Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր հայտարարեց, որ այլեւս Հայաստանի ազգային հավաքականում հանդես չի գալու: Նա գրել է.
«Իմ ֆուտբոլային սկիզբը կերտվել է Հայաստանում՝ իմ հայրենիքում, և ես հավերժ երախտապարտ կլինեմ բոլոր նրանց, ովքեր աջակցել են ինձ, ովքեր մարզել ու կրթել են ինձ, ում հետ ես խաղացել եմ և վերջապես յուրաքանչյուրին, ով նպաստել է իմ՝ որպես ֆուտբոլիստ և որպես մարդ, կայացմանը։ Հաջողություններ իմ ազգային հավաքականին!»: Մխիթարյանը նշել է նաեւ, որ հավաքականից դուրս գալու որոշումը կայացրել է նախորդ տարի Գերմանիայի հետ ունեցած վերջին խաղից հետո եւ այսուհետ կենտրոնանալու է ակումբային մրցելույթների վրա։ Որեւէ խոսք չկա, թե որն է հեռանալու պատճառը: Սակայն, քանի որ սա արդեն երկրորդ դեպքն է` Լեւոն Արոնյանի հեռանալուց ի վեր, երբ համաշխարհային մեծության սպորտսմենը հրաժարվում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, մենք ենթադրեցինք, որ հիմքում կրկին ինչ որ կոնֆլիկտ է`իշխանությունների կամ սպորտային ֆեդերացիաների հետ:
Կապ հաստատեցինք Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ճշտելու` գուցե որևէ կոնֆլի՞կտ է տեղի ունեցել խաղից հետո, ինչը կարող էր պատճառ դառնալ ֆուտբոլիստի` նման որոշման կայացման համար․ «Որևէ կոնֆլիկտ չի եղել, իսկ խաղից հետո էլ ոչ մի խոսակցություն կամ միջադեպ չի եղել»,- նշեց ՀՖՖ խոսնակ Հայկ Կարապետյանը։ Հարցին, իսկ ֆեդերացիան որևէ քայլ ձեռնարկե՞լ է կամ ունեցե՞լ է խոսակցություն ֆուտբոլիստի հետ, որ նա փոխի որոշումը, Կարապետյանն ասաց` սպասենք պաշտոնական հայտարարության։
Թեմայի առնչությամբ զրուցեցինք ֆուտբոլային հայտնի մեկնաբան, «Ֆուտբոլ պլյուս» թերթի խմբագիր Սուրեն Բաղդասարյանի հետ։
-Պարոն Բաղասարյան, ի՞նչ կորցրինք կամ` գուցե ձեռք բերեցինք Հենրիխի հավաքականում հանդես չգալու հետևանքով։
-Նախապես ասեմ, որ շատ բան ենք կորցնելու, որովհետև Հենրիխ Մխիթարյանը երևույթ է հայկական ֆուտբոլի պատմության մեջ, նա մեր լավագույն ֆուտբոլիստն է և այդ են վկայում նրա վիճակագրական տվյալները։ Նրա վիճակագրությունը համաշխարհային չափանիշներով ուղղակի աննախադեպ է, ես չեմ կարծում, որ երբևէ Հայաստանում կլինի մեկ այլ ֆուտբոլիստ ով կկարողանա գերազանցել նրա ցույց տված արդյունքները։
-Ըստ Ձեզ ինչո՞ւ Մխիթարյանը հրաժարվեց հանդես գալ հավաքականի կազմում։
-Իհարկե՛ շատերը կարող են ասել` դե տարիքն արդեն առել է, բայց նկատի ունենալով, որ Հենրիխ Մխիթարյանը ինքն իր կենսակերպով` որպես պրոֆեսիոնալ, անընդհատ բարձր մակարդակի ռեժիմ է պահպանում և շատ լավ մարզավիճակում է հիմա գտնվում, ինֆորմացիա կա, որ Մոուրինյոն ուզում է, որ Հենոն մնա Ռոմայում: Ես ավելի քան համոզված եմ, որ նա առնվազն 5 տարի կարող է հանդես գալ ամենաբարձր մակարդակում։
Խնդիրը այն է, որ Մխիթարյանը վնասվածքի պատճառով որոշ ժամանակ չխաղաց և այդ նույն ժամանակահատվածում մեր հավաքականը Ազգերի լիգայի խմբային փուլում առաջին տեղը գրավեց, հետո եկավ հավաքականի անհաջողությունների շրջանը ու ոմանք սկսեցին թմբկահարել այն հանգամանքը, որ Մխիթարյանը եկավ ու հավաքականը սկսեց վատ խաղալ, բայց ես ամենևին այդ կարծիքին չեմ` Մխիթարյանը գար- չգար հավաքականը ավելին չէր կարող անել։ Հիմա ավելի բարդ մրցակիցներ են բաժին ընկել Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայի հերթական խաղարկությունում (Իռալանդիա, Շոտլանդիա, Ուկրաինա) և ավելի դժվար է լինելու: Մխիթարյանը, եթե շարունակի խաղալ, հավանականությունը մեծ է, որ էլի հավաքականը հաջողություններ չի ունենա ու էլի մարդիկ անհաջողությունները կբարդեն իր վրա, թե՛ գնալու և, թե՛ մնալու պարագայում։ Ամեն դեպքում ցավում եմ, բայց կարծում եմ, որ Մխիթարյանը ճիշտ որոշում է կայացրել։
-Կար մարդկանց մի խումբ, ովքեր ասում էին, որ Մխիթարյանի դաշտում լինելը կաշկանդում է մնացած ֆուտբոլիստներին, երբ նա չկա` ավելի լավ են խաղում, դուք ի՞նչ կարծիք ունեք այս տեսակետի հետ կապված։
-Միայն ֆուտբոլից հեռու մարդիկ կարող են այդպիսի եզրակացության հանգել։ Ֆուտբոլասերը հիմնականում առաջնորդվում է արդյունքներով։ Մխիթարյանը ինքը կոլեկտիվ խաղի կողմնակից է, նա հավաքականում ինչ կարողացել արել է, միշտ նվիրումով է խաղացել, պարզապես հավաքականի ընդհանուր կարողությունների սահմաններում, ավելին նա անել չէր կարող։ Մենք երազախաբ եղանք` այն առումով, որ Աշխարհի առաջնության ընտրական փուլը սկսեցինք 3 հաղթանակով, բայց պետք էր նայել ճշմարտությանը բաց աչքերով ու այդ հաղթանակները այդուհանդերձ համոզիչ չեն եղել, պարզապես ֆուտբոլի հանգամանքների բերումով 3 անգամ հաղթել ենք։
-Պարոն Բաղադասարյան, ճի՞շտ եմ հասկանում, որ Մխիթարյանի հեռանալը կապված է ֆեդերացիայի հետ։
-Ես չեմ կասկածում, որ խնդիրը ֆեդերացիայի հետ է, որովհետև Մխիթարյանը դեռ կարող էր շարունակել խաղալ, այսօր նա Ռոմայում լավագույնն է, դա փաստում է անգամ միջազգային մամուլը։ Հենրիխը շատ նվիրված է իր երկրին, հայրենիքին։ Կարծում եմ, խնդիրներ կան, եթե հավաքականը անհաջողություններ գրանցի` ամեն ինչ բարդելու են Հենրիխի վրա։
-Ըստ Ձեզ, ո՞վ է Ազգային հավաքականում այն ֆուտբոլիստը, որը Մխիթարյանից հետո կարող է իրապես լիդեր լինել ու կրել ավագի թևկապը։
-Հենրիխ Մխիթարյանը դարձավ ընդգծված առաջատար միայն այն պատճառով, որ այդ ընթացքում միայն ինքը փայլատակեց միջազգային ասպարեզում, մյուսները ոչնչով աչքի չընկան։ Ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, եթե մենք պետք է մտածենք, որ Մխիթարյանին մեկ ուրիշ աստղ պետք է փոխարինի` հաջողություն չենք ունենալու, մենք պետք է ունենանք բալանսավորված, հավասարակշռված հավաքական, բոլոր խաղային օղակներում պետք է լինեն առաջատարներ։ Կարող է Տիգրան Բարսեղյանը առաջատարի դեր խաղալ, Էդուարդ Սպերցյանը, Վահան Բիչախչյանը։ Մյուս տղաներն էլ կարող են սկսել իրենց դրսևորել և թող ապացուցեն, որ իրենք արժանի են խաղալու Հայաստանի ազգային հավաքականում։