Հարցազրույց

«Հրապարակ»․ Ականապատ քարտեզների հանգամանքը գոնե օգտագործեք բանակցություններում

«Հրապարակ»․ Ականապատ քարտեզների հանգամանքը գոնե օգտագործեք բանակցություններում

Բաքվի վերջնագրերն անվերջ են: 2 օր առաջ Ալիեւը կրկին խոսել էր Մինսկի խմբի լուծարման ու ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին: Իսկ նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն հրապարակեց հերթական պահանջը՝ տրամադրել «բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որը կապահովի ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձը եւ տուժած շրջանների վերակառուցումը»։ Քարտեզների թեման նոր չէ, դեռ 2021-ից Փաշինյանը «քարտեզներ՝ գերիների դիմաց» գործարքին էր գնացել՝ Վրաստանի միջնորդությամբ: Այդ ժամանակ 15 գերի վերադարձրին՝ ստանալով Ակնայի ականապատ քարտեզները: 2023-ին 32 գերիների վերադարձը եւս կապում էին քարտեզների տրամադրման եւ հօգուտ Բաքվի COP գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելուց հրաժարվելու զիջման հետ: Վերջին անգամ Երեւանն ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան է հանձնել Բաքվին՝ 2024թ. փետրվարին, որի մասին հայտնել է Ադրբեջանի ականազերծման ծառայությունը (ANAMA)։ Խոսքը Քարվաճառի շրջանի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի մասին է: Բաքվին սա էլ չգոհացրեց, հայտարարում էին, թե քարտեզների ճշգրտությունը 25 տոկոս է, Երեւանից հակադարձեցին` ավելի լավ որակի քարտեզներ չկան: Հիմա Բաքուն հայտարարում է, թե Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400 հազար ականի տեղը, իսկ ականների իրական թիվը 1,5 միլիոն է։

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ ուռճացվա՞ծ է այդ թիվը, եւ ինչո՞ւ է Բաքուն շահարկում քարտեզների թեման: «Այդ հարցը պետք է ուղղել պետական կառույցներին, առաջին հերթին՝ ՊՆ-ին, նաեւ՝ անմիջականորեն այդ քարտեզները գրողներին՝ Արցախի ՊԲ-ին, բայց քանի որ հիմա Արցախի ՊԲ-ն չկա, այդ ինֆորմացիային երեւի տիրապետում է ՀՀ ՊՆ-ն: Սա պետք է դիտարկել այն շրջանակում, որ Ադրբեջանն անընդհատ ավելացնում է Հայաստանի նկատմամբ իր պահանջները, բայց քանի որ ՀՀ իշխանությունը գտնվում է Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի շուրջ, եւ մենք ունենք Բաքվում գերիներ, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուսների նկատմամբ թատերականացված, շինծու դատավարություն, ապա պետական մարմինները պետք է դա օգտագործեն բանակցություններում: Այսինքն, ականապատված տարածքների քարտեզներ՝ մեր գերիների դիմաց, կամ բանակցային այլ հնարավորություններ օգտագործելու շրջանակում»,- ասում է Սեյրան Օհանյանը:

- Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Բաքուն մտադիր է հետագայում ինչ-որ գործընթաց սկսել Հայաստանի դեմ՝ մեղադրելով Արցախի տարածքում «ահաբեկչական գործողությունների» մեջ: 

- Իհարկե, Ադրբեջանը կարող է բոլոր առումներով որպես խաղաքարտ օգտագործել, եթե ՀՀ իշխանություններից է պահանջում, ապա հետագայում կարող է ասել, որ ՀՀ զորքերն են գտնվել Արցախի Հանրապետության  տարածքում, բայց շեշտեմ, որ ի սկզբանե Արցախի ինքնապաշտպանական ուժերը, որոնք այնուհետեւ վերանվանվել են Արցախի պաշտպանության բանակ, ստեղծվել են բացառապես Արցախի Հանրապետության ներուժի հիման վրա, եւ նրանց գործունեությունն ուղղված է եղել Արցախի ժողովրդի ինքնապաշտպանությունը, անվտանգությունը կազմակերպելուն: Դա իրավունք է, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի, այն էլ՝ ինքնորոշված ժողովուրդ: 

- 2 օր առաջ Ալիեւը կրկին խոսեց ՀՀ Սահմանադրությունը փոխելու եւ ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման մասին, հիմա նորից քարտեզներն է հիշել: Բաքուն  ինչքա՞ն է պահանջելու, եւ ՀՀ իշխանությունը մինչեւ ո՞ւր է զիջելու:

- Յուրաքանչյուր պետություն եւ պետության շահերով մտահոգ իշխանություն պետք է բանակցությունները վարի սեփական պետության եւ ժողովրդի շահերից ելնելով, ու զիջումները պետք է լինեն երկկողմանի: Մենք տեսնում ենք, որ, այսպես կոչված, «խաղաղության» օրակարգի շրջանակներում անընդհատ ՀՀ-ն է զիջում: Մենք հարց ենք ուղղել կառավարության ղեկավարին՝ ասել գոնե 1 կետ, որտեղ Ադրբեջանը զիջել է: Այդպես էլ չկարողացան ասել, իսկ խաղաղությունն Ադրբեջանի կողմից շահարկվող նարատիվ է եւ խաբկանք: Ադրբեջանն այսօր պատրաստ չէ գնալ խաղաղության եւ ամեն բան օգտագործում է՝ ՀՀ իշխանության նկատմամբ ճնշումները շարունակելու համար: Այսինքն՝ պետություն, որի ռազմաքաղաքական ղեկավարությունը հանցագործություն է իրականացրել Արցախի ժողովրդի նկատմամբ՝ բռնագաղթեցնելով իրականացրել է ցեղասպանություն, այսօր փորձում է ագրեսոր, հանցագործ պետության պիտակներ կպցնել Հայաստանին եւ հայ ժողովրդին, անընդհատ նոր պահանջներ առաջադրելով` փորձում է իր համար միջազգային եւ իրավական հիմքեր ստեղծել՝ ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու համար, եւ ամենակարեւորը՝ Ադրբեջանը հստակ ուսումնասիրում է քաղաքական զարգացումները՝ նկատի ունեմ ուժային կենտրոնների՝ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ բանակցությունները, եւ նպատակ ունի պահն օգտագործել՝ շարունակելու Հայաստանի դեմ գործողությունները: Մինիմում՝ դա ուղղված է լինելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», մաքսիմում՝ որքան հնարավոր է՝ Հայաստանի Հանրապետությանը զրկել ինքնիշխանությունից եւ տարածաշրջանում իր կցորդը դարձնել:

- Հայաստանը կարո՞ղ է Բաքվի «կյանքը բարդացնել»՝ հրաժարվելով քարտեզներ տրամադրելու հերթական պահանջից:

- Միանշանակ, տրամադրելը հեշտացնելու է, բայց, միեւնույն է, տարիների ընթացքում իրենք կականազերծեն, հատկապես՝ երբ ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ փակել է Արցախի էջը: Տրամադրելը հենց այնպես չի կարող լինել, Հայաստանի շանսն է՝ օգտագործել դա բանակցային գործընթացում եւ առաջին հերթին դնել մեր գերիներին վերաբերող պահանջներ: Ամրագրենք 3 հանգամանք․ Արցախի էջը փակ չէ, հակամարտությունը չի ավարտվել, Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել եւ ավելի խորացրել հակամարտությունը, ինչի համար միջազգային ատյաններում պետք է պատասխան տա: 2-րդ․ պետք է պահպանել Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը, այսինքն՝ պետական ինստիտուտները, հասարակական-քաղաքական ամբողջ համակարգը` Արցախի  ժողովրդին հավաքական պահելու եւ հետվերադարձի պայմաններ ապահովելու համար: Եթե այս երկուսը կա, այսինքն՝ հակամարտությունը չի ավարտվել, եւ Արցախը որպես սուբյեկտ մնա, ապա բանակցային գործընթացը՝ գոյություն ունեցող ձեւաչափով, այլընտրանք չի ունենա: Նկատի ունեմ` պետք է վերականգնել ՄԽ ձեւաչափը, եւ այստեղ է, որ Ադրբեջանը վախենում է ու պնդում ՄԽ-ն լուծարելու հարցը` ձգտելով ամբողջությամբ փակել Արցախի էջը: Եվ զարմանալի է, թե ՀՀ իշխանություններն ինչպես են կուլ գնում դրան: Մյուս կողմից ակնհայտ է, որ Արցախը հայաթափվել է իրենց իշխանության օրոք, եւ իրենք մտավախություն ունեն, որ կգա մի օր, եւ իրենք դրա համար պատասխան են տալու:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image