Վերլուծություն

Քաղաքականությունն առաջին հերթին

Քաղաքականությունն առաջին հերթին

Քանի որ ընտրություններն արդեն անցյալում եմ, մի երկու քննադատական խոսք ասեմ Նարեկ Կարապետյանի գործունեության առումով: Խոսքն, առաջին հերթին, նվիրատվությունների մասին է: Փաստենք, որ քիչ բան չի արվել. նվիրել է գյուղատնտեսական մեքենաներ, կազմակերպել է անվճար տրանսպորտային փոխադրումներ Ստեփանավանից դեպի տարածաշրջանային մի շարք գյուղեր և հակառակ ուղղություններով։ Խոստում է տվել ընտանիքում 5-րդ երեխայի ծնվելու դեպքում բնակարան նվիրելու մասին: Հայտարարել է գյուղացիների արտադրանքի (մսամթերք և այլն) երաշխավորված վաճառքն ապահովելու համար միջնորդ կայաններ հիմնելու, ինչպես նաև կաթի գնի սուբսիդավորման մասին և այլն: Ինչպես տեսնում ենք, Նարեկը շարունակում է գործարար և բարերար հորեղբոր՝ Սամվել Կարապետյանի, դրական ուղին:

Բայց վերջինս, առանց երևի գիտակցելու, կրկնում է նաև քաղաքականության մեջ վաղուց ներառված Գագիկ Ծառուկյանի բացասական ճանապարհը: Ինչը ենթադրել է տալիս, որ վերջնարդյունքում էլ կարող է մնալ նույն կոտրած տաշտակի առջև: «Անընդհատ նույն բանն անելով՝ այլ արդյունք չես կարող ակնկալել». մի փոքր այլ ձևակերպումով այս դատողությունը վերագրվել է աշխարհահռչակ ֆիզիկոս Ալբերտ Այնշթայնին: Իհարկե, այս մտքին կարելի է հակաճառել, որ եթե անողները տարբեր մարդիկ են, ապա կարող է և ուրիշ արդյունք ստացվել: Ուղղակի կցանկանայի, որ նման փորձառությունը կատարվեր հենց ուրիշների կողմից: Եվ ոչ թե հայաստանյան ընդդիմության ներկայացուցչի կողմից մեզ համար դաժան այս օրերում:

Իսկ նախորդ օրը քաղաքականության ուղին բռնած Նարեկը (հունիսի 7-ին ձայն եմ տվել հենց «Ուժեղ Հայաստան»-ին) հիշել է, որ մասնագիտությամբ ինքը տնտեսագետ է: Եվ Հայաստանի էներգետիկ անկախությանը հասնելուն և ներմուծվող գազից ու բենզինից կախվածությունը նվազեցնելուն նվիրված ֆեյսբուքյան գրառում է արել: Նշելով, որ այդ առումով ապագան արևային կայաններին է։ Հետո ներկայացրել է 9 միլիարդ դոլարի ներդրումով՝ արևային էներգիան կուտակող՝ աղից մարտկոցների պատրաստման հնդկական մտահղացումը:

Դա, իհարկե, այդպես է, սակայն մինչ այդ դեռ կախված ենք լինելու ավանդական վառելիքից՝ հատկապես որ 9 միլիարդը լուրջ գումար է: Իսկ մինչ այդ չինացիները արդեն գործարկել են դրա նման մի կայան Գոբի անապատում: Դա Gobi Desert PV-CSP նախագիծն (1 ԳՎտ հզորությամբ, Սինցզյանի Համի տարածաշրջանում) է։ Այն, ըստ համացանցի, համատեղում է սովորական արևային վահանակները և հալված աղով աշխատող ջերմային աշտարակները (CSP), ինչը թույլ է տալիս էլեկտրաէներգիա արտադրել նաև արևի մայր մտնելուց հետո 8 ժամ շարունակ։

Նախագծի ընդհանուր տարածքը կազմում է 1817 հեկտար: Որպեսզի պարզ լինի, թե դա ինչքան է՝ ԱԲ-ին խնդրեցի համեմատել որևէ բնակավայրի հետ: Պատասխան՝ այս կայանի տարածքը մոտ 1.5 անգամ մեծ է, քան Երևանի Կենտրոն թաղամասինը՝ Փոքր Կենտրոնը, Կոնդը և հարակից բլուրները միասին։ Եվ կամ կազմում է Հայաստանի ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարի ընդհանուր մակերեսի (5400 հեկտար կամ 54 կմ²) մեկ երրորդը՝ 33.6%: Ի տարբերություն հնդկականի, այն այնքան էլ թանկ չէր. արժեքը կազմել է մոտ 480 միլիոն ԱՄՆ դոլար:
Նարեկի առաջարկի օգտին է խոսում նաև 2025 թվականի ապրիլի 28-ի իսպանական և պորտուգալական համատարած բլեքաութի (էներգահամակարգի վթարի) դասը: Ինչը Եվրոպայի վերջին 20 տարվա ամենախոշոր և աննախադեպ էներգետիկ վթարն էր. մեկ վայրկյանում անջատվեց 31 ԳՎտ (GW) հզորություն: Էլեկտրամատակարարումը հիմնականում վերականգնվեց միայն 10-12 ժամ անց: Պատճառը համակարգում լարման կտրուկ՝ անվերահսկելի և կայծակնային աճն էր: Ինչն էլ իր հետ բերեց տեխնիկական խնդիրների շղթայական ռեակցիայի: Որպես հարցի լուծում է առաջարկվել հսկայական կուտակիչ կայանների տեղակայումը, որոնց համար դիտարկվում են Նարեկի հիշատակած նատրիում-իոնային մարտկոցները:

Բայց այսօր Նարեկ Կարապետյանից՝ որպես «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի, ընդդիմադիր ընտրողը պահանջում է ողջ ուշադրությունը սևեռել քաղաքականության վրա: Այն խնդրի վրա, հանուն որի ես ու ինձ նմանները հունիսի 7-ին ձայն ենք տվել այդ դաշինքին: Իհարկե, առանց որևէ կոպեկի ակնկալիքի՝ ի տարբերություն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտրախավի: Որոնք քարոզչական ողջ ժամանակաշրջանում անձնական այս կամ այն հարցով դիմում էին նրան: Իսկ եթե չէին էլ դիմում՝ արդեն բավարարված էին զգում թոշակը 10 հազար դրամով բարձրացնելու և անվճար բժշկական ապահովագրության գործընթացներից: Որոնք ինչ էին՝ եթե ոչ պետական բյուջեի հաշվին իշխող քաղաքական ուժի կողմից և նրա օգտին տարեց ընտրողներին բաժանված ընտրակաշառք:

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image