«Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակներում իրականացվում է «Դիլիջան քաղաքի գրադարանի հիմնանորոգում եւ վերաբացում» նախագիծը։ Դիլիջանի համայնքապետի ստեղծած հանձնաժողովը քննարկել է «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակում ներկայացված մի շարք առաջարկներ եւ առանձնացրել է 3 նախաձեռնություն, որոնք համապատասխանում են սահմանված չափորոշիչներին՝ 1. Դիլիջան քաղաքի կենտրոնական հրապարակի բարեկարգում եւ դիզայներական լուծումներով շատրվանների կառուցում, 2. Դիլիջան քաղաքի Թախտա թաղամասում խաղահրապարակի եւ մարզասարքերի հիմնում, 3. Հուշաղբյուրի կառուցում Հովք գյուղի դպրոցի հարակից տարածքում (գյուղի կենտրոնական հատվածում)։
Այդ 3 նախաձեռնությունից 2-ը Դիլիջան քաղաքին է վերաբերում, իսկ համայնքի 6 գյուղերին վերաբերող միայն մեկ նախաձեռնություն է ընտրվել։ Փետրվարի 13-ին մեկնարկել է այդ նախաձեռնությունների քվեարկության փուլը։ Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է, որ «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակներում ներկայացվել էր 9 նախաձեռնություն։ Դրանց մեջ է Վիկտորիա Անդրիասյանի հեղինակած «Դիլիջան քաղաքի գրադարանի հիմնանորոգում եւ վերաբացում» նախագիծը, որի շրջանակում նախատեսվում էր իրականացնել Դիլիջանի գրադարանի շենքի ամբողջական վերանորոգում եւ ենթակառուցվածքների բարելավում՝ նպատակ ունենալով վերականգնել գրադարանի լիարժեք գործունեությունը։ Ծրագրի հեղինակը նշել է, որ ներկայում գրադարանը չի գործում, ինչը խոչընդոտում է կրթական, մշակութային եւ տեղեկատվական ծառայությունների մատուցմանը քաղաքի բնակիչներին եւ այցելուներին։ Վ․ Անդրիասյանը նշել է, որ ծրագրի արդյունքում կբարելավվեն շենքային եւ ներքին պայմանները, կապահովվի կառավարման եւ ընթերցասրահների անվտանգ ու հարմարավետ գործառույթ, ինչպես նաեւ՝ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ՝ գրադարանի մշտական աշխատանքի եւ ծառայությունների մատուցման համար։ Նախաձեռնությունը միտված է քաղաքի կրթական եւ մշակութային կյանքի ակտիվացմանը եւ բնակչության համար գիտելիքի մատչելիության ընդլայնմանը։ Մանավանդ՝ «Կրթվելը նորաձեւ է» շարժումն այս իշխանությունների սիրելի նախաձեռնություններից է, եւ անընդհատ խորհուրդ են տալիս` գիրք շատ կարդալ:
Բայց Դիլիջանի քաղաքային գրադարանի վերանորոգման նախագիծը չէր կարող իրականացվել «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի շրջանակում, քանի որ քաղաքային գրադարանը տեղակայված է Դիլիջանի մշակույթի պալատի շենքում, որի նորոգման սուբվենցիոն ծրագիրը կիսատ է։ Մշակույթի պալատի նորոգումը 2022թ․ դեկտեմբերին է սկսվել։ Այդ սուբվենցիոն ծրագրի արժեքն ավելի քան 283 միլիոն դրամ է, որի 60 տոկոսը Դիլիջան համայնքի ներդրումն է: