Հասարակություն

Այնպես են մեր երկրի անունը գցել, որ մի բրդուճ էլ չեն ուզում այստեղ ուտել

Այնպես են մեր երկրի անունը գցել, որ մի բրդուճ էլ չեն ուզում այստեղ ուտել

Արդյո՞ք Իրանից սպասվող փախստականների հոսքը կրկին կբարձրացնի վարձով տների գները, եւ, առհասարակ, կարո՞ղ է արդյոք կրկնվել ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, հատկապես` անշարժ գույքի շուկայում։ Պատասխանելով «Հրապարակի» հարցին՝ անշարժ գույքի գծով փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը նշեց, որ չի կարծում, թե Իրանում պատերազմը կերկարի, ինչպես երկարեց ռուս-ուկրաինական պատերազմը։

«Հենց նույն՝ ռուս-ուկրաինականի պատճառով մենք ունեցանք լուրջ խնդիրներ եւ թանկ քաղաքի անուն ենք ձեռք բերել այլեւս: Եվ հետո՝ պատերազմող երկրից չեն փախչում չավարտված պատերազմի երկիր, ինչպիսին այսօր Հայաստանն է։ Մենք անընդհատ փորձում ենք խաղաղություն հաստատել որոշ ոչնչությունների հետ, ինչն արդեն իսկ խոսում է չվերջացած պատերազմի մասին»,- ասաց փորձագետը։ Նա պատկերավոր համեմատություններ է անում՝ հնարավոր միջուկային ռադիացիայից փախչողը չի գնա ռադիացիոն վտանգավոր գոտի։ «Մենք օրեր առաջ տեսանք, թե ինչպես համապատասխան ծառայությունները շտապ գնացին չափումների եւ ասացին, որ առայժմ չկա խնդիր, բժիշկներն էլ պաշտպանվելու մեթոդը գրեցին ու խուճապ առաջացրին, որը կասկածի տակ դրեց հնարավոր տուրիստական հոսքերը»։

Բացի այդ, ըստ Հովհաննիսյանի, Հայաստանն ինքնին փակուղային երկիր է դարձել, շրջափակման մեջ գտնվող եւ դժվարացած ելքով երկիր, որտեղ նաեւ գումար վաստակելու եւ ապրելու խնդիր կա, բացի այդ՝ տնտեսական ծանր վիճակ է, իսկ փախստականը մտածում է նաեւ աշխատելու եւ ապրելու մասին, ուստի, որպես կանոն, նման երկրներ չեն գնում։ Կամ էլ գնում են որպես տրանզիտ, որ հենց ուշքի գան, այլ` ավելի բարեկեցիկ երկրներ տեղափոխվեն: Կարապետ Հովհաննիսյանն ասում է նաեւ, որ տեղեկություն ունի, թե իրանցիներն անցյալ տարի մեծ ծավալով անշարժ գույք են գնել Թուրքիայում։

«Իրանցիները վերջին տարիներին, նույնիսկ երբ գնում են ճամփորդության Վրաստան՝ ցամաքային ճանապարհով, իրենց տելեգրամյան ալիքներում միմյանց խորհուրդ են տալիս՝ մաքսային սահմաններն այնպիսի ժամի անցնել, որ Հայաստանում սնվելու կարիք չունենան կամ` սնունդ վերցնեն հետները։ Պատկերացնո՞ւմ եք, անունն ինչպես են հանել մեր երկրի, որ մի բրդուճ էլ չեն ուզում այստեղ ուտել»։ Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, անհանգստանալու կարիք չկա, քանի որ բնակարանների առաջարկը հիմա մեծ է, եւ դրսից եկող հոսքը Հայաստանը կկարողանա բնակտարածքով ապահովել։ «Բացի դա, երեւի թե բոլորին էլ պարզ է, որ մեզ մոտ Իրանից մեծահարուստներ չեն գա, նրանք վաղուց եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, ԱՄԷ-ում եւ այլուր ունեն սեփական բնակարաններ եւ բիզնեսներ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image