Հասարակություն

Ախալքալաքցի Նորիկի տարօրինակ կոչն ու նրա ժամանումը Երեւան

Ախալքալաքցի Նորիկի տարօրինակ կոչն ու նրա ժամանումը Երեւան

Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թեւանյանը, որը հայաստանցիների շրջանում հայտնի է որպես Ախալքալաքցի Նորիկ, իսկ ախալքալաքցիների շրջանում՝ Մերենեցի Նորիկ, մի տարօրինակ հայտարարություն է տարածել, որով կոչ է անում միանալ հայրենիքի պաշտպանության գործին։ «Սիրելի հայրենակիցնե՛ր, Մայր հայրենիքը վտանգի տակ է։ Թշնամին մտել է Հայաստանի սահմաններից ներս։ Պատրաստ եմ մասնակցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Կարող եմ օգտակար լինել բանակի, դիվիզիայի, գնդի, գումարտակի, վաշտի կամ դասակի գործողություններին։ Հայ ժողովուրդն ունի հազարավոր քաջարի եւ խիզախ զավակներ հայրենիքում եւ սփյուռքում։ Կոչ եմ անում միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Մոռանանք միջանձնական եւ միջկուսակցական խնդիրները»։

Թե ինչպես է պատրաստվում նա օգտակար լինել բանակի, դիվիզիայի, գնդի, գումարտակի, վաշտի կամ դասակի գործողություններին, դժվար է պատկերացնել։ Արդյոք պատրաստվո՞ւմ է զենք վերցնել եւ գնալ կռվելու։ Թեւանյանի այս հայտարարությունը տարօրինակ էր նաեւ նրանով, որ նա այս շրջանում ակտիվորեն լծվել է ոչ թե մեր սահմանները, այլ Արցախը հանձնած իշխանություններին պաշտպանելու «սուրբ գործին»։ Սա տարակուսանք ու նաեւ զայրույթ է առաջացրել ջավախքցիների մոտ։ Թեւանյանը, որը Ջավախքում, ջավախքցիների շրջանում եւ Մոսկվայի հայ համայնքում բարձր հեղինակություն ունեցող մարդ է համարվում, այսօր պաշտպանում է Հայաստանը կործանման եզրին հասցրած իշխանություններին, հատկապես՝ վարկաբեկված գործիչներից մեկին, որի հանդեպ ջավախքցիները հարգանք չեն տածում՝ որպես ախալքալաքցու։ Խոսքը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի մասին է։

Վաղարշակին հատկապես չեն հարգում այն ջավախքցիները, որոնք նրա հետ շփվել կամ աշխատել են։ Նրանք կարծում են, որ նա իր տեսակով որեւէ կապ չունի թասիբով ու պատվախնդիր ջավախքցու հետ։ Ու այսօր այս մարդուն սատարում է շատ ջավախքցիների համար հպարտության առարկա հանդիսացող Նորայր Թեւանյանը, որը հանուն Վաղոյի, անգամ նրան թթու խոսք ասողների դեմ է պայքարում, ինչպես, օրինակ, Նաիրա Զոհրաբյանի դեմ էր վերջերս հայտարարություն տարածել։ Հիմա Մոսկվայում բնակվող Թեւանյան Նորիկը կոչ է անում լծվել հայրենիքի պաշտպանության գործին։ Իսկ գուցե Թեւանյանի այս կոչի  հիմնական մեսիջը, իրականում, այն է, որ «պետք է մոռանանք միջանձնական եւ միջկուսակցական խնդիրները» ու սատարենք այս ապաշնորհ իշխանությունների՞ն։ 

Ի դեպ, մենք տեղեկացանք, որ Նորայր Թեւանյանը երկու օր է՝ Երեւանում է։ Հավանաբար, եկել է հանդիպելու իր սիրելի «զեմլյակի»՝ Վաղարշակ Հարությունյանի հետ, որի հորդորով էլ գուցե որոշել է նման կոչով հանդես գալ։ Մենք փորձեցինք կապ հաստատել նրա հետ եւ որոշ հարցերի պատասխանները ստանալ հենց պարոն Թեւանյանից։ Նրա հետ առնչություն ունեցող անձին խնդրեցինք նրան փոխանցել մեր մտադրության մասին, սակայն այդպես էլ արձագանք չստացանք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image