Քաղաքականություն

«Հրապարակ». Ընտրովի հետախուզում՝ քննչականի համար

«Հրապարակ». Ընտրովի հետախուզում՝ քննչականի համար

Օրեր առաջ գրել էինք, որ Քննչական կոմիտի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Անուշ Գասպարյանը դատի է տվել հարազատ եղբորը՝ Մանուկ Գասպարյանին, փորձելով դատական կարգով նրա ձեռքից վերցնել 2004 թվականի արտադրության մոխրագույն «Լեքսուսը»: Քննչական կոմիտեի մեր աղբյուրը պատմեց, որ խնդրո առարկա «Լեքսուսը», որով Անուշ Գասպարյանն աշխատանքի է գալիս-գնում, անցնում է սնանկության գործով եւ 2023 թվականից հետախուզման մեջ է: Իսկ Անուշ Գասպարյանը, դատարան դիմելով եղբոր դեմ, փաստորեն, ցանկանում է ավտոմեքենան հանել բռնագանձման ենթակա գույքի ցուցակից: 

Բանն այն է, որ Քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման բաժնի պետի եղբայրը՝ Մանուկ Գասպարյանը, ահռելի պարտքեր ունի «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին՝ մոտ 10,3 մլն դրամի, եւ մի մասնավոր անձի՝ 3,5 հազար դոլար: «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունը 2023 թվականի մարտին դիմել է դատարան՝ Մանուկ Գասպարյանին սնանկ ճանաչելու հայցով, եւ ապրիլին դատարանը վերջինիս սնանկ է ճանաչել, ինչպես նաեւ հետախուզում է հայտարարել նրան պատկանող գույքի, այդ թվում՝ նաեւ «Լեքսուսի» նկատմամբ, քանի որ «Գասպարյանի գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ»: 

Որպես պարտապանի բնակության հասցե՝ նշված է եղել Սեւան քաղաքը: Եվ այժմ ստացվում է, որ հետախուզման մեջ գտնվող մեքենան վարում է Քննչական կոմիտեի քննիչը եւ դեռ վիճարկում է այն տիրապետելու իրավունքը: Ակնհայտ է, որ քույր ու եղբայր ցանկանում են ավտոմեքենան հանել բռնագանձման ենթակա գույքի ցուցակից, իսկ հետախուզումն իրական չէ, այլ՝ կեղծ: Մարդը կարող է ընդամենը կարծիք հայտնել, եւ երկու բառի համար՝ «մեր ձեւով ենք մասնակցելու», նրան տանեն-փակեն, բայց քննիչը 2-3 տարի կարող է ազատ պտտվել հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայով, եւ ոչինչ: 

Մենք հարցրինք այս գործով սնանկության կառավարիչ Մայիս Հայրապետյանին, թե ինչպես է պատահում, որ հետախուզման մեջ գտնվող մեքենայի տեղը հայտնի է, որ այն, փաստորեն, քննիչ է վարում: Նա մեզ խորհուրդ տվեց դիմել իրավապահներին, եթե գիտենք այդ մեքենայի տեղը: Ուղղակի հետաքրքիր է, որ հետախուզվող մեքենան տնօրինում է քննիչներից մեկը: «Գործը քննվում է, դեռ դատական ակտ չկա, դեռ պարզված չէ, թե ումն է գույքը, երբ որ վերջնական դատական ակտ լինի, այդ վեճը կպարզվի, թե մեքենան սեփականության իրավունքով ում է պատկանում, ու դրանից հետո նոր սնանկության դատարանի վերջնական ակտը կլինի: Հարցերը կընկնեն իրենց տեղը, իսկ ես չեմ կարող մեկնաբանել դա, որովհետեւ դա իմ լիազորություններից դուրս է»,- ասաց սնանկության կառավարիչը: 
Հիշեցնենք․ Անուշ Գասպարյանը մոտ ազգակցական կապ ունի Արտաքին հետախուզության ծառայության պետ, նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հետ եւ, ինչպես նախկին ՄԻՊ-ը, արմատներով Սեւանից է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image