Իշխող կուսակցությունը` «Քաղպայմանագիրը», պարտվեց ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Փարաքարում․ ի՞նչ է խոսում ժողովուրդը, ինչպե՞ս են գնահատում Գյումրու ընտրությունները մարդիկ։ Գրող, հրապարակախոս, Վերնիսաժում արծաթ վաճառող Լեւոն Ջավախյանը շեշտում է՝ ժողովուրդը համատարած հայհոյում է Նիկոլին, նրա հեռանալու ժամանակն է։
«Փողոց եմ դուրս գալիս՝ սելավ է գնում, անտեսանելի սելավ, վայրի սելավ․ հայհոյում են մարդիկ, հայհոյանքի սելավ ա։ Գոլ տված գնում ա սելավը՝ ավիրելով։ Մարդիկ իրար հետ խոսում են, մեկն ասում ա՝ Նիկոլի անունը խի տվեցիր, առավոտս պղծեցիր։ Այսպիսի ատելություն է, որն ահագնանում ա Նիկոլի դեմ։ Ինքը տեղյակ չի՞։ Ինձ մոտ ա եղել, մտերիմ ենք եղել, ընկեր ենք եղել, իրեն համակրել եմ, իր մասին լավ բաներ եմ ասել, խաբված եմ եղել, այսօր հիասթափված եմ, ինձնից առավել՝ ժողովուրդը... ինքը չի՞ գիտակցում։ Գնալու վախտն ա իրա։ Ես ավելին կասեի՝ փախչելու վախտն ա»,- ասաց լոռեցի գրողը։
Ջավախյանի խոսքով՝ գյումրեցիներն ընտրեցին «ավտարիտետներին» միայն նրա համար, որ Փաշինյանը չմնա իշխանության։ «Չէի ասի, որ Գյումրիում ընդդիմությունը հաղթանակեց, որովհետեւ լավագույնները չէ, որ ընտրվեցին։ Ժողովուրդն ընտրեց ավտարիտետին՝ Մարտունն էլ է ավտարիտետ, Վարդանն էլ։ Ինչքան զզված է էս ժողովուրդը Նիկոլից, որ ասում ա՝ ձայնս շանը կտամ, գելին կտամ՝ Նիկոլին փայ չեմ տա։ Ինքը պիտի զգա դա։ ՔՊ-ում էլ է էդ վիճակը, օր-օրի մեկի գլուխն ա թռցնում: Սխալ են արտահայտվում՝ հանում է, մինչեւ ե՞րբ։ Իրավիճակի տերը չի։ Եթե հայհոյանքը սելավի նման ա գնում, ո՞ր գլուխը թռցնի»,- նշեց նա։
Ջավախյանն ասում է՝ մինչեւ հայրենիքի հետ այս ամենն անելը, Նիկոլը նախ փչացրեց մեր ժողովրդին։ «Այս ամեն ինչն իրագործելուց առաջ Նիկոլը փչացրեց ժողովրդին։ Այո, ժողովուրդն էլ գուցե սխալվեց։ Ալբերտո Մորավիայի «Չոչարա» վեպում մի անբիծ, անարատ աղջիկ կա, մորն ու իրեն պատերազմի ժամանակ` եկեղեցու փլատակների տակ, բռնաբարում են։ Այսպես բռնաբարվեց հայ ժողովուրդը։ Դրանից հետո այդ աղջկա համար միեւնույն է՝ ով իր նկատմամբ սեռական բռնի գործողություն կանի, նույնիսկ կարող է հաճույքների մեջ էր այդ աղջիկը։ Այդպես պղծվել է հայ ժողովուրդը»,- նշեց նա։
Բայց նաեւ դրականն է ընդգծում՝ հայ ժողովրդի մեջ կա նաեւ սերուցք, մտավորականություն, որոնք մերան են՝ վերստին ժողովուրդ ձեւավորելու համար։ «Աննա Հակոբյանը թող իր մոդայիկ հագուստներով էդքան վեր-վեր չթռչի, ասում է՝ չտեսավ պատից կախ, տեսավ ճակտից կախ։ Դա մի օր կդառնա իրենց համար կախաղան։ Ես իրենց մահը չեմ ուզում, բայց իրենց փախուստն ուզում եմ։ Այլեւս նրանք անելիք չունեն Հայաստանում»,- ասաց Ջավախյանը։ Աննա Հակոբյանը կարծում է, որ ինքն է այն մարդը, որը պիտի կրթի ժողովրդին։ Ամենասարսափելի բանն է դա՝ ասում է Լեւոն Ջավախյանը։
«Էն օրը համալսարանից մի դասախոս էր եկել մոտս։ Ասում եմ՝ արա, գետինը չեք մտնո՞ւմ, Աննա Հակոբյանը մտել ա համալսարան ու դասախոսություն ա կարդում։ Տգետը մտել է համալսարան՝ դասախոսություն է կարդում, փոխանակ ասեն՝ դու ո՞վ ես, ի՞նչ գործ ունես համալսարանում։ Հիմարացրել են ժողովրդին, թուրքացումն է՞լ է դարձել նորաձեւ, այ, հենց դա են ուզում դասավանդել»,- ընդգծեց Ջավախյանը։