ համայնքապետարանի աշխատողների ցանկում։ Ստացվեց, որ Խաչատրյանն իր կնոջն է նկատողություն հայտարարել։ Չնայած ի պաշտոնե այս աշխատանքը դրված է համայնքապետարանի քարտուղարի վրա։ Իսկ Նունե Հարությունյանը Վանաշենի դպրոցում է աշխատում, անգլերենի ուսուցիչ է։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image