Հարցազրույց

«Հրապարակ». Մեկ տեսնում ես՝ տարբեր երկրների ղեկավարներ, փրփուրը շուրթերին, իրար հայհոյում են, մեկ էլ` սիրատոչոր գրկախառնվում

«Հրապարակ». Մեկ տեսնում ես՝ տարբեր երկրների ղեկավարներ, փրփուրը շուրթերին, իրար հայհոյում են, մեկ էլ` սիրատոչոր գրկախառնվում

Մեր զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։

- Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի առաջխաղացումը խիստ մտահոգությունների առիթ է տվել հատկապես Արցախում: Արցախցիներն անհանգստանում են, որ Տեղ գյուղում առաջխաղացման հետեւանքով Արցախը 100 տոկոսանոց բլոկադայի մեջ է հայտնվում։ Ի վերջո, ի՞նչ է սպասվում Արցախին։

- Արցախի շարքային քաղաքացու համար լիակատար շրջափակումն արդեն չորս ամիս է, ինչ շարունակվում է, իսկ դրա համար անհրաժեշտ նախադրյալները ձեւավորվեցին դեռեւս ամռանը՝ Բերձորի եւ Աղավոյի հանձնումով, որ այդ պահին անակնկալ էր, իսկ հետո հասկանալի դարձավ, որ փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա կատարված գործողություն էր: Այն տպավորությունն ունեմ, որ Տեղի դեպքում էլ նույնն է՝ նախ տարածվեց ադրբեջանական դիրքերը Տեղի տարածքում տեղակայելու մասին լուրը, ապա պարզվեց, որ այդ տարածքում սահմանազատման վերաբերյալ ինչ-ինչ պայմանավորվածություններ են եղել, եւ որոշ գործողություններ էլ համաձայնեցված կերպով իրականացվել են: ՀՀ իշխանությունները պետք է հստակ պարզաբանեն, թե այնտեղ ինչ է կատարվում, եւ Արցախի համար արդյոք նոր սպառնալիքնե՞ր են ձեւավորվել այդպիսով:

- Շատերն ասում են, որ սա նյարդերի պատերազմ է, ու պետք է դիմադրել, սպասել։ Բայց որքա՞ն կարող են արցախցիները դիմակայել ու սպասել՝ ի վերջո, մարդկանց համբերությունը մի օր կարող է սպառվել։

- Մենք գոյութենաբանական պայքարի մեջ ենք ներքաշված, իսկ դա նշանակում է, որ պարտությունն այժմ կնշանավորի նաեւ մեր պետականության վախճանը եւ, որպես հետեւանք, հայրենիքում ազգային ներկայության ավարտը: Այս իրավիճակում հոգնելը հավասարազոր է ոչնչացման: Ընտրություն, ըստ էության, չունենք:

- Արցախցիներից որեւէ բան կախվա՞ծ է, իրենք կարո՞ղ են որեւէ բան փոխել։

- Տեսականորեն, իհարկե, արցախցիները կարող են ստեղծված իրավիճակից ելք փնտրել ու ցանկալի արդյունքի հասնել, սակայն այդ տեսական հավանականությունը գործնական արդյունքի վերածելու համար պետք է մասնագիտական բարձր որակներ, լուրջ ֆինանսական ներուժ ունեցող անձնուրաց մարդկանց թիմ ձեւավորվի ու աշխատի: Այդ թիմը պետք է լավ հասկանա իր անելիքն ու ինքնուրույն որոշումներ կայացնելու արիություն ու դրանց համար պատասխանատվություն ստանձնելու կամք դրսեւորի:

- Անդրադառնանք միջադեպին, երբ ադրբեջանցի էկոակտիվիստներն անվախ մտնում են ռուս խաղաղապահի ուղեկցությամբ ընթացող մեքենան, վախեցնում հայերին ու թույլ չեն տալիս նույն խաղաղապահներին՝ ինքնազգացողությունը վատացած հայերին տեղափոխել Ստեփանակերտ` արցախյան շտապօգնության մեքենաներով։ Ռուսաստանը դիտավորյա՞լ է նման փափուկ քաղաքականություն վարում Արցախում։

- Ռուսական կողմի պահվածքը, անշուշտ, մեզանում բազում հարցեր է առաջացնում, երբեւէ Մոսկվայից այդ հարցերի հստակ, ուղիղ պատասխաններ չեն հնչել: Մի բան է հստակ ասվել՝ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Արցախն Ադրբեջանի մաս է: Ընթացիկ իրավիճակը հասկանալու համար այսքանը բավարար է: Նաեւ պետք է նկատի ունենանք, որ այս իրավիճակը կարող է կտրուկ փոխվել հաշված ամիսների ընթացքում:

- Հայաստանում Ռուսաստանի դեսպանը մի շարք հետաքրքիր հայտարարություններ էր արել։ Մասնավորապես, հայտարարել էր, որ երկու երկրները պետք է ընդհանուր եզրեր գտնեն ու հասկանան, որ հարեւանների շահերի հետ էլ պետք է հաշվի նստել։ Դա ի՞նչ է նշանակում։

- Սա առերեւույթ, նշանակում է, որ Երեւանն ու Բաքուն իրենց տեղը պետք է իմանան ու ոտքի տակ չընկնեն, երբ աշխարհի մեծերն իրենց խաղն են առաջ տանում տարածաշրջանում:

- Դեսպան Կոպիրկինը հայտարարել էր նաեւ, որ Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի նկատմամբ իր պարտավորություններին։ Սա ի՞նչ է՝ քաղաքական հռետորիկայի փոփոխությո՞ւն։

- Այստեղ մոտեցման փոփոխություն չկա՝ հավանաբար, նա նկատի ունի այն, որ Ռուսաստանի քաղաքականությունը միանգամայն ներդաշնակ է, եւ դրա նպատակներն առաջնային են բոլոր դեպքերում: Այսինքն՝ երբ չկա շահերի համընկնում, ապա նախապատվությունը տրվում է ռուսական շահերին, իսկ երբ այդպիսի համընկնում կա, ընդհանուր ճանաչված նպատակներին կարելի է հասնել համատեղ ջանքերով ու ընդհանուր ռեսուրսային բազայի վրա հիմնվելով:

- ՀՀ-ն հայտարարեց, որ առաջիկայում մասնակցելու է Եվրոպայում տեղի ունեցող զորավարժություններին։ Արդյոք սա ապտակ չէ՞ր Ռուսաստանին, հատկապես երբ ՀՀ-ն հրաժարվեց մեզ մոտ ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել։

- Քաղաքականությունն այնպիսի մի ոլորտ է, ուր փոխադարձ քաղաքական ապտակները, կսմիթներն ու մեղադրանքներն ինչ-ինչ նպատակների հասնելու համար հաճախ կիրառվող միջոցներ են: Մեկ տեսնում ես, թե ինչպես են տարբեր երկրների ղեկավարներ փրփուրը շուրթերին միմյանց մեղադրում ու հայհոյում, ապա ականատեսն ես դառնում նույն այդ մարդկանց սիրատոչոր գրկախառնություններին ու քնքուշ համբույրներին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image