Նույնիսկ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն է «զարմացել» Նիկոլ Փաշինյանի ռիսկերի վրա․ նա գրում է՝
«Հայաստանի վարչապետը շատ լուրջ նախաձեռնություններ է ձեռնարկում և ռիսկերի գնում։ Մենք ուշադիր հետևում ենք դրան»։ Եթե Թրամփը Փաշինյանին «մյուս տղա» էր անվանում, փաստորեն Թուրքիան նրան «կուտ է տալիս»՝ ռիսկով տղա է ասում ։ Դա մտածելու տեղիք է տալիս, չէ՞ որ ռիսկայնության թիրախը Հայաստանն է։
Թուրքական դիվանագիտությունը սովորաբար նուրբ ու հաշվարկված է։ Առերես թվում է՝ Ուրալօղլուի արտահայտությունը պարզապես արձանագրում է վարչապետի ակտիվությունը, սակայն իրականում խոսքն ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Թուրքիան երբեք չի «զարմանում» մեղմ իմաստով՝ այդ «զարմանքը» հաճախ դիվանագիտական ձևով հնչեցված վերահսկողության և հաշվարկված հետաքրքրության նշան է։ «Մենք ուշադիր հետևում ենք դրան» արտահայտությունը ավելի շատ հսկողության ազդակ է, քան հաշվարկված հետաքրքրություն։ Այն նշանակում է․ «Գիտենք՝ ինչ ես անում, և սա մեզ համար ձեռնտու է այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղավորվում է մեր շահերի մեջ»։
Այսպիսով թուրքական կողմը փաստում է, որ Փաշինյանի «ռիսկային քայլերը» ոչ միայն կանխատեսելի են, այլև համապատասխան են նրա ռազմավարական նպատակներին։ Ուրալօղլուն միաժամանակ հնչեցնում է գովք և զգուշացում՝ այսպիսի նյուանսով՝ «շարունակիր, եթե դա մեզ օգուտ է բերում»։ Հոգեբանական տեսանկյունից սա մանիպուլյատիվ մեխանիկա է։ Գովելով նրա «համարձակությունը», թուրքական կողմը ուժեղացնում է Փաշինյանի ինքնավստահությունը և մոտիվացնում նրան նոր ռիսկային քայլերի գնալու։ Ռիսկեր, որոնք ավելի են կխորացնեն Հայաստանի կախվածությունը արտաքին ազդեցություններից։
Թուրքիան առաջնորդվում է իր ազգային շահերով, մտածում է իր հզորության և ազդեցության ամրապնդման մասին։ Փաշինյանն առաջնորդվում է իր իշխանության պահպանման մղումով, փորձում է սեփական վտանգավոր քայլերը ներկայացնել որպես պետական համարձակություն։
Թուրքական դիվանագիտությունն այս ամենը հիանալի հասկանում է․ գիտի, թե ինչպես գովքով խրախուսել հակառակորդին, որպեսզի գործի իր պետության շահերով։