Քաղաքականություն

Ինչ է ուզում հասկացնել Չինաստանը Փաշինյանին

Ինչ է ուզում հասկացնել Չինաստանը Փաշինյանին

Չինաստանի իշխանություններն ուզում են ծաղրի՞ ենթարկել Նիկոլ Փաշինյանին, թե՞ փորձում են նրա վախը բռնել, նրան համոզել, որ կարելի է նաեւ ստրուկ չլինել: Թե որ տարբերակի հետ գործ ունենք, դժվար է ասել, բայց որ նրանք գնացել են ոչ ստանդարտ քայլի, միանշանակ է: Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը հայտարարել է, որ Շանհայի տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար Չինաստանում գտնվող Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է սեպտեմբերի 3-ին Պեկինի Տյանանմեն հրապարակում կազմակերպվող ռազմական շքերթին, որը նվիրված է Ճապոնիայի նկատմամբ Չինաստանի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին: Ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը հաղթանակի հետ, ինչո՞ւ են նրան հրավիրում՝ մասնակցելու հաղթանակի շքերթներին, անբացատրելի է: Ընդամենը երեք ամիս առաջ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր Նիկոլ Փաշինյանին հրավիրել՝ մասնակցելու Մոսկվայում կայացած ռազմական շքերթին՝ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի 80-ամյա տարեդարձին նվիրված:

Հարցը միայն այն չէ, որ Փաշինյանը պարտված Հայաստանի ղեկավարն է, ավելի կարեւոր է, որ Փաշինյանը հաղթանակը, որպես այդպիսին, չի համարում կարեւոր ձեռքբերում տվյալ ազգի եւ պետության համար: Ավելին՝ նա մի տեսության հիմնադիր է, ըստ որի՝ պարտությունն ինքնին ավելի արժեքավոր է, քան՝ հաղթանակը, քանի որ հաղթանակի դեպքում դու անվերջ պետք է ձգտես պաշտպանել հաղթանակի արդյունքները, մինչդեռ պարտվելով եւ քեզ հանձնելով հաղթողի ողորմածությանը՝ դու ազատվում ես ավելորդ գլխացավից: 

Չինաստանի իշխանությունները չէին կարող չիմանալ, որ Հայաստանում պարտությունը հռչակված է որպես պետական գաղափարախոսություն, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության միակ ռազմական բուհում սովորեցնում են ոչ թե՝ ինչպես հաղթել պատերազմում, այլ, ընդհակառակը՝ գովերգում են պարտությունը եւ քննադատում հաղթանակը: Պատահական չէ, որ 2023 թվականի սեպտեմբերից ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի (ՀՇԻ) պետ է նշանակված Արծրուն Հովհաննիսյանը: Դրանով Փաշինյանը փորձել է պղծել ինչպես Վազգեն Սարգսյանի, այնպես էլ Հովհաննես Բաղրամյանի հիշատակը: Ռազմական բուհի ղեկավար է մեկը, որը հանրային հեռուստատեսությամբ ասում է, որ Հայաստանի համար ավելի օգտակար կլիներ, եթե Հայրենական պատերազմում հաղթեր ֆաշիստական Գերմանիան, այն դեպքում, երբ Հայաստանը կռվում էր Գերմանիայի դեմ, հարյուր հազարավոր հայ զինվորականներ, այդ թվում եւ խորհրդային մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որի անունով կոչվում է ինստիտուտը, հերոսաբար կռվում եւ հաղթում էին գերմանական բանակին: Պարզ է, չէ՞, որ Հովհաննիսյանի ղեկավարած բուհում սովորող սպաներին եւս ուսուցանում են, որ ցանկացած պատերազմում բանակի խնդիրը պետք է լինի հնարավորինս արագ պարտվելը: Չէ՞ որ բանակի, այսպես կոչված, գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ հաղթելն անիմաստ գործ է, կարող ես մի քանի անգամ հաղթել, բայց ի վերջո մի օր, մի անգամ պարտվելու ես: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունեն այդ հաղթանակները, եթե կարելի է միանգամից պարտվել եւ այլեւս չմտածել հաղթելու մասին: Ցավոք, Գերմանիան եւ Ճապոնիան կամ որեւէ մի այլ պարտված երկիր պարտության առիթով տոնական միջոցառումներ չեն կազմակերպում, թե չէ՝ հարիր կլիներ, որ Փաշինյանին հրավիրեին նման միջոցառումներին եւ ոչ թե հաղթանակի շքերթների: Չնայած չի բացառվում, որ Փաշինյանն այս տարի՝ նոյեմբերի 10-ին տոնական միջոցառում կազմակերպի՝ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունը նշելու համար: Ի վերջո, համաշխարհային պատմության մեջ դեռ ոչ մի երկրում պարտությունը՝ եթե ոչ ազգային, գոնե պետական գաղափարախոսություն չի հռչակել: Փաշինյանն առաջինն էր, որ նման բան արեց:
Այդ դեպքում ինչո՞ւ են Չինաստանի իշխանությունները Փաշինյանին հրավիրել հաղթանակի շքերթին: Չէ՞ որ նա կարող է չինացիներին ասել՝ ի՞նչ իմաստ ուներ 80 տարի առաջ տարած ձեր հաղթանակը, եթե մի օր դուք հնարավոր է պարտվեք, կամ կարող է ասել՝ իսկ գուցե ձեզ համար ավելի օգտակար կլիներ, եթե դուք այն ժամանակ պարտվեիք Ճապոնիային, հիմա ավելի լավ կյանքով կապրեիք, Ճապոնիան ուզում էր Մեծ Չինաստան ստեղծել, որի կազմում կլիներ նաեւ Թայվանը, իսկ դուք անիմաստ կռվեցիք եւ հաղթեցիք Ճապոնիային եւ հիմա էլ ուզում եք վերամիավորել Թայվանը, փոխանակ հայտարարեք, որ Թայվանի հարցը փակված է, ոչ մի վերամիավորում էլ չի լինելու, Թայվանը մեկընդմիշտ մնալու է ամերիկյան գաղութ: 

Չինացիներին թվում է, թե իրենք կարող են վերադաստիարակել Փաշինյանին, նրան հասկացնել, որ պետք չէ այդքան խեղճանալ Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջ, պետք չէ համարել, որ նրանք ամենահզորն են աշխարհում եւ տիեզերքում, եւ ինքը, որպես նրանց հնազանդ ստրուկ, պետք է ստրկության քշի նաեւ հազարամյա հայ ժողովրդին: Չինաստանի իշխանություններն ուզում են, որ Փաշինյանը տեսնի, թե ինչպես են Տյանանմեն հրապարակում քայլում տասնյակ հազարավոր չինացի զինվորներ եւ սպաներ, ինչպես են անցնում ժամանակակից զինտեխնիկայի նմուշներ, գերձայնային եւ միջմայրցամաքային հրթիռներ, անօդաչուներ, հինգերորդ սերնդի կործանիչներ: Գուցե դա տեսնելուց հետո Փաշինյանը սկսի հասկանալ, որ թուրքական ստրկությանն այլընտրանք կա, որ ամբողջ աշխարհը չի սկսվում եւ ավարտվում Ադրբեջանով ու Թուրքիայով: Չինաստանն ուզում է բացատրել, որ ստրկությունը հիմա մոդայիկ չէ, մոդայիկն ազատ մարդ եւ ազատ երկիր լինելն է: Կհաջողվի՞ դա չինացիներին, դժվար թե: Բայց եթե նրանք ուզում են նման փորձ անել, անձամբ ես դեմ չեմ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image