Այո, մենք մարդկության հենց այն տեսակին ենք պատկանում, որ երկաթը ծեծում ենք մի լավ սառեցնելուց հետո: Հանում ենք քուրայից, թողնում ենք, որ սառչի, եւ սկսում ենք ծեծել: Մեզ մոտ դա լավ է ստացվում: Իսկ թե երկաթի հետ ինչ է կատարվում, դա արդեն երկաթի պրոբլեմն է: Մենք հոգնում ենք, կաշվից դուրս գալիս, իսկ այդ անզգամը ո՛չ նալ է դառնում, ո՛չ բանալի, ո՛չ գերանդու շեղբ… Նիկոլին քանի՞ անգամ կարելի էր տաք-տաք ծեծել ու մարդ դարձնել: Չէ, ախպեր… Տարանք բերդ, հետ բերինք, նորից տարանք ու հետ բերինք: 18 թվին մտավ ռադիոտուն… Ո՞վ բռնեց նրան, որ մի բան էլ տաք-տաք ծեծեինք: 20 թվի նոյեմբերին փախավ բունկեր: Բունկերը շրջափակեիք, տաք-տաք «ծեծեիք», ինչո՞ւ չարեցիք: Բունկերից հանեցինք, բերինք ԱԺ, որտեղ նա սառեց ու սկսեց խոստումներ տալ, թե հեսա պատերազմի բոլոր հետեւանքները վերացնելու եմ, 6 ամիս տվեք ինձ:
21 թվի փետրվարին էլ կարելի էր «ծեծել» Նիկոլին, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նրան հայտարարեց երկրի անվտանգության թիվ 1 սպառնալիք: Կատաղած դուրս եկավ կառավարության շենքից, կանչեց իր լնգուլվազին, հակացույց արեց… Ձմեռ էր: Մենք էլ սպասեցինք՝ քամին մի լավ հովացնի նրան, որ հետո ծեծենք: Բան չստացվեց: Հասանք 21թ. ընտրություններ, իսկ ընտրական խարդախություններում, բոլորին է հայտնի, նա իր հավասարը չունի: Կարո՞ղ էր Նիկոլից բացի մեկ ուրիշը, կապիտուլյացիայի տարին չլրացած, այնպիսի խոստումներ տալ ժողովրդին, որ ժողովուրդը գնար ու զանգվածաբար (680 հազար) ձայն տար Հայաստանի նորանկախ հանրապետությանն առաջին անգամ պարտության տարած պատուհասին: Նոնսենս էր, բայց դա էր իրողությունը: Ու փոխանակ այդ պարտված անփառունակին վռնդեինք, գնացինք ՍԴ՝ բողոքելու: Խնդիրը սառեցրինք` մինչեւ նոր շարժում, նոր բան, էս Նիկոլն սկսեց մեկը մեկի հետեւից էլ տարածքներ տալ, Արցախ հանձնել, Արցախ ու ցեղասպանություն ուրանալ, եկեղեցի քանդել: Թույլ տվեցինք 5 տարի այսպես իշխել, սառել, պնդանալ, կարծրանալ…
26-ին հավաքվեցինք իրար գլխի, խորհուրդ արինք եւ որոշեցինք համատեղ ուժերով հեռացնել ազգակործան պատուհասին: Բայց ինքն էլ խեղճ չմնաց… Հավարը դրեց Թրամփին, Մակրոնին, Եվրամիության կանանց, ինչու ոչ՝ Էրդողանին, Ալիեւին՝ հասեք, որ հասեք, ինձ թախտից գցում են: Ու, քանի որ հենց ինքն էր աշխարհի մեծամեծների սրտի վարչապետը, սրանք փողերը տվեցին, կանաչ լույսն էլ վառեցին, թե՝ Նիկոլ ջան, դու պրոբլեմ չունես, ոնց ուզում ես, այնպես էլ վարվիր քո ընդդիմության հետ: Արդյունքում ունեցանք ոչ թե ԱԺ ընտրություններ, այլ էշի հարսանիք: Դե մի ընտրություն, որ Նիկոլն ու իր օգնական Վահագնը կազմակերպեն, ի՞նչ պիտի լիներ: Ամբողջ քարոզարշավի ընթացքում էլ կապիկություն չմնաց, որ չանեին, էլ հայհոյանք չմնաց, որ չտային, հոխորտացին, սպառնացին, վերջում էլ` մեռնեմ թվանկարչությանը, 725 հազար ձայն նկարեցին ՔՊ-ի օգտին: Չլիներ ընտրության գնացած ժողովուրդը, գուցե 90 տոկոս էլ խփեին, բայց ստիպված եղան բավարարվել 49 տոկոսով:
Իրավիճակը նորից շիկացավ: Եղավ մի պահ, որ կարելի էր Վահագն Հովակիմյանի թեւից բռնել եւ դուրս շպրտել ԿԸՀ-ից, ստիպել, որ չեղարկեն տեղի ունեցած խայտառակությունը: Խորհրդարան անցած ԲՀԿ-ին ամենալպիրշ ձեւով դուրս էին թողել «մրցույթից», անճշտությունները մի քանի ընտրությունների կբավականացնեին, զորքն էլ առանց ժամուպատարագի քվեարկել էր որտեղ պատահի, ինչքան պատահի… Եվ այս ամբողջ «թոզուդումանը», փոխանակ ավելի տաքացնեինք, թողեցինք այդպես ու գնացինք ՍԴ, թե վիճարկում ենք… Վիճարկեցինք… ՍԴ դատավորները գլուխները թափ տվեցին, զարմացած հայացքներ գցեցին իշխանությունների կողմը, անգամ քմծիծաղ տվեցին Վահագն Հովակիմյանի կցկտուր պատասխանների վրա, բայց վերջում որոշեցին, որ Վահագը ճիշտ է, ԲՀԿ-ն ու մյուսները սխալվեցին: Ընդդիմությանը ոնց որ սառը ջուր տային… Ամեն ինչ նորից թաղվեց անորոշ սպասումի ու հապաղումի մեջ: Այդ ընթացքում Նիկոլն էլ հասցրեց սառել ու «սառը ուղեղով» գրոհել ընդդիմության վրա: Գագիկ Ծառուկյանին բռնել տվեց, սկսեց սպառնալ մյուսներին՝ դուք եկեք խորհրդարան, տեսեք՝ գլուխներդ ինչ եմ բերելու… Չի հանգստանալու, մինչեւ մի քանի մանդատ չպոկի ընդդիմությունից ու 50+1 առավելություն չստանա խորհրդարանում:
Հիմա էլ գնացել է արձակուրդ: Լսվա՞ծ բան է, որ ընտրակեղծարարը բանտի փոխարեն գնա արձակուրդ: Բայց արձակուրդ կգնա՞ր, եթե Երեւանի փողոցները հեղեղված լինեին մարդկանցով, եթե իրավիճակը սառելու փոխարեն ավելի շիկանար: Ավաղ… Ընդդիմության հետագա քննարկումները շարունակվեցին մանդատ վերցնել-չվերցնելու, խորհրդարան գնալ-չգնալու հարցերի շուրջ, ու կարծես որոշեցին իրավիճակը հանդարտեցնել, թողնել, որ Նիկոլը մի քիչ էլ սառի, որ սառը-սառը ծեծեն:
Տեսնենք՝ ինչ կլինի: