Հայաստանի բարձրագույն իշխանությունները ոչինչ չեն խնայում երկիրը աշխարհի առջև խայտառակելու համար: Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ ԱԺ նախագահի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի թարգմանությունն ընդհատվեց, և ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը այդպես էլ նորմալ չթարգմանվեց։ ԱԺ ղեկավարությունն ու աշխատակազմը չէին կարողացել այս տարրական հարցը կարգավորել, որ նման բնույթի խնդիրներ չառաջանային։ Մյուսը, որ արդեն միջազգային կարգի սկանդալի վերածվեց` ՀՀ նախագահի աթոռին հայտնված Վահագն Խաչատուրյանի հերոսությունն էր, ով մեկնել էր մասնակցելու Անգլիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հրաժեշտի արարողությանը։ Եւ Խաչատուրյանը, որ թվում էր, թե լուրջ մարդ է, ոչ թե փողոցից իշխանության եկած սելֆի անող մանկամիտ նիկոլական, որոշել էր առիթը բաց չթողնել ու մեր դեսպանին հանձնարարել էր, որ իրեն հեռախոսով նկարի` թագուհու դագաղի ֆոնին։ Եւ սա այն դեպքում, երբ անգլացիաների սահմանած խիստ արարողակարգով կտրականապես արգելված էր լուսանկարվելը։
ՀՀ նախագահին հեռախոսով նկարողն էլ պատահական մեկը չէր՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանն էր, ով երկար տարիներ դիվանագիտական ծառայության մեջ է եւ թվում է` պետք է այդ տարրական բաներն իմանար։ Բրիտանական մամուլը՝ Daily Mail-ից սկսած, երկու օր է՝ թքում-մրում են Հայաստանն ու ՀՀ նախագահին, որը խախտել է բրիտանական արարողակարգը: Անգլիական մամուլը Վահագն Խաչատուրյանին ներկայացրել է որպես Վլադիմիր Պուտինի դաշնակից, գրել են, որ նա ժպտացել կամ ծիծաղել է սգո միջավայրում, աղմկել է, գոռգոռացել իր օգնականների վրա, երբ փորձում էին պալատի VIP մուտքը գտնել և այլն։ Սա իսկական միջազգային սկանդալի առիթ է դարձել` ՀՀ նախագահի պահվածքի պատճառով մի ամբողջ երկրի հեղինակություն է կասկածի տակ դրվել՝ ամոթալի վերնագրերով հրապարակումներ են հայտնվել միջազգային մամուլում։ Մի խոսքով՝ Վահագն Խաչատուրյան «խատառակել ռեսպուբլիկա»։
Մենք փորձեցինք նախագահի խորհրդական Տաթևիկ Կարապետյանից, որը Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է, մեկնաբանություն ստանալ Խաչատուրյանի պահվածքի առնչությամբ, սակայն վերջինս, տեղեկանալով, թե ինչ հարցով ենք իրեն զանգել, հանկարծ հիշեց, որ զբաղված է՝ այդ պահին չի կարող խոսել, ապա խոստացավ ավելի ուշ զանգել` պատասխանել մեր հարցերին, բայց որքան էլ դրանից հետո փորձեցինք իր հետ կապվել, այդպես էլ չարձագանքեց մեր զանգերին ու նամակներին։
Հայաստանի նախագահի այս վրիպումները հրաժարվեց մեկնաբանել նաև Հայաստանի նախկին երկու նախագահների՝ Սերժ Սարգսյանի և Արմեն Սարգսյանի արարողակարգի պետ Արմեն Գիչյանը, որը Ա. Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո դուրս եկավ նախագահականից, և հիմա երբեմն մասնակցում է ընդդիմության միտինգներին։ Նա ասաց․ «Կներեք, չեմ մեկնաբանում»։
Դիմեցինք նաև 2019 թվականին վարչապետի արարողակարգի պատասխանատռու Ալիկ Մխիթարյանին, բայց նա էլ, դեռ հարցը չլսած, ասաց՝ զբաղված է, հետո կզանգի, ու այդպես էլ չզանգահարեց։ Ակնհայտ էր, որ նախկինում արարողակարգի պատասխանատուները, որոնք կարող էին մեկնաբանել տեղի ունեցածը կամ չգիտեն՝ ինչ խոսքերով բնութագրել, կամ` խուսափում են մեկնաբանել, որովհետեւ խայտառակությունը մեծամասշտաբ է։
Փոխարենը մեր հարցերին պատասխանեց Ազգային ժողովի արարողակարգի վարչության նախկին պետ Արտակ Հովհաննիսյանը, որը նախ արձանագրեց, որ ԱԺ աշխատակազմի թերացումն ու բացթողումն էր, որ թարգմանության հետ կապված խնդիր է առաջացել, իսկ ՀՀ նախագահի կողմից թույլ տրվածը գնահատեց մեկ բառով․ «Խայտառակություն էր, ես ուրիշ բան չեմ կարող ասել»։
Ամբողջական հարցազրույցը` վաղը, «Հրապարակի» հերթական համարում։
ՀԳ․ Օրվա վերջում ՀՀ նախագահի խորհրդական Տաթեւիկ Կարապետյանը վերջապես կապ հաստատեց մեզ հետ եւ կարճ հաղորդագրությամբ տեղեկացրեց․ «Նախատեսվում է դեսպանի մեկնաբանությունը»։ Խոսքը դեսպան Վարուժան Ներսեսյանի մասին է։ Թե երբ է նախատեսվում՝ ՀՀ նախագահի խորհրդականը դժվարացավ պատասխանել։