Քաղաքականություն

«Հրապարակ». Հստակ նախադրյալներ կան․ սոցիալական բունտ է հասունանում

«Հրապարակ». Հստակ նախադրյալներ կան․ սոցիալական բունտ է հասունանում

10 օրից քաղաքացիները ստիպված կլինեն Երեւանում տրանսպորտից օգտվել նոր սակագներով՝ վճարելով անհամեմատ ավելի թանկ։ Ընդդիմադիրները կոչ են անում՝ փետրվարի 1-ից բոյկոտել` չվճարել սահմանված նոր սակագինը։ Ավելին՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել, որտեղ բացատրում է, թե ինչպես կարելի է նախկինի նման վճարել 100 դրամ։  

«Հրապարակ»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիները եւս հայտարարում են, որ չեն պատրաստվում գնել նոր փաթեթները. «90 րոպեում պիտի փաթեթդ սպառես, բայց ես ո՞նց կարամ 90 րոպեում 3 անգամ տրանսպորտից օգտվեմ», «Իրենց անձնական շահի համար են թանկացնում, ես համաձայն չեմ այս փոփոխությունների հետ», «Նորմալ չի, իմ տարիքում ես դժվարանում եմ ձեռք բերել էդ տոմսերը, էսօր, օրինակ, սխալմամբ ուրիշ տոմս եմ առել` ավտոբուսի փոխարեն տրոլեյբուսի տոմս», «Երկու ուսանող ունեմ, վարձով ենք ապրում, մենք պատրաստ չենք, այդքան վճարունակ չենք», «Ամբողջ ամիս 6 հազար դրամ էի ծախսում, հիմա՝ 9 հազար, որն ակնհայտ անդրադառնալու է իմ բյուջեի վրա»։

Լուրեր շրջանառվեցին, թե բոյկոտին միացած անձինք, ովքեր չեն վճարի սահմանված գումարը, կտան 100 դրամ, կտուգանվեն 50 հազար դրամով։ Պարզվեց՝ այս լուրը կեղծ է։ Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը «Հրապարակին» ասաց․ «Տուգանելու մեխանիզմ չկա»։ Իսկ եթե իշխանությունը, այնուամենայնիվ, հակաօրինական քայլ անի՝ տուգանի, ապա բոյկոտելու կոչ արած նախկին քաղաքապետ Մարությանը պատրաստ է հոգալ տուգանված քաղաքացիների ծախսերը։ «Մեր թիմը պատրաստ է հոգալ իրավաբանական բոլոր ծախսերը»,- ասել է նա՝ շեշտելով, որ տուգանել չեն կարող, այդպիսի օրենք չկա։ 

Հայաստանում համընդհանուր բոլոր ոլորտներում առկա թանկացումները կարող են սոցիալական մեծ բունտ հասունացնել, ստեղծել իշխանափոխության տրամադրություններ՝ կարծում է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը։ 

«Հստակ նախադրյալներ կան՝ մարդկանց մոտ սոցիալական հողի վրա պոռթկում է լինելու։ Չեմ բացառում, որ բոլոր խմբերը միանան այդ շարժմանը։ Գնում ես վարսահարդարի մոտ, ասում է՝ հարկը բարձրացրել են, երեւանցիները բողոքում են տրանսպորտի թանկացումից եւ այլն։ Մի խումբ չի` այս իշխանությանը հաջողվել է խոցել տարբեր խմբերի եւ բարդացնել նրանց կյանքը։ Շատ վտանգավոր իրավիճակ է»,-ասաց Աբգարյանը։ Անդրադառնալով փետրվարի 1-ից հայտարարված բունտին՝ Աբգարյանն ասաց, որ քաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում է որոշվել նման ակցիաներ անել։ «Մարդիկ կան, որ ամաչում են առհասարակ չվճարել, նրանց համար ընդունելի է վճարել այնքան, որքան կարող են՝ 100 դրամ։ Կարեւորն այն է, որ քաղաքացիները չեն պատրաստվում գնել այդ սահմանված նոր փաթեթները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է քաղաքացիներին տուգանելուն, Աբգարյանն ասաց, որ դրա համար նախ անհրաժեշտ է քաղաքացիներին նույնականացնել, ապա ավտոբուսում տեսուչներ ունենալ։ «Երեւանյան լցված ավտոբուսների մեջ ես չեմ պատկերացնում, թե որ հսկիչն է կարողանալու առաջ անցնել։ Երեւի քաղաքապետարանին թռչող հսկիչներ են պետք։ Անհնար է դա իրականում»,- հավելեց ավագանու անդամը։

Մանրամասն՝ տեսանյութում
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image